Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4026 փետրվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 փետրվարի 2021թ. ՍԴԱՈ - 40 | «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) դիմումը, որով ներկայացվել է թիվ ՍԴ/0115/01/20 քրեական գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» 27.01.2021 թվականի որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Դատարանը խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր։

2. Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթների համադրումից հետևում է, որ որպես հանցանքի և զանցանքի օբյեկտիվ կողմ նշված գործողությունները նույնանում են, բացառությամբ այն հանգամանքի, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է զգալի վնասի առկայություն որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր լրացուցիչ տարր: Նշվածի համատեքստում դիմողը փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասում առկա «եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել» ձևակերպումը կանխատեսելի չէ այնքանով, որքանով այն չի համապատասխանում օրենքի որոշակիության չափանիշին նույնիսկ այն պարագայում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է զգալի վնասի և դրա չափի վերաբերյալ ձևակերպում: Նյութական վնասի մասով օրենքի որոշակիության չափանիշի չհաղթահարված լինելը սույն դեպքում պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա չէ հղում որևէ նորմատիվ իրավական ակտի, որով պետք է որոշվի վնասի չափը, և որպես նշվածի հետևանք հասցեատիրոջ համար հստակ չէ իր իրավունքների և ազատությունների իրացման թույլատրելի շրջանակը: Դիմողը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի դրույթները նյութական հետևանքի մասով, այնքանով, որքանով չեն պարունակում հղում այն նորմատիվ իրավական ակտին, որով պետք է որոշվի պատճառված վնասի չափը, առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին: Միաժամանակ նշել է, որ վնասի հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է հատուցման սակագները և դրա հաշվարկման կարգը: Ըստ դիմողի պատճառված վնասի չափը չի կարող նույնացվել հատուցման չափի հետ, ինչն էլ վերջինիս հիմք է տվել արձանագրելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի առերևույթ հակասությունը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համատեքստում, բացառում է սույն քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելու հնարավորությունը:

3. Ելնելով դիմումի և թիվ ՍԴ/0115/01/20 քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքերը, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Այսպես Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մասով դիմումում նշել է հետևյալը. «Նշվածի համատեքստում, Դատարանն իր համաձայնությունն է հայտնում պաշտպանական կողմի հետ և իր հերթին փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասում առկա «եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել» ձևակերպումը կանխատեսելի չէ այնքանով, որքանով այն չի համապատասխանում օրենքի որոշակիության չափանիշին նույնիսկ այն պարագայում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է զգալի վնասի և դրա չափի վերաբերյալ ձևակերպում»։ Վերոնշյալից հետևում է, որ դիմողը Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը պայմանավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել» ձևակերպման բավարար չափով որոշակի չլինելու հանգամանքով։ Հետևաբար դիմումով ներկայացված հիմնավորումները հանգեցնելու են առավելապես ոչ սահմանադրական նորմերի (ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել» ձևակերպման) բովանդակության մեկնաբանությանը։ Փաստորեն վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ։ Նման պայմաններում Դատարանի կողմից թեև առերևույթ բարձրացվել է նշված նորմի սահմանադրականության վերաբերյալ հարց, այդուհանդերձ դատարանի հիմնավորումներում, ըստ էության, բարձրացվել է կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա դրույթի, այն է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի իրավական բովանդակության բացահայտման և մեկնաբանության վերաբերյալ խնդիր։ Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում, որպիսի պայմաններում էլ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: 3.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է վերոնշյալ դրույթների բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Ուստի դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Տվյալ դեպքում սույն քրեական գործով անձին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ Նշված հոդվածի բովանդակությունը հետևյալն է. «1. Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում պատժվում են տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»: Վերոնշյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ նշված գործողությունների համար քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ երկու դեպքերում, դրանք են եթե նշված հոդվածում թվարկված գործողությունները զգալի վնաս են պատճառել,

եթե նշված հոդվածում թվարկված գործողությունները կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ համանման գործողությունների կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված է նաև վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես նշված հոդվածի բովանդակությունը հետևյալն է. «Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը` առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»: Նշված իրավանորմերի համալիր բովանդակությունից հետևում է, որ եթե անձի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները կատարելու արդյունքում զգալի վնաս պատճառելու համար, ապա դատարանը գործը քննելիս պետք է առաջնորդվի հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգիրքը։ Այլ է իրավիճակն այն դեպքում, երբ անձի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նշված գործողությունները կատարելու համար, մասնավորապես նշված դեպքում դատարանը գործը քննելիս պետք է կիրառի ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածը բացահայտելու համար անձի նկատմամբ մեկ տարվա ընթացքում նույն արարքի համար վարչական տույժ նշանակելու հանգամանքը։ Սույն գործի շրջանակներում անձի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նկատի ունենալով, որ վերջինիս գործողությունների հետևանքով պատճառվել է 283.500 ՀՀ դրամի չափով զգալի վնաս, ուստի նման պայմաններում Դատարանի կողմից գործը քննելիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառման մասով դիմումը հիմնավորված չէ։ Հետևաբար Դատարանի կողմից չեն ներկայացվել փաստարկներ և հիմնավորումներ այն մասին, թե արդյոք վեճի լուծումը հնարավոր է բացառապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հանգամանքներում դիմողը չի հաղթահարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով սահմանված «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու» պայմանը, որպիսի պայմաններում էլ գործը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի և 71-րդ հոդված 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 փետրվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-40

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 փետրվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-40
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել