Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-820 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 8 | ՀԱՅԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 հունվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Հայկ Թովմասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հայկ Թովմասյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 29-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման և վերստին ներկայացվել է 2026 թվականի հունվարի 13-ին (փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի հունվարի 7-ին), որով Դիմողը խնդրել է.

«(...) ճանաչել, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի այն մեկնաբանությունը և կիրառումը, որով դատարանները, այդ թվում վճռաբեկ դատարան, թույլատրել են մեղադրական դատական ակտի հիմնավորումը փորձագիտական եզրակացության վրա՝ կազմված առանց դեպքի վայրի զննության և գործի նյութերի լիարժեք ուսումնասիրության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների զննման, հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին»։

Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 23-ը ներառյալ:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԳԴ4/0013/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ նշված քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին:

Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ մեղադրանքը հիմնվել է փորձագիտական եզրակացության վրա, որի դեպքում իր գործով իրականացված փորձաքննությունը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական իրավունքին, մասնավորապես՝ փորձագետը չի եղել դեպքի վայրում, վթարված ավտոմեքենաները չեն զննվել փորձագետի կողմից, փորձաքննության ժամանակ փորձագետը չի ունեցել քրեական գործի նյութերը, փորձաքննությունն իրականացվել է բացառապես քննիչի որոշման հիման վրա, ՀՀ դատարանները տվյալ փորձագիտական եզրակացությունը չեն գնահատել քննադատորեն՝ այն ընդունելով որպես բավարար և որոշիչ ապացույց, բացի դրանից՝ փորձագետը չի ունեցել դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դեպքի վայրի լուսանկարները և համապատասխան ցուցմունքները։

Դիմողը նշում է. «(…) քննիչի կողմից կայացվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որոշման մեջ քննիչ Ավետիսյանը բառացի գրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ես հաշվի չեմ առել ճանապարհի սառցակալած լինելու հանգամանքը։ Այսինքը քննիչ Ավետիսյանը արդեն, իսկ խախտել է արդարացի նախաքննության իմ իրավունքը, իսկ փորձագետը եզրակացությունը տվել է բացառապես քննիչի որոշման հիման վրա, բացի այդ փորձաքննության քննիչը մասնակից է դարձրել վերջիներիս պաշտպանին, իսկ ինձ նշվածի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել, և չի տեղեկացրել, ինչով ևս խախտվել է իմ սահմանադրական իրավունքները, նախաքննության ընթացքում ճանապարհի սառցապատ լինելու վերաբերյալ որևէ իրավական փաստ կամ ապացույց չկա, որ ես այն նկատել եմ և չէր կարող լինել քանի որ նշված հատվածը հնարավոր չի նկատել»:

Ըստ Դիմողի՝ վթարի պատճառների պարզումը պահանջել է մասնագիտական և տեխնիկական համալիր գնահատում, ինչը փորձաքննությամբ չի ապահովվել:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկելով նախկին Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանությունը, բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներով ամրագրված համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությանը) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ:

Ավելին՝ սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի դիրքորոշումներն առավելապես վերաբերում են համապատասխան քրեական գործի շրջանակներում քննիչի և խնդրո առարկա փորձաքննությունն իրականացրած փորձագետի ենթադրյալ հակաիրավական գործողություններին (անգործությանը):

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում նախկին Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Ուստի՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հայկ Թովմասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

20 հունվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել