Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼՈՒՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼՈՒՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2013 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 20 | «ԼՈՒՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 մայիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով «ԼՈՒՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. «ԼՈՒՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի ապրիլի 29-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«1. Սույն դիմումը ընդունել վարույթ:

2. Որոշել «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքի /ՀՕ-139-Ն ընդունված 05.12.2013թ.-ին/ «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերնագիրը կրող 22-րդ գլխի, 133-րդ հոդվածի 2-րդ «Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։» մասի՝ ՀՀ Սահմանադրության /2015թ.-ի փոփոխություններով/ 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը։

3. Որոշել «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքի /ՀՕ-139-Ն ընդունված 05.12.2013թ.-ին/ «Հիմնական դրույթներ» վերնագիրը կրող 1-ին գլխի, 3-րդ հոդվածի 1-ին «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե՝ ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.» մասի՝ ՀՀ Սահմանադրության /2015թ.-ի փոփոխություններով/ 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը»։

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4574/05/23 և ՎԴ/1935/05/08 վարչական գործերի դատավարական նախապատմությունները և անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) վիճարկվող՝ 133-րդ հոդվածի 2-րդ մասին՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյոք օրենքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներն այնքանով, որքանով չեն սահմանում գործն ըստ էության լուծող դատական ակտը որպես վարչական գործի առկայություն, չեն սահմանափակում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով սահմանված դատարանի մատչելիության իրավունքն, այնքանով, որքանով անձը կարող է զրկվել դատական պաշտպանության իրավունքից»։

Դիմողը գտնում է, որ օրենսդրական կարգավորման անորոշությունը հնարավորություն չի տալիս հասկանալու, թե ինչ է նշանակում «գործ», և որ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Վարչական դատարան) կարող է իր պարտավորությունը չկատարել՝ գործը չուղարկել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան), և որ այդ գործողությունը չի դիտարկվի միջամտություն Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքին այնքանով, որքանով անձը կարող է զրկվել դատական պաշտպանության իրավունքից։

Դիմողը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը պետական մարմիններ են, որոնք օժտված են հանրային իշխանական լիազորություններով, քանի որ դրանք իրենց գործառույթներով ապահովում են դատական իշխանության անկախությունը, անաչառությունը և անխափան աշխատանքը, որի հետևանքով էլ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դատական իշխանության մարմինների գործառույթների հետ կապված դիմումներով և գրություններով դիմել վերոնշյալ մարմիններին, որոնք այդ կապակցությամբ իրենց գործառույթների շրջանակում իրականացնում են հանրային իշխանական լիազորություններ։

Ըստ Դիմողի՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անգործությունը վիճարկելի է Վարչական դատարանում Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։

Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նաև հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյոք օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, այնքանով, որքանով չեն սահմանում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ Դատական դեպարտամենտի, որպես դատարաններում գործերի բաշխման կարգի լիազորությունների շրջանակներում ցուցաբերած անգործությունը վարչադատավարական կարգով բողոքարկելը, չեն սահմանափակում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով սահմանված դատական մատչելիության իրավունքն, այնքանով, որքանով անձը կարող է զրկվել դատական պաշտպանության իրավունքից»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն գործի հանգամանքները, գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ՎԴ/4574/05/23 վարչական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) կիրառված լինելը:

Այսպես՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ՎԴ/4574/05/23 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը: Հետևաբար՝ սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում հենց տվյալ գործով կայացված դատական ակտերը։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ վերոնշյալ վարչական գործի շրջանակներում՝

1) Վարչական դատարանն արձանագրել է. «Սույն դեպքում, հայցվորը խնդրել է պարտավորեցնել ՀՀ դատական դեպարտամենտին, ՀՀ բարձրագույն դատական խորհրդին կատարել գործողություն, այն է ապահովել 25.01.2023 թվականին ներկայացրած նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու մասին դիմումի քննարկումը (գործի բաշխումը) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում:

Այսպիսով, ելնելով ամբողջ վերոգրյալից՝ դատարանն արձանագրում է, որ հայցվորի պահանջն առնչություն չունի վարչական մարմնի հանրային իշխանական լիազորությունների բանացման հետ, ուստիև վեճը հանրային բնույթ չի կրում և չի կարող քննության առնվել՝ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, հետևաբար հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով».

2) Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) Փաստացի ստացվում է, որ սույն գործով հայցի առարկան վերաբերում է մի գործողություն կատարելուն, որն իր բնույթով դատավարական է. ըստ հայցվոր կողմի հայցապահանջի՝ հենց ՀՀ վարչական դատարանն է իրավասու պարտավորեցնել պատասխանողներին կատարել հայցվող գործողությունը, այն է՝ ապահովել 25.01.2023 թվականին ներկայացրած նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու մասին դիմումի քննարկումը (գործի բաշխումը) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում: Մինչդեռ, նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումի /գործի/ քննությունը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում կարող է տեղի ունենալ բացառապես ՀՀ գործող վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով, այլ ոչ թե հայցվորի ներկայացրած հայցապահանջի բավարարման արդյունքում կայացվելիք ՀՀ վարչական դատարանի որևէ վճռի հիման վրա: Հետևապես, սույն գործով ներկայացված հայցն ենթակա չէ որևէ դատարանում քննության»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասը (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) որևէ կերպ չի վկայակոչվել, Դիմողի նկատմամբ չի կիրառվել և որևէ իրավական հետևանք չի առաջացրել վերջինիս համար:

Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն գործում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես, Դիմողի կողմից վիճարկվող դրույթը (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) քննարկվող համատեքստում, սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ՎԴ/4574/05/23 վարչական գործի շրջանակներում չի կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 133-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողը նշել է. «Ստացվում է, որ օրենսդիրը անձին իրավունք է վերապահել՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման դիմում ներկայացնելու, սակայն տվյալ դեպքում այդ իրավունքը լիարժեք գործնականում իրացնելու հնարավորությունից ես զրկվում եմ՝ թիվ ՎԴ/1935/05/08 վարչական գործն ամբողջությամբ պահպանված չլինելու պատճառաբանությամբ»։

Բացի դրանից, Դիմողը գտնում է, «(…) որ Վարչական դատարանը պարտավոր էր վարույթ ընդունել ներկայացված հայցադիմումը և կայացնել դրա վերաբերյալ եզրափակիչ դատական ակտ, հակառակ դեպքում, այն կարող է որակվել որպես անձի՝ դատարան դիմելու մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակում»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողն Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 133-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/4574/05/23 և ՎԴ/1935/05/08 վարչական գործերով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՎԴ/4574/05/23 և ՎԴ/1935/05/08 վարչական գործերով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

«ԼՈՒՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

13 մայիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել