Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵՐԺ ՅՈՎՆԱՆԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵՐԺ ՅՈՎՆԱՆԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7016 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 դեկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 70 | ՍԵՐԺ ՅՈՎՆԱՆԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 դեկտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Սերժ Յովնանեանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սերժ Յովնանեանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հասմիկ Օհնիկյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 5-ին), խնդրել է հետևյալը.

«(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի այն բացառում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշումների դեմ վերաքննության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/7217/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով ամրագրված՝ «այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում» ձևակերպմանը տրվել է նեղ մեկնաբանություն: Մասնավորապես` Դիմողի պնդմամբ՝ «օրենքով սահմանված դեպքերում» ձևակերպումը մեկնաբանվել է բացառապես «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված», որպիսի եզրահանգման է եկել ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում կայացրած որոշմամբ:

Դիմողը գտնում է, որ այնքանով, որքանով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով հստակ սահմանվել է պաշտպանական որոշումը բողոքարկելու կարգի՝ Օրենսգրքով ամրագրվելու պահանջ, օրենսդիրն այն արդեն իսկ համարել է բողոքարկելի դատական ակտ:

Ըստ Դիմողի՝ թեև Օրենսգրքի՝ «Պաշտպանական որոշման վերաբերյալ գործերի վարույթը» վերնագիրը կրող 27.1-ին գլխով կամ նույն օրենսգրքի այլ նորմերով սահմանված չէ պաշտպանական որոշումը բողոքարկելու ընդհանուր կարգից տարբերվող կարգ, իսկ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը չունի պաշտպանական որոշումը վերաքննության կարգով բողոքարկելի դատական ակտ լինելու մասին ուղղակի նշում, այնուամենայնիվ, այնքանով, որքանով նման հնարավորությունը նախատեսված է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով, իսկ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ի մասի 15-րդ կետը սահմանում է այլ օրենքներով նախատեսված որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոք ներկայացնել իր իրավունքները սահմանափակող պաշտպանական որոշման դեմ առնվազն վերաքննիչ բողոք ներկայացնելու ընդհանուր կարգի և ժամկետների վկայակոչմամբ։

Դիմողը պնդում է, որ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված այն մոտեցումը, համաձայն որի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության միջոցներից երկուսը՝ նախազգուշացման կիրառումը և անհետաձգելի միջամտության որոշումը, բողոքարկելի են, մինչդեռ բողոքարկելի չէ պաշտպանական որոշումը, չի կարող լինել հիմնավորված առնվազն այն առումով, որ պաշտպանական որոշումն իր իրավական հետևանքներով առավել տևական է և կայուն հետևանքներ առաջացնող, ուստի՝ առավել մեղմ հետևանքներ առաջացնող պաշտպանության երկու որոշումների բողոքարկելի լինելը, իսկ երրորդի՝ պաշտպանական միջոցի ոչ բողոքարկելի լինելը առնվազն չեն կարող դիտվել որպես նպատակ, որին ձգտել է օրենսդիրը խնդիրը կարգավորելիս:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանի ընդունած պաշտպանական որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, ոչ միայն հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, այլև ստեղծում է անդառնալի հետևանքներ ինչպես բռնությունն անարդարացիորեն վերագրված անձի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Սերժ Յովնանեանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ե.Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

16 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-70

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-70
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել