Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՍՈՒՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՍՈՒՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-506 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 50 | ՍԱՍՈՒՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 օգոստոսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Սասուն Օհանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սասուն Օհանյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 26-ին) խնդրել է հետևյալը. «ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածն այնքանով, որքանով այն չի պահանջում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման բավարար պատճառաբանվածություն»։

2. Դիմողը նշում է, որ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասից տեսանելի չէ, թե վճռաբեկ բողոքում ներկայացված այն վարույթ ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորող հիմքերից յուրաքանչյուրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն ինչ եզրահանգման է եկել, ինչ պատճառաբանությամբ և ինչ չափանիշով է յուրաքանչյուր հիմքը համարել ոչ բավարար դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության ու այդ խախտմամբ իրավունքի բուն էության խաթարումը հիմնավորված համարելու տեսանկյունից: Դիմողի կարծիքով նման իրավիճակում վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցողը չի կարող բավարար որոշակիությամբ պատկերացում կազմել, թե ինչպիսի վարքագիծ է պետք դրսևորել վճռաբեկ բողոք ներկայացնելիս արդարադատության իրականացման կանխատեսելի ակնկալիք ունենալու համար, քանի որ ցանկացած վճռաբեկ բողոքի ընդունումն առանց պատշաճ հիմնավորման և պատճառաբանության կարող է մերժվել այն պնդմամբ, թե Վճռաբեկ դատարանը բավարար չի գտել բողոքում շարադրված հիմնավորումները: Ըստ դիմողի ցանկացած պարագայում օգտվելով իր այդ հայեցողական լիազորությունից դատարանը կարող է պրակտիկայում կամայական վերաբերմունք ցուցաբերել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում, քանի որ որևէ կերպ կաշկանդված չէ հիմնավորելու իր կողմից այս կամ այն բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը: Դիմողի եզրահանգմամբ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանված չլինելու հետևանքով մի շարք քաղաքացիներ, այդ թվում դիմողը, անհիմն զրկվում են իրենց նկատմամբ կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով վերանայման հնարավորությունից:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Այսպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներում բացահայտվում են դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության բովանդակությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմի ուսումնասիրությունից բխում է, որ այն նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջից որևէ բացառություն չի նախատեսում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, ինչը լիովին տեղավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների» բառակապակցության բովանդակային ծավալում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումների առկայությունը հերքում են Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման պատճառաբանվածության պարտադիր պահանջի բացակայության և դրա արդյունքում դիմողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմողի փաստարկները: Տվյալ դեպքում դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի կողմից այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ դեպքում «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացնելիս օրենքով սահմանված պահանջները պահպանած լինելու հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵ Ց.

Սասուն Օհանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

6 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-50

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-50
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել