Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՂԱՍԻ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՂԱՍԻ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2619 սեպտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 26 | ԱՂԱՍԻ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

19 սեպտեմբերի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով Աղասի Տեր-Եսայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Աղասի Տեր-Եսայանը 01.09.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով 06.12.2015թ.) 1-ին, 61-րդ, 63-րդ, 79-րդ և ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով 27.11.2005թ.) 92-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում առկա «դատարանի վճռով» արտահայտությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ, ըստ նախապատմության` դիմողը, հիմք ընդունելով իր նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած` ՀՀ վարչական դատարանի կարճման վճռով հաստատված փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը որպես նախադատելի փաստ հանդիսացող ու այլևս ապացուցման կարիք չունեցող, իրավունքի ուժ ունեցող հանգամանք, դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և որպես փաստական հանգամանք նշել վարչական դատարանի` վերոհիշյալ կարճման վճռով հաստատված փաստերի առկայությունը: Սակայն դատարանները` մերժելով պահանջը, նշել են, որ տվյալ վճիռը կարճման է: Ըստ դիմողի վիճարկվող դրույթի «դատարանի վճռով» արտահայտությունը բավարար չափով հստակ չէ և հնարավորություն չի տալիս դիմողին կանխատեսել իր գործողությունները, իսկ իրավակիրառողին տալիս է այնպիսի մեկնաբանության հնարավորություն, որով խախտվում է անձի` արդար դատաքննության իրավունքը: Վիճարկվող դրույթներից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ վճռաբեկ դատարանին ներկայացրած օրենքի պահանջներին համապատասխանող իր բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ թեև բողոքում վկայակոչված են վճռաբեկ դատարանի որոշումները և մեջբերված են դրանց և բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ հակասությունները, սակայն կատարված չէ «բավարար համեմատական վերլուծություն»: Ըստ դիմողի օրենսդիրը չի հստակեցրել, թե որոնք են համեմատական վերլուծության կատարման պայմանները և չափանիշները:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մասով և 52-րդ հոդվածի 2-րդ մասով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ`

դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Աղասի Տեր-Եսայանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

19 սեպտեմբերի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 սեպտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել