Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-312 փետրվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 փետրվարի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Արամ Հակոբյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Արամ Հակոբյանը 2018թ. հունվարի 24-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը կամ դատական իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջի կապակցությամբ կայացված որոշումը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկաե։

1. Դիմողը բերելով իր փաստարկները, նշում է, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից անձը պետք է հնարավորություն ունենա օգտվել նաև նախնական քննության ընթացքում արդարության պահանջների պահպանմամբ և ողջամիտ ժամկետում քննության իր իրավունքի խախտման դեպքում։ Դիմողը մատնանշում է, որ ընդհանուր իրավասության դատարանների կողմից ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն վիճարկվող դրույթն արգելափակում է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության կապակցությամբ կայացված որոշման դատական ստուգման հնարավորությունը։

Ըստ դիմողի վիճարկվող դրույթն այնքանով, որքանով չի երաշխավորում կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով չի ապահովում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթն ընդհանուր առմամբ սահմանում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվհետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները դատարան բողոքարկելու իրավունքը, սակայն չի հստակեցնում դատական պաշտպանության սահմանները և ծավալը, ինչի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում ստեղծվում է իրավական անորոշություն հնարավորություն տալով այն մեկնաբանել իրար հակասող եղանակներով։

2. ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «... և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմիցե դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված նաև «անգործությանըե վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը սահմանափակվել են մարդու դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներըե։

Վերոնշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանը կարևորել է նաև խնդրո առարկա գործով վիճարկվող նորմով կարգավորվող քրեադատավարական հարաբերությունների օբյեկտը արձանագրելով, մասնավորապես, որ «... քրեական գործերով մինչդատական վարույթում որպես դատական բողոքարկման անմիջական օբյեկտ /առարկա/ են հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, այսինքն այնպիսի որոշումներ ու գործողություններ, որպիսիք հատկապես մատնանշված են օրենսգրքի համապատասխան նորմերում։ Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը նվիրված 39-րդ գլխի 278 հոդվածը /որը վերաբերում է դատական վերահսկողության ոլորտին/ սահմանում է /մաս 2/, որ «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքներըե։

Նշվածին զուգահեռ, օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նաև հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի դատական բողոքարկման ենթակա լրացուցիչ այլ գործողություններ ու որոշումներ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ բաժնի «Քրեական գործով մինչդատական վարույթե հոդվածների, 290-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ օրենսգրքի վիճարկվող 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով մինչդատական վարույթում դատական բողոքարկման ենթակա են իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց այն որոշումները և գործողությունները, որպիսիք կայացվել են այդ սուբյեկտների օրենսգրքի 53, 55 և 56-րդ հոդվածներում նախատեսված իրենց ընդհանուր լիազորությունների շրջանակներում։ Իսկ օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես առանձնահատուկ իրավակարգավորում, սահմանում է, որ. «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները սույն օրենսգրքով նախատեսված դեպքերումե։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 20-րդ կետի համաձայն քննիչը լիազորված է լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները։ ՀՀ քրեական դատավարության «Միջնորդությունների և պահանջների քննության առնելու պարտադիր լինելըե վերտառությամբ 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ։ Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։ Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը դատական կարգով բողոքարկել է ոչ թե միջնորդության լուծման արդյունքում կայացված որոշումը, այլ միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշումը, որը, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների, չի մտնում մինչդատական վարույթում դատական բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի մեջ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Արամ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

12 փետրվարի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել