ԼԱՄԱՐԱ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 57 | ԼԱՄԱՐԱ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 հոկտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Լամարա Իսախանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Լամարա Իսախանյանը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մհեր Շահնազարյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը »:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0255/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 391-րդ հոդվածի 1-ին մասը և 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու դատարանների պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների բովանդակությունը հանգում է նրան, որ նույնիսկ բողոք բերողի կամքից անկախ պատճառներով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու, վճռաբեկ բողոքը դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի Վճռաբեկ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ թիվ ԵԴ/0255/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթի կիրառումը անմիջականորեն խախտել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 391-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում, որ «Վճռաբեկ դատարանն իր իսկ կողմից արձանագրելով, որ վերաքննիչ դատարանի 18.03.2025 թվականի որոշումը Լամարա Իսախանյանին հասանելի է դարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտմամբ, անդրադարձ չի կատարել վերոնշյալ հանգամանքին, անտեսելով այն փաստը, որ տվյալ իրավիճակում խախտվել են Լամարա Իսախանյանին ծանուցման ժամկետները և նրան վերաքննիչ դատարանի որոշումը հասանելի է դարձել նրա ներկայացուցչի միջոցով՝ 26.05.2025 թվականին»:
Դիմողը նաև նշել է.
«Տվյալ իրավիճակում հարկ է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ինքն իրեն հակասել է։
(...)
Վերոգրյալով փաստվում է, որ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անհրաժեշտ իրավական ուսումնասիրության և վերլուծության չի ենթարկել ներկայացված փաստական հանգամանքներն ու մանրամասն անդրադարձ չի կատարել գործի քննությանը։
Սույն իրավիճակում ՀՀ Վճռաբեկ դատարանն իր կողմից որոշում կայացնելիս պարտավոր էր հաշվի առնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները, ինչը չի արել, որն էլ ազդել է գործի ելքի վրա և կայացվել է սխալ դատական ակտ»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս անհամաձայնություն է հայտնում թիվ ԵԴ/0255/02/21 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 391-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Լամարա Իսախանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝
Դ. Խաչատուրյան
Ե. Խունդկարյան
30 հոկտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
