Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԻՐԱՆ ՇԱՄԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԻՐԱՆ ՇԱՄԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1618 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 ապրիլի 2024թ. ՍԴԴԿՈ - 16 | ՍԻՐԱՆ ՇԱՄԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 ապրիլի 2024թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Սիրան Շամամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սիրան Շամամյանի (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի ապրիլի 1-ին (փոստին է փոխանցվել 2024 թվականի մարտի 29-ին): Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/21353/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ձևակերպված չէ բավարար հստակությամբ և հնարավորություն չի տալիս դրա հասցեատերերին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթներով սահմանված պահանջներին:

Ըստ Դիմողի՝ «Ստացվում է, որ օրենսդրորեն ամրագրված չէ գործատուի կողմից Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունքը ծագելու պահից գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամկետներ և սահմանված չեն այն դեպքերը, երբ գործատուն նշված մասով աշխատանքային պայմանագիրը լուծելու հնարավորության վրա հասնելու պարագայում չի լուծում աշխատանքային պայմանագիրը և աշխատողը վերադառնում է աշխատանքի (...)»:

Դիմողը նշում է նաև, որ իր պարագայում ինքը մտածել է, որ եթե գործատուն իր անաշխատունակության 121-րդ օրը չի լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ուստի գործատուն, ըստ էության, ցանկացել է շարունակել իր հետ աշխատանքային հարաբերությունները, և Դիմողը, ելնելով այդ կանխավարկածից, սպասել է մինչև իր անաշխատունակության հիմքերը վերանան, վերադառնա աշխատանքի և փաստացի այդ ժամանակահատվածում չի փնտրել նոր աշխատանք:

Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի նման կարգավորումը գործատուին հնարավորություն է տալիս դրսևորել կամայական վարքագիծ, իսկ աշխատողին դնում է անորոշ վիճակի մեջ:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից` հաշվի առնելով, որ ինքը գործազուրկ է, ինչպես նաև հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և չունի բավարար միջոցներ Սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրք վճարելու համար: Ոստի՝ չունի պետական տուրքը վճարելու հնարավորություն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքի կամ ազատության խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ իր պնդմամբ Սահմանադրությանը հակասող նորմատիվ իրավական ակտի կիրառումը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքի կամ ազատության խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել այն դեպքում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգել է այն եզրակացության, որ`

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 63-րդ հոդվածով երաշխավորված՝ համապատասխանաբար աշխատանքի ընտրության ազատության, աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 57-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և իր վկայակոչած իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքին համապատասխանության հարցին` Սահմանադրական դատարանը նշում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման համար հիմք հանդիսացող օրենքի որակին առաջադրվող սահմանադրական պահանջ, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Այսինքն` Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված դրույթն ինքնին չի պարունակում սահմանադրական հիմնական իրավունք կամ ազատություն, այլ նման իրավունքի և ազատության սահմանափակմանն ուղղված օրենքի սահմանադրական պայման։

Հետևաբար՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ իր որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման հանգեցնելու հիմնավորումների բացակայությունը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից՝ նման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Սիրան Շամամյանի` պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Սիրան Շամամյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

18 ապրիլի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել