«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 ապրիլի 2025թ. ՍԴԴԿՈ - 21 | «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 ապրիլի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան, Արգիշտի Մեսրոպյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 8-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Որոշել մինչև 2023 թվականի հունիսի 09-ը գործող խմբագրությամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերին, ինչպես նաև 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/7447/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ օրենսդիրը չի մասնավորեցրել և չի հստակեցրել վիճարկվող՝ մինչև 2023 թվականի հունիսի 9-ը գործող խմբագրությամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի իմաստով նախատեսվող գործունեության իրականացման դրսևորման այն կոնկրետ ձևը, որի իրականացման դեպքում այն կհամարվի գնահատման և փորձաքննության ենթակա գործունեություն:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ չսահմանելով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված նախատեսվող գործունեության այն կոնկրետ դրսևորումը, որի առկայության պարագայում նախատեսվող տվյալ գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության՝ առաջացել է մի իրավիճակ, երբ համապատասխան սուբյեկտը՝ տվյալ իրավադրույթի պոտենցիալ կամ իրական հասցեատերը, զրկվել է օրենքով իրեն ներկայացվող պահանջի բովանդակությունը և իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, որը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից, մասնավորապես՝ մասնավոր անձանց համար իրենց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում երկիմաստություն է առաջացել:
Դիմողն ընդգծում է, որ օրենսդիրը 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված և նույն թվականի հունիսի 9-ին ուժի մեջ մտած՝ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն օրենքով կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով հստակեցրել է քննարկվող իրավանորմը, հստակ սահմանել է նախատեսվող այն գործունեությունը, որը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության՝ ամրագրելով, որ տվյալ գործունեությունը դրսևորվում է միայն էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ և նախատեսել է միայն 500 մետրից ավելի երկարությամբ 110 կՎ-ից մինչև 500 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի կառուցումը՝ որպես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեություն:
Ըստ Դիմողի՝ վերոգրյալ՝ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն օրենքով կատարված փոփոխությունները պայմանավորված չեն եղել օրենսդրի դիրքորոշման և մտադրության փոփոխմամբ, այլ վերջինս դրանով հետապնդել է տարակարծություններից խուսափելու համար քննարկվող նորմի հստակեցման նպատակ՝ գուցե հաշվի առնելով նաև իր գործը և դրա շրջանակներում առաջացած ողջամիտ տարընկալումները:
Դիմողը գտնում է, որ Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը հստակ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, որի արդյունքում նորմատիվ պատվիրանի պոտենցիալ կամ իրական հասցեատերերին հնարավորություն չի տրվում ընկալել վիճարկվող իրավադրույթի բովանդակությունը, կիրառման շրջանակը և դրանով ակնկալվող իրավաչափ վարքագծի բնույթը:
Միաժամանակ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի ոչ հստակ կարգավորված լինելու փաստով պայմանավորված՝ վերջինս կրել է նախատեսվող այնպիսի գործունեության մասով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննություն իրականացնելու պարտականություն, որի անհրաժեշտությունը բացակայել է։
Բացի դրանից, Դիմողը նշել է, որ վիճարկվող դրույթի հետևանքով վերջինս կրել է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման համար պետական տուրք վճարելու պարտականություն՝ կրելով վնաս։
Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում Սահմանադրության 78, 79 և 80-րդ հոդվածներին, ինչի հետևանքով խախտվել են իր՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատությունը և սեփականության իրավունքը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։
Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:
Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողն ըստ էության վիճարկում է դատարանների կողմից թիվ ՎԴ/7447/05/21 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի և վերջիններիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:
Մասնավորապես՝ վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.
- «(...) վիճարկվող՝ մինչև 2023 թվականի հունիսի 09-ը գործող խմբագրությամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի ոչ հստակ կարգավորված լինելու փաստով պայմանավորված Դիմողը կրել է իր նախատեսվող այնպիսի գործունեության մասով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննություն իրականացնելու պարտականություն, որի անհրաժեշտությունը բացակայել է»,
- «(...) Ընկերությունը վիճարկվող, իրավական որոշակիությանը չբավարարող նորմի՝ մինչև 2023 թվականի հունիսի 09-ը գործող խմբագրությամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի հետևանքով կրել է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման համար պետական տուրք վճարելու պարտականություն, այսինքն՝ Ընկերությունը կրել է վնաս, և նաև այդ առումով են Ընկերության իրավունքները խախտվել»:
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի բարձրացրած խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՎԴ/7447/05/21 վարչական գործի շրջանակներում դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի՝ գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝
Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
22 ապրիլի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
