Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6713 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 67 | ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Արմեն Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Հարությունյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հակոբ Ջհանգիրյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 3-ին), խնդրել է հետևյալը.

«1. Ճանաչել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 214-րդ հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, nր այն դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցած անձը վիճարկում է իր նկատմամբ ընդունված աշխատանքից ազատման հրամանի իրավաչափությունը, նման պահանջի առկայությունն ինքնին ենթադրում է, որ անձը վիճարկում է ազատման հրամանի փաստական և իրավական հիմքերի առկայությունը /բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անձը դատավարական փաստաթղթով, հայտարարությամբ կամ այլ դատավարական գործողությունների շրջանակում ընդունում է ազատման հրամանի որևէ փաստական կամ իրավական հիմք/, և դրանով պայմանավորված էլ դատարանը պետք է ի պաշտոնե պարզի, այն է՝ ներկայացված ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում հաստատի ազատման հրամանի փաստական և իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։

2. ճանաչել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը և 397-րդ հոդվածի 1-ին մասը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը /փաստարկները/ մասամբ հիմնավոր լինելու դեպքում վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը ենթակա է մերժման»:

2. Դիմողը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, նշում է, որ օրենսդիրը հստակորեն սահմանել է դատարանի պարտականությունը՝ անվավեր ճանաչելու, ի թիվս այլնի, հանրային կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու վերաբերյալ այն անհատական իրավական ակտերը, որոնցում բացակայում է իրավական կամ փաստական հիմքի հստակ նշումը։ Այսինքն՝ օրենսդիրը ոչ թե լրացուցիչ պարտականություն է դնում գործատուի վրա, այլ հենց դատարանին է պարտադրում, որ անվավեր ճանաչի այնպիսի անհատական իրավական ակտը, որը չի պարունակում, ի թիվս այլնի, ծառայությունից ազատման իրավական կամ փաստական հիմքի հստակ նշում։ Այլ կերպ ասած՝ անկախ այն հանգամանքից, թե դատավարության ընթացքում կողմերից որևէ մեկը հիմնավորում է, թե՝ ոչ, ծառայությունից ազատման իրավական հիմքով նախատեսված փաստերի առկայությունը, և անկախ նրանից, թե պատասխանող կողմը հետագայում իր դիրքորոշումներում պարզաբանում է, թե՝ ոչ, հրամանի փաստական կամ իրավական հիմքերը, դատարանը միևնույն է պարտավոր է եզրակացնել հրամանի անվավերության մասին, եթե վիճարկվող անհատական իրավական ակտում բացակայում է հանրային կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավական կամ փաստական հիմքի որևէ հղում։ Ուստի՝ ըստ Դիմողի՝ անհատական իրավական ակտում իրավական կամ փաստական հիմքեր չնշվելու պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ենթակա է կիրառման՝ անկախ նրանից, թե դատավարության ընթացքում կողմերը ի՞նչ դիրքորոշում են հայտնել այդ հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ։

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցած անձը վիճարկում է իր նկատմամբ ընդունված՝ աշխատանքից ազատման հրամանի իրավաչափությունը, նման պահանջի առկայությունն ինքնին ենթադրում է, որ անձը վիճարկում է աշխատանքից ազատման հրամանի փաստական և իրավական հիմքերի առկայությունը, և դրանով պայմանավորված էլ դատարանը պետք է ի պաշտոնե պարզի, այն է՝ ներկայացված ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում հաստատի ազատման հրամանի փաստական և իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210 և 214-րդ հոդվածների հակառակ մեկնաբանությունը դուրս կմնա նույն օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված նորմերի ընդհանուր տրամաբանությունից, որն էլ իր հերթին կխախտի դատական պաշտպանություն հայցած անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների բուն էությունը։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210, 214, 394 և 397-րդ հոդվածներին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման:

Ըստ Դիմողի՝ նման պայմաններում իր՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ըստ էության, սահմանափակվել են այն աստիճան, որ խախտվել է դրանց բուն էությունը, և այդ սահմանափակումները չեն կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ։

Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողն ըստ էության վիճարկում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ2/1233/02/25 դատական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի և վերջիններիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:

Մասնավորապես՝ վիճարկվող դրույթների առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.

- «(…) անկախ այն հանգամանքից, թե դատավարության ընթացքում կողմերից որևէ մեկը հիմնավորում է, թե ոչ՝ ծառայությունից ազատման իրավական հիմքով նախատեսված փաստերի առկայությունը, և անկախ նրանից, թե պատասխանող կողմը հետագայում իր դիրքորոշումներում պարզաբանում է, թե ոչ՝ հրամանի փաստական կամ իրավական հիմքերը, դատարանը միևնույն է պարտավոր է եզրակացնել հրամանի անվավերության մասին, եթե վիճարկվող անհատական իրավական ակտում բացակայում է հանրային կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավական կամ փաստական հիմքի որևէ հղում։»,

- «(…) այն դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցած անձը վիճարկում է իր նկատմամբ ընդունված աշխատանքից ազատման հրամանի իրավաչափությունը, նման պահանջի առկայությունն ինքնին ենթադրում է, որ անձը վիճարկում է ազատման հրամանի փաստական և իրավական հիմքերի առկայությունը, և դրանով պայմանավորված էլ դատարանը պետք է ի պաշտոնե պարզի, այն է՝ ներկայացված ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում հաստատի ազատման հրամանի փաստական և իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը (…)»։

Այսպիսով, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/1233/02/25 դատական գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210 և 214-րդ հոդվածների, 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 397-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, իսկ այդ հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից թիվ ԵԴ2/1233/02/25 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի՝ գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Վարդանյան

13 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել