««Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-104)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 104 | ««Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. « Հայաստանի Հանրապետության 1, 3, 6, 11 և 59, 10 և 60, 75, 78, 79 ու 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական» ՀՕ-233-Ն օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի «գույք» եզրույթն այնքանով, որքանով այն չի ներառում գրավադրված գույքը` որպես բիզնես և/կամ չի ներառում գույքի ակտիվները: և/կամ
Հայաստանի Հանրապետության 1, 3, 6, 11 և 59, 10 և 60, 75, 78, 79 ու 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական» ՀՕ-233-Ն օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերն իրավակիրառական պրակտիկայում դրանց այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի գրավառուն պարտավոր չէ գրավադրված գույքը դիտարկել որպես բիզնես կամ հաշվի առնել գույքի ակտիվները»։
2. Ներկայացնելով թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ վիճարկվող կարգավորմամբ ամրագրված «գույք» եզրույթը բավարար չափով որոշակի չէ, և համապատասխան իրավահարաբերության մասնակիցները, իրավակիրառողները լիարժեք չեն կարող կանխատեսել, ընկալել վիճարկվող կարգավորման սահմանադրաիրավական բովանդակությունը, իրավահարաբերության մասնակիցները չեն կարող ըմբռնել իրենցից ակնկալվող վարքագծի բնույթը և, ըստ այդմ` իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրական գործող պահանջներին: Դիմողը գտնում է, որ դատական մեկնաբանմամբ հաղթահարելի չէ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներում առկա իրավական անորոշությունը: Դիմողի պնդմամբ կարգավորումների բացակայության, անորոշության մասով դրանք հակասահմանադրական են, այսինքն` պարունակում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանությամբ չհաղթահարվող իրավական բաց, անորոշություն, քանի որ չեն ապահովում տնտեսական գործունեության ազատության, գույքից անարգել օգտվելու (սեփականության) իրավունքի պատշաճ կենսագործումը: Դիմողը նշում է, որ եթե Սահմանադրական դատարանը կեզրահանգի, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների իրավակարգավորումները չեն հակասում կամ ապահովում են տնտեսական գործունեության ազատության, գույքից անարգել օգտվելու (սեփականության) իրավունքի և վերոգրյալ այլ սկզբունքները, ապա իրավակիրառ պրակտիկան խնդրո առարկա դրույթներին հաղորդել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող իմաստ: Ըստ Դիմողի թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի վիճարկվող դրույթները, իրավակիրառ պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանությամբ հանդերձ, հակասում են Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, 10, 11, 59 և 60-րդ հոդվածներին: Դիմողը պնդում է, որ տվյալ դեպքում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները, եզրույթն այնքան անորոշ են ձևակերպված, որ ստեղծում են հայեցողության լայն կամայական մեկնաբանության հնարավորություն, որը կարող է ստեղծել միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ: Հավելելով Դիմողը նշում է, որ վեճի առարկա դրույթներում, եզրույթներում առկա է իրավական անորոշություն, իրավական բաց, որը չի սահմանափակվում որևէ սկզբունքով, չափանիշով կամ չափորոշիչով, որոնք և՛ իրավակիրառողին, և՛ դատավորներին հնարավորություն կտային կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը, իրավահարաբերության մեջ մտնելու իրավական հետևանքը: Ըստ Դիմողի նման կարգավորման արդյունքում իրավակիրառողը ձեռք է բերում հայեցողության լայն հնարավորություն, որը չի ապահովում կամայականության դեմ արդյունավետ երաշխիք առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների խախտում դրանով իսկ սահմանափակելով մարդու իրավունքները: Դիմողը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների անհստակ, ոչ որոշակի ձևակերպված լինելը` «օրենքի որակին» ներկայացվող պահանջներին չբավարարելը, հակասում է Սահմանադրության 1-ին, 3 և 75-րդ հոդվածներին: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի անորոշ ձևակերպման, «գույք» եզրույթի բովանդակության չհստակեցման պայմաններում ոչ միայն չեն երաշխավորվում և ապահովվում Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, եզրահանգումներով հետապնդվող նպատակները (սեփականության իրավունքի պաշտպանություն, գրավառուի և գրավատուի շահերի ողջամիտ հավասարակշռում և այլն), այլ նաև անհամաչափորեն սահմանափակվում է անձի, տվյալ դեպքում գրավատուի սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքն այն առումով, որ գույքն իր սեփականություն ընդունելու պահին գրավառուն պարտականություն չի կրում հաշվի առնել տնտեսական գործունեության արդյունքում այդ գույքի «ակտիվները», հետևաբար դրա գրավատուի սեփականությանը հանձնելու վերադարձման ենթակա գումարի չափը: Եզրափակելով Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի անորոշությունը և կամ իրավական բացը համահունչ չէ Սահմանադրությամբ ամրագրված անձի սեփականության իրավունքի երաշխիքներին, քանի որ նման պայմաններում գրավատուն իր համար անկանխատեսելի զրկվում է գրավառուին սեփականությանն անցած գույքի հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող և իր սեփականությունը հանդիսացող գումարը (դրա նկատմամբ գրավատուն օժտված է լեգիտիմ ակնկալիքի իրավունքով) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից: Դիմողը 2023 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումը նոր ենթակետով լրացնելու մասին դիմումով Սահմանադրական դատարան է ուղարկվել 2023 թվականի օգոստոսի 4-ին նաև նշում է, որ տվյալ դիմումի հիմքում ընկած գործով ձևավորված դատական մեկնաբանությունը, իրավակիրառ պրակտիկան սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին հաղորդել են այնպիսի իմաստ, որ վարկատու-գրավառու կազմակերպությանն իրավունք է վերապահում հաշվի չառնել վարկառու-գրավատու կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքում այդ գույքի «ակտիվները», և որպես հետևանք գրավատուի սեփականությանը հանձնելու վերադարձման ենթակա գումարի չափը կարող է անհամաչափ փոքր լինել:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Դիմողի կողմից բարձրացված վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և իր համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը եզրահանգում է. Այսպես Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով իր արտահայտած իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը: Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ, զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները, գտել է.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ նորմատիվ իրավակարգավորման բացի հաղթահարումը գտնվում է օրենսդիր իշխանության իրավասության տիրույթում։ Այդպիսի բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ միայն այն պարագայում, եթե օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ նման երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցին Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Սահմանադրական դատարանը 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» ընդգծումը Սահմանադրական դատարանի: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova, Application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. «(...) որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է» ընդգծումը Սահմանադրական դատարանի: Իր մեկ այլ 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում» ընդգծումը Սահմանադրական դատարանի: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սույն անհատական դիմումի շրջանակում Դիմողի կողմից բարձրացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված գույք» եզրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավական անորոշության խնդիր: Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ վիճարկվող դրույթով սահմանված գույք» եզրույթն ինքնին ինքնաբավ չէ և վերջինիս բովանդակությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթակա է բացահայտման և գնահատման դատական պրակտիկայում ելնելով համապատասխան գործի փաստական հանգամանքներից և առանձնահատկություններից: Այսպես թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում դատարանները գնահատել են գույք» եզրույթը հաշվի առնելով տվյալ գործում առկա 2010 թվականի հունիսի 10-ին կնքված գրավի պայմանագրի բովանդակությունը, համապատասխան փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև գործի հիմքում դրված և վերաբերելի այլ ապացույցներ: Ընդ որում թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում քննության առարկա իրավահարաբերությունների բնույթից, այդ թվում վիճարկվող նորմի բովանդակությունից, բխում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործի շրջանակում գույք» եզրույթի բովանդակությունը և դրանից բխող իրավական հետևանքները ենթակա են գնահատման ելնելով հենց տվյալ գործի առանձնահատկություններից, մասնավորապես գործում առկա և վերաբերելի ապացույցներից, այդ թվում պայմանագրերից, փորձագետի եզրակացություններից և այլ ապացույցներից: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի հիմքը, ըստ էության, պայմանագրային իրավահարաբերություններն են, մասնավորապես 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագիրը, թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, ինչպես նաև դրանց հիման վրա ծագած իրավահարաբերությունները: Սույն գործով առկա է նաև 2018 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված թիվ 46681807 եզրակացությունը, ինչպես նաև այլ ապացույցներ: Վերոգրյալ ապացույցների գնահատման արդյունքում էլ դատարաններն արտահայտել են իրենց դիրքորոշումը քննարկվող համատեքստում գույք» եզրույթի և դրանից բխող իրավական հետևանքների վերաբերյալ, որոնք վերաբերելի են միայն տվյալ գործին: Հետևաբար Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործի շրջանակում առկա չեն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտային ստեղծված իրավիճակը դիտարկել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա «օրենսդրական բաց» եզրույթի ներքո։ Ավելին գույք» եզրույթը և վերջինիս բովանդակությունը ենթակա են բացահայտման դատական պրակտիկայում ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից: Ինչ վերաբերում է Դիմողի այն դիրքորոշմանը, համաձայն որի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով գրավառուն պարտավոր չէ գրավադրված գույքը դիտարկել որպես բիզնես կամ հաշվի առնել գույքի ակտիվները, ապա այդ կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը. Թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում դատարանների դիրքորոշումների և եզրահանգումների հիմքում ընկած են եղել հենց տվյալ գործի շրջանակում առկա վերաբերելի ապացույցները, այդ թվում կապված գույք» եզրույթի բովանդակության բացահայտման հետ: Ուստի դրանք բացառապես վերաբերում են տվյալ գործին և չեն կարող դիտարկվել որպես վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված ընդհանուր մեկնաբանություն: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար տնտեսական գործունեության ազատության և սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար և տվյալ խախտման փաստի և Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած Դիմողն իր դիմումի խնդրամասում չի ներառել, սակայն հիմնավորումների հատվածում վկայակոչել է պնդում առ այն, որ Եթե Սահմանադրական դատարանը կհանգի եզրակացության, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների իրավակարգավորումները չեն հակասում կամ ապահովում են տնտեսական գործունեության ազատության, գույքից անարգել օգտվելու (սեփականության) իրավունքի և վերոգրյալ այլ սկզբունքները, ապա կարծում ենք իրավակիրառական պրակտիկան խնդրո առարկա դրույթներին հաղորդել է ՀՀ Սահմանադրության 61, 63-րդ հոդվածներին հակասող իմաստ»: Դիմողի վերոգրյալ դիրքորոշման հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին հակասելու կապակցությամբ Դիմողը սահմանափակվել է նման պնդման պարզապես վկայակոչմամբ չներկայացնելով հիմնավորումներ առ այն, թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ինչպե՞ս, ի՞նչ եղանակով է հանգեցրել իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման: Այլ կերպ ասած Դիմողը սահմանափակվել է միայն վերոնշյալ պնդման վկայակոչմամբ և չի անդրադարձել դրան իր դիմումի հիմնավորումների այլ հատվածներում, ինչպես նաև չի ներառել այն դիմումի խնդրամասում: Ուստի այս առումով ևս Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում նաև Դիմողի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար և տվյալ խախտման փաստի և Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 1-ին, 3, 6, 10 և 11-րդ հոդվածներին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք ամրագրված են Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման։ Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Հետևաբար սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը Սահմանադրության 59, 60, 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար և 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ուստի դիմումն ակնհայտ անհիմն է։ Վերոշարադրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 3.2. Դիմողի կողմից բարձրացված վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սամանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Քննարկվող համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը: Այսպիսով, անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառված լինելը: Այսպես Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի փետրվարի 3-ի որոշումը, հետևաբար սույն անհատական դիմումի շրջանակում հիմք են ընդունվում հենց տվյալ գործով կայացված դատական ակտերը։ Սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասը չի կիրառվել վերջինիս նկատմամբ: Ավելին թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում առկա չէ որևէ տեղեկատվություն գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը գրավառուի պահանջները բավարարելու համար բավարար չլինելու և պակաս գումարը պարտապանի այլ գույքից ստանալու վերաբերյալ: Վերոգրյալի, ինչպես նաև դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի իր նկատմամբ կիրառված լինելը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում հարկ է արձանագրել, որ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես Դիմողի կողմից վիճարկվող դրույթը սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործի շրջանակում չի կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
12 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-104
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-104
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
