Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԱՅ ԲԺԻՇԿՅԱՆՑԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԱՅ ԲԺԻՇԿՅԱՆՑԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-997 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-99)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 99 | «ԳԱՅ ԲԺԻՇԿՅԱՆՑԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԱՅ ԲԺԻՇԿՅԱՆՑԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Գայ Բժիշկյանցի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի (երրորդ նախադասության) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գայ Բժիշկյանցի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի (երրորդ նախադասության) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը»:

2. Դիմողը հայտնել է, որ թիվ ԵԿԴ/2705/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշում, որում որպես թերություն նշվել է, մասնավորապես, այն, որ « (...) Գայ Բժիշկյանցի անունից դատական ներկայացուցչություն է իրականացնում Էրիկ Հայրապետյանը, քաղաքացիական գործում առկա է վերջինիս կողմից Գայ Բժիշկյանցի անունից դատարանում գործը վարելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը` լիազորագիրը, սակայն քաղաքացիական գործում առկա չէ, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կցված չէ Էրիկ Հայրապետյանի փաստաբան լինելու վերաբերյալ ապացույցը (փաստաբանական գործունեության արտոնագիրը) կամ վերջինիս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով Գայ Բժիշկյանցի համար այդ ենթակետում նշված անձանցից որևէ մեկը լինելու վերաբերյալ ապացույցը»։ Դիմողը ներկայացուցչի միջոցով կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում առկա վերը հիշատակված թերությունը չի վերացվել։ Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանն իրավասու չէր կասկածի տակ դնել իր ներկայացուցչի լիազորագիրը (որում կար նաև հիշատակում ներկայացուցչի փաստաբան լինելու մասին) և պահանջել այլ փաստաթուղթ, հատկապես հաշվի առնելով, որ գործում արդեն առկա էր իր ներկայացուցչի լիազորագիրը, և ներկայացուցչի գործի քննությանը մասնակցելու լիազորությունն արդեն ստուգվել էր ստորադաս ատյաններում։ Դիմողը գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն և ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել անձի` դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել այն կամ արգելք հանդիսանալ դրա իրացմանը, և որ այդ համատեքստում օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածով վճռաբեկ բողոքի ձևի և բովանդակության վերաբերյալ պահանջներ սահմանելով, նպատակ է հետապնդել ոչ թե բողոքաբերին ծանրաբեռնելու ավելորդ պարտականություններով, այլ ապահովելու բողոքի ձևի և բովանդակության հստակությունը, սահմանելու դատավարության արդյունավետ և օբյեկտիվ կազմակերպման անհրաժեշտ երաշխիքներ` կանխարգելելու հետագա հնարավոր խոչընդոտները:

3. Քննության առարկա դարձնելով սույն դիմումի ընդունելության հարցը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե, ի թիվս այլնի, վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ: Նշված դատավարական նորմերից հետևում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերջնական դատական ակտ է, ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման: Եթե վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշված թերությունները, ապա Վճռաբեկ դատարանը պարտավոր է կայացնել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում: Այսպիսով, ներկայացված վճռաբեկ բողոքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հարցը լուծվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվում նոր խախտումներ: Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի դրույթներն անձի նկատմամբ կիրառվում են վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ, որը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի վերաբերյալ քաղաքացիական գործով վերջինիս նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի սույն դիմումով վիճարկվող 393-րդ հոդվածի 4-րդ մասը Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ, որը վերջնական է: Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որը սույն դիմումով չի վիճարկվում, և վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման մեջ նշված թերությունը չվերացնելու հիմքով վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: Հետևաբար Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերջնական դատական ակտը, որով Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն դիմումով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը, թիվ ԵԿԴ/2705/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմումի ներկայացման վերջնաժամկետը լրանում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ, ի թիվս այլ պատճառների, լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից 2021 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ սույն դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվել է 2022 թվականի ապրիլի 25-ին, այսինքն վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Գայ Բժիշկյանցի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի (երրորդ նախադասության) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 հունիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-99

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-99
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել