Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 24.09.2021 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 24.09.2021 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-846 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-84)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 մայիսի 2022թ. ՍԴԱՈ - 84 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 24.09.2021 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ

ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՏԵՂԱԿԱՆ

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 24.09.2021 Թ.

ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 24.09.2021 թ. ընդունված ՀՀ օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 7-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «... որոշել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.09.2021թ. և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 24.09.2021թ. ՀՀ օրենքների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 9- րդ, 79, 179-րդ և 190-րդ հոդվածներին»:

2. Դիմողը նշում է, որ Ազգային ժողովում խնդրո առարկա օրենքների նախագծերը շրջանառության մեջ են դրվել 09.09.2021 թ., սակայն առանց մեկամսյա շրջանառության ժամկետը լրանալու 24.09.2021 թ. միաժամանակ տեղի են ունեցել նախագծի թե´ առաջին, թե´ երկրորդ ընթերցումները: Եվ սա այն դեպքում, երբ վիճարկվող ակտերով նախատեսվել է 37 վերակազմավորման ծրագիր, և եթե անգամ համայնքների ղեկավարների կարծիքը համարենք համայնքի լսելիության ապահովում առաջին ընթերցման դեպքում, ապա առաջինից երկրորդ ընթերցման դեպքում այն չի ապահովվել անգամ ձևական առումով, քանզի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը բավարար չէր և չէր էլ կարող լինել բավարար թե´ համայնքի ղեկավարի կողմից նախատեսվող փոփոխությունները համայնքին ներկայացնելու, թե´ դրա հիման վրա կարծիքներ և առաջարկություններ անելու համար: Վերոնշյալը, ըստ դիմողի, ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ նախագծի հիմնավորման մեջ «Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը» բաժնում նշված է բացառապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչից էլ հետևում է, որ նախարարությունը ընդունում է, որ նախագծի մշակմանը չի մասնակցել շահառու տեղական ինքնակառավարման մարմիններից և ոչ մեկը թե´ համայնքի ղեկավարի, թե´ համայնքային բնակչության մակարդակով:

Ըստ դիմողի Սահմանադրության 190-րդ հոդվածի ուժով Սահմանադրությունը հնարավոր է համարում համայնքների միավորումը կամ բաժանումը, որն իրականացվում է բացառապես Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով, որի հիմքում կարող են դրվել բացառապես հանրային շահերը: Այսինքն համայնքների միավորման կամ բաժանման բոլոր դեպքերում անհրաժեշտ է պատշաճ ընթացակարգերի միջոցով վերհանել այն հանրային շահերը, որոնք կպայմանավորեն նման փոփոխությունների կատարումը բացառելով համայնքների միավորման կամ բաժանման հիմքում ցանկացած այլ շահ դնելը:

Ներկայացնելով խնդրո առարկային վերաբերելի Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները դիմողը գտնում է, որ նշված դիրքորոշումները փաստում են մի կողմից համայնքների լսված լինելու իրավունքը, իսկ մյուս կողմից Ազգային ժողովի անհրաժեշտ կառուցակարգեր սահմանելու միջոցով համայնքների կարծիքը լսելու պարտականությունը: Վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը դիտարկելով Սահմանադրության 9-րդ հոդվածի համատեքստում դիմողը նշում է, որ «տեղական ինքնակառավարում» տերմինը նշված հոդվածում ինքնավար տերմին է, և ենթակա է լայն մեկնաբանման, այսինքն «տեղական ինքնակառավարում» տերմինի տակ պետք է հասկանալ ոչ միայն ֆորմալ առումով տեղական ինքնակառավարման առկայություն կամ իմիտացիա, այլև դրան բնորոշ բոլոր իրավունքների, ազատությունների և պարտականությունների առկայություն, որոնց անբաժանելի մասն են կազմում համայնքի կարծիքի ներկայացումը և դրա ուղղակի և անուղղակի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների առնչության և ենթակայության հարցերի լուծմանը, հետևաբար առանց դրանց իրականացման և իրացման ստացվում է մի իրավիճակ, երբ վիճարկվող իրավադրույթն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 9-րդ հոդվածով ամրագրված տեղական ինքնակառավարման որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկի երաշխավորմանը:

Դիմողը նշում է, որ ներկայացված դիմումը պարունակում է վիճարկվող իրավական ակտերի բովանդակային մասով հակասահմանադրական լինելու հիմնավոր փաստարկներ, ինչպես նաև ընթացակարգային բնույթի խախտումներ, որոնք ևս առաջացնում են սահմանադրականության խնդիր: Նշվածը հենց վերաբերում է համայնքներին «լսելու» սահմանադրի պատվիրանին: Տվյալ դեպքում, ըստ դիմողի, վիճարկվող ընթացակարգային խախտումը հենց հիմնվում է Սահմանադրության պահանջների վրա, մասնավորապես ՍԴՈ- 1593 որոշմամբ մանրամասնորեն բացահայտված Սահմանադրության 190-րդ հոդվածի մասով, որում հենց սահմանադրի կողմից նախատեսված ուղղակի պարտականությունն է «լսել այդ համայնքների կարծիքը»:

3. Սույն գործով բարձրացված խնդիրը դիտարկելով Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո պատասխանող Ազգային ժողովը նշում է, որ տեղական հանրաքվեի անցկացումը համայնքների օբյեկտիվ կարծիքը վերհանելու միակ միջոցը չէ: Տեղական հանրաքվեի անցկացումը պետք է ապահովվի համայնքների օբյեկտիվ կարծիքը վերհանելու արդյունավետ այլ եղանակների բացակայության պայմաններում: Ըստ պատասխանողի վիճարկվող օրենքներն ընդունելիս ապահովվել է Սահմանադրության 190-րդ հոդվածով ամրագրված պահանջը հետևյալ պատճառաբանությամբ.

վիճարկվող օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին: Օրենքների ընդունման հիմնավորման մեջ նշվել է. «Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաև բնակիչների հետ «Town Hall» ձևաչափով) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: (...)»: 2021 թվականի սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի են ունեցել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են նաև համայնքների ներկայացուցիչներ:

2021 թվականի սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը նշել է, որ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ համայնքների բնակիչների հետ, բնակիչների կողմից ներկայացվել են առաջարկություններ:

Վերոգրյալի հաշվառմամբ պատասխանողը նշում է, որ թեև օրենսդրական փոփոխությունների արդյունքում միավորվող համայնքներում տեղական հանրաքվեներ չեն անցկացվել, սակայն կիրառվել են համայնքների կարծիքը վերհանելու արդյունավետ այլ եղանակներ կազմակերպվել են հանրային քննարկումներ և լսումներ:

Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ Ազգային ժողովը օրենքների ընդունման գործընթացում թույլ է տվել ընթացակարգային սխալներ, որոնց արդյունքում չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետի պահանջը, և համայնքի ղեկավարները հնարավորություն չեն ունեցել ներկայացնել իրենց կարծիքը, պատասխանողը նշում է հետևյալը. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը և քվեարկության դրվելը տեղի են ունենում նախագիծը շրջանառության մեջ դրվելու պահից սկսած մեկ ամիս հոսող ժամանակահատվածում, այսինքն «մեկ ամսվա ընթացքում» հասկացությունը ենթադրում է ոչ թե մեկ ամիսը պարտադիր լրանալու պահանջ, այլ մեկ ամիս տևող հնարավորություն օրենքի նախագիծը քննարկելու և այն քվեարկելու համար: Ասվածից բխում է, որ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումն սկսելու հիմքը ոչ թե առաջին ընթերցման մեկ ամիս տևող ժամանակի լրանալն է, այլ օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ ընդունվելու փաստը: Հետևաբար դրույթով նախատեսված «մեկ ամսվա ընթացքում» հասկացությունն ընդամենը ժամանակային սահմանափակում է առաջին և երկրորդ ընթերցումներն անցկացնելու համար:

Ներկայացնելով խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները պատասխանողը նշում է, որ համայնքների ղեկավարներն ունեցել են օրենքով սահմանված անհրաժեշտ ժամաքանակը միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը ներկայացնելու, հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու համար, ուստի վիճարկվող օրենքներն ընդունելիս որևէ ընթացակարգային խախտում տեղի չի ունեցել:

4. Ուսումնասիրելով դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի վարույթը կարճելու հիմք ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.

4.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 08.02.2019թ. ՍԴԱՈ-12 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ սահմանադիրը վերջիններիս իրավունք է վերապահել հայցելու սահմանադրական արդարադատություն բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածով եզրագծված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու հանգամանքը:

Սահմանադրական դատարանն իր 03.12.2021թ. ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ, անդրադառնալով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումին ներկայացվող պահանջներին, հայտնել է. «... օրենսդիրը, ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող այլ սուբյեկտների կողմից ներկայացվող դիմումների, կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անհատական դիմումների ընդունելության մերժման հիմք է սահմանել, ի թիվս այլնի, դիմումի ակնհայտ անհիմն լինելը: Սահմանադրական դատարան դիմող այլ սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդիրը սահմանափակվել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը»:

4.2. Դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումի շրջանակներում վիճարկվող օրենքների ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողն առավելապես պայմանավորում է նրանով, որ վիճարկվող օրենքներն ընդունելիս չի պահպանվել Սահմանադրության 190-րդ հոդվածով ամրագրված համայնքների լսված լինելու պահանջը:

Տեղական ինքնակառավարման իրավունքի, դրա երաշխավորման, ինչպես նաև համայնքների միավորման կամ բաժանման հարցով Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենք ընդունելիս համայնքների կարծիքը լսելու սահմանադրաիրավական պահանջի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 14.05.2021 թ. ՍԴՈ-1593 որոշմամբ արդեն իսկ հայտնել է իր իրավական դիրքորոշումը: Մասնավորապես, համայնքների կարծիքը լսելու սահմանադրական պահանջի գործադրման ձևերի առնչությամբ Սահմանադրական դատարանը կատարել է հետևյալ եզրահանգումները. «... համայնքների միավորման կամ բաժանման գործընթացը կարգավորող իրավանորմեր սահմանելիս օրենսդիրը պետք է առաջնորդվի սահմանադրական կարգավորումներից բխող հետևյալ իրավական մոտեցումներով.

1) համայնքների միավորման կամ բաժանման հիմքում պետք է ընկած լինեն հանրային շահերը.

2) համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքն Ազգային ժողովում լսելի դարձնելու մեխանիզմ.

3) այն պետք է գործադրվի ժամանակին, այսինքն համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի այն փուլում, երբ համայնքները կունենան իրենց համար հիմնարար նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու և այդպիսով կայացվող վերջնական որոշման վրա ազդելու հնարավորություն.

4) այն պետք է գործադրվի այնպիսի եղանակով, որը կապահովի համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ շահագրգիռ համայնքների կարծիքը վեր հանելու և ներկայացնելու իրական և արդյունավետ հնարավորություն»: 4.3. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Վիճարկվող օրենքների նախագծերի փաթեթը կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի N 1438-Ա որոշմամբ համարվել է անհետաձգելի: Դրանք շրջանառության մեջ են դրվել 09.09.2021թ., իսկ 23.09.2021թ. նախագծի վերաբերյալ ներկայացվել են եզրակացություններ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության, ինչպես նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Նախագծերը ընդգրկվել են նստաշրջանի օրակարգ, ընդունվել են առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ 24.09.2021թ.:

Ըստ պատասխանողի կողմից ներկայացված բացատրության 2021 թվականի սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում վիճարկվող օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը նշել է, որ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ համայնքների բնակիչների հետ, բնակիչների կողմից ներկայացվել են առաջարկություններ:

Սույն գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ զեկուցողը տեղեկություններ էր պահանջել Ազգային ժողովից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ըստ Ազգային ժողովի պատասխանի «... Խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ընդ որում, հայտարարությամբ նշվել է, որ խորհրդարանական լսումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Կազմակերպված խորհրդարանական լսումների վերաբերյալ իրազեկվել են նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետարանները։

Խորհրդարանական լսումներն անցկացվել են հնարավորինս լայն կազմով, դրանց մասնակցել են միավորման ծրագրում ներգրավված բոլոր այն համայնքների ներկայացուցիչները, որոնք մասնակցելու ցանկություն են հայտնել։ Հանձնաժողովից բացի խորհրդարանական լսումներին միավորման ծրագրում ներգրավված համայնքների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հրավիրելու հնարավորություն են ունեցել նաև Ազգային Ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Խորհրդարանական լսումներին հրավիրվել են նաև միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միավորման ծրագրում ներգրավված համայնքների ղեկավարների իրենց գրավոր կարծիքը ներկայացնելու և Ազգային Ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունքին, ապա միավորման ծրագրում ներգրավված համայնքների ներկայացուցիչներից որևէ մեկը չի օգտվել նշված իրավունքից»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն «...2021թ. սեպտեմբերի 22-ին ժ. 11.00- ին, ՀՀ Ազգային ժողովում անցկացվեցին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումներ: 2018 թվականին «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների հետ, նախաձեռնել և իրականացրել է վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի թվով 17 (ըստ տարածաշրջանների) ուսումնասիրություն «Town Hall» ձևաչափով: Ուսումնասիրությունն իրականացվել է 2 փուլով համայնքների ղեկավարների հետ հեռախոսային հարցումներ և հանրային քննարկում:

2018-2021 թվականների ընթացքում միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների պաշտոնյաների կողմից կազմակերպվել են քննարկումներ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ֆոկուս խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով «AM partners» խորհրդատվական ընկերության կողմից համայնքների միավորման վերաբերյալ Արմավիրի և Արարատի մարզերի բնակչության շրջանում իրականացվեցին հանրային լսումներ:

Վերոնշյալ երկու ուսումնասիրությունների արդյունքները զետեղված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքէջում (http://mtad.am/hy/hayecakarger/)»:

Վերոմեջբերյալի համատեքստում անդրադառնալով վիճարկվող օրենքների սահմանադրականության խնդրին դրանց ընդունման համար նախատեսված պահանջների պահպանվածության տեսանկյունից Սահմանադրական դատարանը հայտնում է, որ մինչև օրենքների ընդունումն իրականացվել են լսումներ և քննարկումներ ուղղված համապատասխան համայնքների բնակչության կարծիքի վերհանմանը: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից դուրս է դրանց արդյունավետության գնահատումը:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1593 որոշմամբ ընդգծել է, որ հանրային լսումների և քննարկումների կազմակերպման կառուցակարգը կարող է արդյունավետ լինել համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքն Ազգային ժողովում լսելի դարձնելու նպատակով այն վեր հանելու համար հիմնականում այն դեպքում, երբ համայնքի բնակիչների թիվը համեմատաբար փոքր է: Ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենքների նախագծեր մշակելու և տեղական հանրաքվե կամ հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից պետք է գնահատման առարկա դառնա համայնքի բնակիչների թվի մեծաքանակ կամ փոքրաթիվ լինելու հանգամանքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատման առարկա դարձնելու այն փաստական հանգամանքը, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու առումով գործ ունենք մեծաթի՞վ, թե՞ փոքրաքանակ բնակչությամբ համայնքի հետ, ըստ այդմ որոշելու կոնկրետ դեպքում համայնքների կարծիքը հանրային լսումների, թե հանրաքվեի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ այնուհետև դրանց արդյունավետությունը:

4.4. Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ վիճարկվող օրենքների նախագծերը շրջանառության մեջ են դրվել 09.09.2021թ., սակայն առանց մեկամսյա շրջանառության ժամկետը լրանալու 24.09.2021թ. միաժամանակ տեղի են ունեցել նախագծերի թե´ առաջին, թե´ երկրորդ ընթերցումները, Սահմանադրական դատարանը հայտնում է հետևյալը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի «Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի քննարկման ժամկետները» վերտառությամբ 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկության է դրվում շրջանառության մեջ դրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Վերոնշյալ կարգավորումից հետևում է, որ օրենսդիրը կիրառել է ոչ թե «մեկ ամիս հետո», այլ «մեկ ամսվա ընթացքում» ձևակերպումը, ինչից հետևում է, որ նախագիծը շրջանառության մեջ դրվելու պահից մեկ ամիսը չգերազանցող ցանկացած ժամանակահատվածում հնարավոր է անցնել առաջին ընթերցման, իսկ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կրկին մեկ ամիսը չգերազանցող ցանկացած ժամանակահատվածում երկրորդ ընթերցման:

4.5. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Սահմանադրական դատարանի լիազորությունների ցանկը հստակ և սպառիչ սահմանված է Սահմանադրության 168-րդ հոդվածով, որոնց շարքում առկա չէ ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Ազգային ժողովի կողմից կատարված գործողությունների իրավաչափության գնահատման լիազորություն:

Սույն գործով ներկայացված դիմումի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ դիմողի կողմից բարձրացվում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության, այլ դրանց կիրառման, Ազգային ժողովի գործողությունների իրավաչափության գնահատման, ինչպես նաև վիճարկվող օրենքների նախագծերը Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով տրված մեկնաբանությամբ մշակելու և ընդունելու պահպանվածության հարցերը, որպիսի հարցադրումները դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթից: Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից չի առաջադրվել Սահմանադրական դատարանին ենթակա հարց, որպիսի պայմաններում սույն գործի վարույթը ենթակա է կարճման Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 24.09.2021թ. ընդունված ՀՀ օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

6 մայիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-84

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-84
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել