Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6124 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 61 | «ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 նոյեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով «ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՁ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՁ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գագիկ Գրիգորյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 7-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 79-րդ հոդվածի դրույթներին հակասող և անվավեր ճանաչել [ՀՀ վարչական դատավարության] Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի, 88-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 72-րդ հոդվածի կայուն դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը կամ այդ նորմերն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդության ներկայացման ժամանակ այդ փոփոխությամբ ներկայացվող հայցատեսակով հայցի ներկայացման Օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանվածության հարցը չի դիտվում որպես հայցի առարկայի փոփոխության թույլատրելիության պայման կամ չի ստուգվում և դրանով չի պայմանավորվում հայցի առարկայի փոփոխության թույլատրելիության հարցը»։

2. Ներկայացնելով թիվ ՎԴ6/0121/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթների կապակցությամբ ձևավորվել է կայուն դատական պրակտիկա, համաձայն որի՝ Վարչական դատարանը հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը լուծում է անկախ այդ փոփոխությամբ ներկայացվող հայցատեսակով հայցի ներկայացման ժամկետի պահպանվածության հարցի լուծումից և/կամ դրանից առաջ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների կապակցությամբ ձևավորված կայուն դատական պրակտիկան և այդ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը կամ դրանք՝ համապատասխան մեկնաբանությամբ հակասում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, ինչպես նաև 79-րդ հոդվածին:

Դիմողը պնդում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված ժամկետների պահպանվածության հարցի լուծումը հայցի առարկայի փոփոխության թույլատրելիության պայման չդիտելը կամ այդ թույլատրելիությունը նաև դրանով չպայմանավորելը ստեղծում է մի դատավարական իրավիճակ, որում հայցվորը հայտնվում է իրավական անորոշության մեջ, քանի որ Վարչական դատարանը մերժում է նույն հոդվածով նախատեսված ժամկետների բաց թողնման պատճառները հարգելի համարելու միջնորդությունը, այլ կերպ ասած՝ գտնում, որ հայցի առարկայի փոփոխության ձևով ներկայացվող հայցատեսակով հայցը թույլատրելի չէ քննության, սակայն հայցի առարկայի փոփոխության թույլատրմամբ թույլատրում է այն քննության, որից հետո միայն, գործնականում, ամիսներ անց կարճում է գործի վարույթը: Մինչդեռ ըստ Դիմողի` նշված իրավիճակում հայցվորը չի ունենում հայցի առարկայի փոփոխության ձևով ներկայացվող հայցատեսակով հայցի ներկայացման դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավական և փաստական շահագրգռվածություն, իսկ արդեն բողոքարկման ժամկետն ավարտվելուց հետո՝ գործի վարույթը կարճելու ժամանակ, հայցվորն այլևս չի ունենում նշված որոշումը բողոքարկելու իրավական հնարավորություն։

Դիմողը նշում է, որ վիճելի մոտեցումն առաջացնում է իրավական անորոշություն, հայցի տվյալ փոփոխության թույլատրման որոշումը դառնում է անորոշ և վստահության ոչ արժանի։ Մինչդեռ ըստ Դիմողի` հայցվորը դրան վստահելու իրավունք ունի, և այն պետք է լիներ վստահելի՝ ունենալով դատական ակտին հատուկ հատկանիշները՝ միջանկյալ դատական ակտին հատուկ չափով։ Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ Վարչական դատարանի վարքագիծը հայցվորի համար դառնում է հակասական և անկանխատեսելի, քանի որ նման հայցի փոփոխությունը թույլատրելու և հետո համապատասխան գործի վարույթը կարճելու մեջ որևէ տրամաբանություն չկա այն պայմաններում, երբ դատարանն առանց վտանգելու որևէ իրավական արժեք, շահ կամ իրավունք կարող է մերժել հայցի փոփոխման թույլատրումը, քանի որ հայցի նման փոփոխությամբ հայցվորը ներկայացնում է համապատասխան հայցատեսակով հայց, որի անթույլատրելիության հիմքի առկայության դեպքում այն չպետք է թույլատրվի։

3. Ելնելով դիմումի և թիվ ՎԴ6/0121/05/23 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի, 72-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 88-րդ հոդվածի (կայուն դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է նշված դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Փաստորեն, Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ6/0121/05/23 վարչական գործով և ընդհանրապես, Դիմողի պնդմամբ, կայուն դատական պրակտիկային, որը դատական բոլոր ատյանների կողմից՝ սույն գործի քննության առարկա հանդիսացած համապատասխան նորմերին տրված միասնական մեկնաբանման արդյունք է։

Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չներկայացնելով, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում դատարանների գործողություններին և նրանց կողմից կայացված դատական ակտերին:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՁ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

24 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել