ԱՐՄԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 12 | ԱՐՄԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 մարտի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով Արմինե Մնացականյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմինե Մնացականյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի փետրվարի 4-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«I մասում նշված փաստերի հիման վրա որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ «Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է» ի պաշտոնե («ex officio»), և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը:
(...)
II մասում նշված փաստերի հիման վրա որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ «Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում և, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է», և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը:
(...)
III մասում նշված փաստերի հիման վրա որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ «Դատարանը անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ և հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ», և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը:
(...)
Որոշել ՀՀ ներկա պահին գործող Օրենսդրության բացերի համապատասխան ընթացակարգերի ընդունման անհրաժեշտությունը, որոնք խոչընդոտ կհանդիսանան Դատարանների՝ սույն Անհատական դիմումի IV մասում նշված գործառույթների ընթացքում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտումների համար»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/9955/05/19 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Բժշկասոցիալական մասնագիտական գիտելիքներ պահանջող եզրակացություն կատարելով, Դատավորը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, խախտելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը (...)»:
Դիմողը, ելնելով Վերաքննիչ վարչական դատարանի մեկնաբանությունների տրամաբանությունից, գտնում է, որ Վարչական դատարանի՝ գործը քննած դատավորի պաշտոնական լիազորությունների՝ իր կողմից պնդվող չարաշահումների համար հիմք կարող էր լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի ձևակերպումը, քանի որ այն չի հստակեցնում «ի պաշտոնե» կատարվող գործառույթների սահմանները:
Ըստ Դիմողի՝ Վարչական դատարանի դատավորը հրաժարվել է ընդունել և ուսումնասիրել ախտորոշումների մեջ արձանագրված անհամապատասխանության փաստերը՝ 2022 թվականի օգոստոսի 9-ի վճռում նշելով, որ «(...) Դատարանը բժշկական ոլորտի գիտելիքներ ունեցող մասնագետ չէ (...)»: Հավելելով՝ Դիմողը նշում է հետևյալը. «(...) ստացվում է, որ մի կողմից Դատավորին հատուկ բժշկական գիտելիքներ են պետք 1 (մեկ) և 2 (երկու) բնական թվերի տարբերությունը ընկալելու համար: Սակայն, մյուս կողմից, բժշկական ոլորտի գիտելիքներ չունեցող Դատավորը՝ նույն վճռում, 06.06.2019թ. «Աստղիկ» ԲԿ-ի բժշկական էպիկրիզի հիման վրա իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննություն, սահմանում է բժշկասոցիալական եզրակացություն, իսկ 14.09.2020թ. Որոշման մեջ դատաբժիշկների պարզաբանման համար կազմում է հարցեր, տարանջատելով օրգանիզմի հ/շ-ան ֆունկցիաների վրա ազդող գործոնները և գնահատելով դրանց կարևորությունը»:
Միաժամանակ, Դիմողը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը, նշում է, որ «Հավանաբար, այդ տրամաբանությամբ է պայմանավորված այն փաստը, որ 30.09.2022թ. վերաքննիչ բողոքում սույն հարցով մատնանշված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետի և 151-րդ հոդվածի 1-ին ենթակետի խախտումները, 08.01.2024թ. Որոշումով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարար հիմք չի համարել Հայցվորի վերաքննիչ բողոքի պահանջը բավարարելու համար»:
Ըստ Դիմողի՝ Վարչական դատարանը 14.09.2020 թ. որոշման մեջ «(...) մատնանշել է կոնկրետ ժամանակահատվածում՝ (30.05.2019թ.) Հայցվորի առողջական հանգամանքներին վերաբերվող դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը և Հայցվորի կողմից ստացել է անցյալ ժամանակի (30.05.2019թ.)՝ փաստական տվյալների դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու համաձայնությունը: Հետևաբար, թիվ 20-0022վ 25. XII. 2020թ. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գրության՝ Հայցվորի հայցապահանջի հաշմանդամության ժամանակահատվածից՝ 01.07.2019-01.07.2020թթ անց,՝ 14.01.2021թ. Հայցվորի ներկա պահի բժշկական տվյալների ստացման և փորձաքննման դատաբժիշկների պահանջը. «...համապատասխան հետազոտությունների իրականացման նպատակով անհրաժեշտ է 14.01.2021թ. ժամը 11:00-ին ներկայանալ...», հակաօրինական է: Սույն հարցով Վարչական դատարանի անգործության հետևանքով խախտվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված Հայցվորի հիմնական իրավունքները»:
Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է անհատական դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որով Սահմանադրական դատարանին խնդրել է հարգելի համարել անհատական դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ՎԴ/9955/05/19 վարչական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը կայացվել է (օրինական ուժի մեջ է մտել) 2024 թվականի հուլիսի 3-ին, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2024 թվականի հուլիսի 4-ից:
Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից, որի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, ինչպես նաև նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը.
սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետի վերջին օրը եղել է 2025 թվականի հունվարի 4-ը, սակայն, հաշվի առնելով, որ տվյալ օրը, ինչպես նաև դրան հաջորդող երկու օրերը եղել են ոչ աշխատանքային, վեցամսյա ժամկետը լրացել է 2025 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի փետրվարի 4-ին, ընդ որում՝ այն Դիմողի կողմից փոստային ծառայությանն է հանձնվել 2025 թվականի փետրվարի 2-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից իր անհատական դիմումին կից ներկայացված՝ անհատական դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից ժամկետի բացթողումը հարգելի համարելու իրավական հնարավորության գոյություն չունի:
Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է նաև, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրված է Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը, այն է՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահը: Ընդ որում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ, հետևաբար` սույն գործի շրջանակներում Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը սկսել է հոսել Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման կայացմանը (օրինական ուժի մեջ մտնելուն) հաջորդող օրվանից («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն)՝ ավարտվելով 2025 թվականի հունվարի 7-ին:
Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմինե Մնացականյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
19 մարտի 2025 թվականի
ՍԴԴԿՈ–12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
