ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 6 | ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 փետրվարի 2021թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Լևոն Բարսեղյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Լևոն Բարսեղյանը (ներկայացուցիչներ փաստաբաններ Ա. Մելքոնյան և Ն. Հակոբյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 22-ին) խնդրելով. «…. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի թ կետի 5-րդ ենթակետը, այն մասով, որ մասով նախատեսում է պետական տուրք վճարելու արտոնությունից բացառություն ճանապարհային ոստիկանության կողմից ընդունված որոշման դեմ բողոքներով, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:
2. Դիմողի կարծիքով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն փոփոխությունը (փոփոխությունը կատարվել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-305-Ն օրենքով և ուժի մեջ է մտել 01.01.2020 թվականին), որի համաձայն ճանապարհային ոստիկանության կողմից ընդունված որոշման դեմ բողոքներով դիմողները չեն ազատվում պետական տուրքի վճարումից, սահմանափակում է անձանց, տվյալ դեպքում դիմողի դատարան դիմելու հնարավորությունները: Իր կարծիքը դիմողը փաստարկում է նրանով, որ նույնիսկ նվազագույն աշխատավարձի 1000 դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժը բողոքարկելու նպատակով անձը պետք է վճարի նվազագույն աշխատավարձի քառապատիկի 4000 դրամի չափով պետական տուրք: Նման իրավակարգավորումն, ըստ դիմողի, անհամաչափ է և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության և սեփականության իրավունքներին:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինին կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է 2020 թվականի հունիսի 24-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020 թվականի հունիսի 24-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը սկսվում է 2020 թվականի հունիսի 25-ից և ավարտվում 2020 թվականի դեկտեմբերի 25-ին: Մինչդեռ, Լևոն Բարսեղյանի դիմումը փոստային բաժանմունքին է հանձնվել 2021 թվականի հունվարի 20-ին: Հետևաբար` դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Լևոն Բարսեղյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյանի
Անդամներ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
11 փետրվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
