Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ՝ 21.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-54 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ՝ 21.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-54 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5711 ապրիլի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 ապրիլի 2007թ. ՍԴԱՈ - 57 | ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ՝ 21.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-54 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ 21.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-54 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել և այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8- րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին 2007 թվականի ապրիլի 3-ին։

Դիմելով սահմանադրական դատարան քաղաքացի Ռուբեն Թորոսյանը խնդրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Օրենսգրքի այդ գլուխը կրում է «Ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը» վերտառությունը և ներառում է 153, 154 և 155 հոդվածները։ Սահմանադրական դատարան ներկայացնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.02.2007 թվականի, 16.02.2007 թվականի և 22.02.2007 թվականի վճիռները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի օրենքին հակասող գործողությունը (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ իր դիմումները մերժելու մասին, քաղաքացի Ռուբեն Թորոսյանը պնդում է, որ այդ վճիռներով դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի նորմերը, և արդյունքում կայացրած վճիռն օրինական ուժի մեջ պետք է մտներ հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չլիներ ինչպես նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155 հոդվածում։

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ վճիռներից հետևում է, որ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը չեն կիրառվել, իսկ կայացված վճիռները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով դիմողի կողմից վերաքննիչ դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան չեն բողոքարկվել, ինչը վկայող որևէ փաստաթուղթ դիմողը սահմանադրական դատարան չի ներկայացրել։

Բացի դրանից, քաղաքացի Ռուբեն Թորոսյանը փորձում է սահմանադրական դատարանում նաև վիճարկել ընդհանուր իրավասության դատարանի կողմից օրենքի կիրառման խնդիր, որի լուծումը ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունը չէ։ ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Ելնելով վերոշարադրյալից և այն հանգամանքից, որ դիմումն ակնհայտ անհիմն է, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասով,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մերժել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի քննության ընդունումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՆԴԱՄ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11 ապրիլի 2007 թվականի

ՍԴԱՈ-57

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-57
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել