ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 մարտի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 մարտի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղ. Ալեքսանդր Հովսեփյանի և այլոց դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղ. Ալեքսանդր Հովսեփյանը և այլոք դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի «խախտումից հետո» եզրույթը, այնքանով, որքանով դրանով նկատի է ունեցվում նորմատիվ ակտի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում դրա վիճարկման հնարավորությունը, անկախ նրանից, այդ նորմատիվ ակտը երբ է կիրառվել դա վիճարկող անձի նկատմամբ և խախտել նրա իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր,
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի «խախտումից հետո» եզրույթն այնքանով, որքանով դրանով նկատի է ունեցվել հենց խախտումից, այսինքն անձի նկատմամբ կիրառվելուց հետո այն վիճարկելու հնարավորությունը, ապա այդ դեպքում տվյալ նորմի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն այն մասին, որ «խախտումից հետո» եզրույթը վերաբերում է նորմի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասը, 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն այնքանով, որքանով դրանցով սահմանված ժամկետային սահմանափակումները վերաբերում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված պահանջներին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1- ին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ա) դիմողները վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը, չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ- 839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Բացի դրանից, դիմողները չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իրենց սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների «հակասահմանադրականության» միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.
բ/ դատական կազմը գտնում է, որ դիմումի ընդհանուր
տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Դատական կազմը գտնում է, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղ. Ալեքսանդր Հովսեփյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
20 մարտի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
