Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6019 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 60 | ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 դեկտեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Վարշամ Ղարիբյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարշամ Ղարիբյանը, (այսուհետ` Դիմող) դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին), խնդրել է հետևյալը. «(…) 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ, 158-րդ, 3761-րդ, 30.06.2021 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածներին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 199-րդ, 361-րդ հոդվածներին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և (կամ) օրենսդրական բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին (դրույթներին) հակասող և մասնակի անվավեր վերոնշյալ իրավական փաստարկների լույսի ներքո»։

2. Դիմողը նշում է, որ առաջին ատյանի դատարանն օրենքով նախատեսված յոթնօրյա ժամկետի և ընթացակարգի խախտմամբ, գույքի ներկա տիտղոսային սեփականատիրոջը վարույթին մասնակից չդարձնելով, միանձնյա կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու մասին որոշում կայացնելու փոխարեն դատական նիստերի ընթացքում կատարել է օրենքով չնախատեսված գործողություն, սահմանված ժամկետների անտեսմամբ քննարկման առարկա է դարձրել հայցադիմումը վարույթ ընդունելու կամ այն չընդունելու հարցը, ունկնդրել է դատավարության մասնակիցների կարծիքները։ Մինչդեռ օրենսդրությամբ նախատեսված է վերոնշյալ որոշումների գրավոր, առանձին փաստաթղթի ձևով ընդունման ընթացակարգ, որոնք նաև ենթակա են բողոքարկման վերադաս դատական ատյան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի կարգավորումների համաձայն։ Ավելին տվյալ դեպքում դատարանն իրավասու չէր հայցապահանջները բովանդակային քննարկման առարկա դարձնել և դրանց առնչությամբ կայացնել վերջնական, արձանագրային որոշումներ, քանի որ տվյալ հարցերը կարող էին լուծվել միայն գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտով, որպիսի պայմաններում տուժող կողմը կարող էր բողոքարկել դատավճռի համապատասխան մասը։ Հետևաբար` Դիմողի պնդմամբ դատարանների կողմից կայացված դատական ակտերով թույլ են տրվել դատավարական իրավունքի էական խախտումներ, որոնք ոչ միայն ազդել են վարույթի ելքի վրա, այլ նաև կիրառված նորմերին տրված մեկնաբանությունները հակասել և խախտել են իր Սահմանադրության 2-րդ գլխում ներառված 60, 61, 63, 78, 79 և 80-րդ հոդվածներով ամրագրված հիմնարար իրավունքները։ Բացի դրանից, ըստ Դիմողի դատարանը խախտել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու (քննարկելու) դատավարական կարգը, մասնավորապես հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ յոթնօրյա ժամկետում միանձնյա կարգով քննարկելու և նշված հարցը լուծելու փոխարեն այն մեկ ամիս տասն օր հետո դատական նիստում դարձրել է հանրային քննարկման առարկա։ Միաժամանակ, Դիմողի պնդմամբ` վերաքննիչ դատարանը մի կողմից թեև մասնակի իրավացիորեն արձանագրել է, որ քաղաքացիական հայցը մասնակի վարույթ ընդունելու, հայցի ապահովման միջոց կիրառելը մերժելու մասին որոշումների բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ ինչպես 01.07.1998 թվականին ընդունված, այնպես էլ 01.07.2022 թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, սակայն հանգել է սխալ հետևության առ այն, որ այդ որոշումները ենթակա չեն բողոքարկման։ Մինչդեռ թե՛ նախկին, և թե՛ գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե չեն հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերին, նախատեսված չեն դրանով, սակայն անհրաժեշտ են քաղաքացիական (գույքային) հայցով վարույթի համար։ Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ խնդրո առարկա որոշումների բողոքարկման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, սակայն չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմին հակասելու հարցին։ Ավելին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ ցանկացած որոշում, ինչպես նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշումները ոչ միայն բողոքարկման ենթակա են, այլ նաև պետք է կայացվեն ոչ թե արձանագրային որոշման, այլ առանձին դատական ակտի տեսքով։ Դիմողը եզրահանգում է, որ նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ, 158-րդ և 3761-րդ հոդվածներին, գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124, 199 և 361-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և կամ դրանցում առկա օրենսդրական բացը հակասում են Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 80-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Միաժամանակ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ (նշված դիրքորոշումն արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշման մեջ)։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված դրույթի, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշում): Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է հետևյալը. Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 27-ի արձանագրային որոշմամբ քաղաքացիական հայցը վարույթ ընդունելը քննարկման առարկա է դարձվել, ինչպես նաև այն մասնակի վարույթ է ընդունվել, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելը մերժվել է։ Նշված արձանագրային որոշման դեմ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հիմքով։ Այնուհետև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի 2023 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ օրենսդիրը տարբերակել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Հիմք ընդունելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքները և ազատությունները ենթադրյալ խախտող գործողությունները գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտով հետաձգված կարգով բողոքարկելու հնարավորությունը դեռևս սպառված չէ։ Այսինքն դեռ առկա է դիմողի կողմից բարձրացված Հակակոռուպցիոն դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու շրջանակներում հետաձգված կարգով բողոքարկելու օբյեկտիվ հնարավորություն։ Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան վերոնշյալ հարցի կապակցությամբ կոնկրետ գործով Դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Բացի դրանից, Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անհատական դիմումներով գործի քննությունը մերժելու հիմք է նաև այն դեպքը, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված արձանագրային որոշման բողոքարկման հնարավորության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար` գործի քննությունը վերոնշյալ հարցի մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարշամ Ղարիբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

19 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-60

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-60
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել