ԱՐՏՅՈՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 26 | ԱՐՏՅՈՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 ապրիլի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Արտյոմ Մելիքսեթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտյոմ Մելիքսեթյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 4-ին) խնդրելով. «1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով գործատուին թույլ է տալիս հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման որոշելու, թե մի քանի լրիվ նույնական հաստիքներից հատկապես որ հաստիքն է կրճատվելու, և, ըստ այդմ, հատկապես որ աշխատողի հետ է լուծվելու աշխատանքային պայմանագիրը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով գործատուին թույլ է տալիս հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման որոշելու, թե մի քանի լրիվ նույնական հաստիքներից հատկապես որ հաստիքն է կրճատվելու, և, ըստ այդմ, հատկապես որ աշխատողի հետ է լուծվելու աշխատանքային պայմանագիրը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Ըստ դիմողի «Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով հռչակված աշխատանքային իրավունքների համատեքստում ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով հռչակված խտրականության արգելքի սկզբունքը կանխորոշում է, որ գործատուն նույնական, այն է կոնկրետ մասնագիտական պատրաստվածություն և որակավորում չպահանջող և նույն աշխատանքը ենթադրող մի քանի հաստիքներից մեկը կրճատելուց առաջ պարտավոր է գործել բարեխիղճ և ողջամիտ չխախտելով այլ անձանց, տվյալ դեպքում կրճատվող հաստիքին ամրակցված աշխատողի օրինական շահը»: Դիմողը նաև նշում է, որ «(...) կոնկրետ մասնագիտական պատրաստվածություն և որակավորում չպահանջող և նույն աշխատանքը ենթադրող մի քանի հաստիքներից մեկը կրճատելուց առաջ գործատուն պարտավոր է հիմնավորել, որ նույնական հաստիքներից հատկապես կոնկրետ աշխատակցին ամրակցված հաստիքը կրճատելը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա է որոշակի օբյեկտիվ հիմք, որի հիման վրա կրճատվում է հատկապես կոնկրետ անձին ամրակցված նույնական հաստիքը»: Որպես վերոգրյալի հետևություն դիմողը պնդում է, որ «(...) այն դեպքում, երբ գործատուն կրճատում է մի քանի նույնական, այն է կոնկրետ մասնագիտական պատրաստվածություն ու որակավորում չպահանջող և նույն աշխատանքը ենթադրող հաստիքներից մեկը, սակայն հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման է որոշում, որ կրճատվում է կոնկրետ աշխատողին ամրակցված հաստիքը, և հենց այդ աշխատողի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, պետք է լուծվի աշխատանքային պայմանագիրը, ապա ստեղծվում է իրավիճակ, երբ աշխատանքից ազատվող աշխատակցի նկատմամբ գործատուի կողմից դրսևորվում է խտրականություն, այսինքն նույն կարգավիճակն ունեցող անձն իր վերաբերյալ դրսևորված տարբերակված մոտեցման հետևանքով, առանց օբյեկտիվ հիմքի, զրկվում է հնարավորությունից իրացնելու ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորվող իր աշխատանքային իրավունքները»: Ըստ դիմողի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը «(...) գործատուին թույլ է տալիս հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման որոշելու, թե մի քանի լրիվ նույնական հաստիքներից հատկապես որ հաստիքն է կրճատվելու, և, ըստ այդմ, հատկապես որ աշխատողի հետ է լուծվելու աշխատանքային պայմանագիրը»: Ողջ վերոգրյալով պայմանավորված դիմողը եզրահանգում է. «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը որոշակիորեն, այն է աշխատողի համար կանխատեսելիորեն չի սահմանում, թե հատկապես որ օբյեկտիվ հիմքի առկայությամբ է, որ կրճատվում է հատկապես իրեն ամրակցված հաստիքը, և, ըստ այդմ, հատկապես որ օբյեկտիվ հիմքի առկայությամբ է, որ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, պետք է լուծվի հատկապես իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Դիմողը բարձրացնում է վիճարկվող իրավակարգավորման հակասահմանադրականության հարց Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով վիճարկվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ առկա է Սահմանադրական դատարանի որոշում Սահմանադրական դատարանի 2010 թվականի հունիսի 1-ի ՍԴՈ-891 որոշումը: Նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել։ Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի ձևակերպումների և 113-րդ հոդվածի երրորդ մասում օգտագործված «եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում» և «գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում» բառակապակցությունների և դրանց բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը։ Ընդ որում, նշված ձևակերպումները և բառակապակցությունները գնահատման ենթակա ձևակերպումներ և բառակապակցություններ են։ Դրանք ենթակա են գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ելնելով տվյալ գործի բոլոր կոնկրետ փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից։ Գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս իրավիճակը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը, կոնկրետ դեպքում գործատուն, ցուցաբերել է կամայականություն»։ Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) ՀՀ վճռաբեկ դատարանը ելնելով իր սահմանադրաիրավական կարգավիճակից, հստակեցրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի երրորդ մասի բովանդակությունը ապահովելով ստորադաս դատարանների և մյուս իրավակիրառողների կողմից վիճարկվող դրույթների միատեսակ ընկալումը և կիրառումը»։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, և կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան հենց դատական քննության ընթացքում: Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, որոնց համաձայն վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, անհիմն են, իսկ դիմումի ընդունումը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների պահանջներին համապատասխան սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն անհատական դիմումով բարձրացվում է վիճարկվող իրավակարգավորման հակասահմանադրականության հարց Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի տեսանկյունից: Սահմանադրության 29-րդ հոդվածը, ամրագրելով խտրականության արգելքի սկզբունքը, սահմանում է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Ըստ էության, Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված են այն հիմքերը, որոնցով պայմանավորված տարբերակված մոտեցում ցուցաբերելն արգելվում է: Սակայն դիմումում դիմողը հստակ չի որոշակիացրել, թե վիճարկվող իրավադրույթի կիրառմամբ խտրականության արգելքն իր նկատմամբ ո՞ր հիմքի շրջանակում է խախտվել: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության և վիճարկվող իրավադրույթի կիրառմամբ դիմողի իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, որպիսի պայմաններում դիմումը համարվում է ակնհայտ անհիմն: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտյոմ Մելիքսեթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
22 ապրիլի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
