ԷՄԻԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 54 | ԷՄԻԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 հուլիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Էմիլ Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Էմիլ Վարդանյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մհեր Հակոբյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունիսի 24-ին, որով Դիմողը խնդրել է.
«... «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ու 43-րդ հոդվածի 1-ին մասը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 27-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, 61 հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0287/06/26 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ու 43-րդ հոդվածի 1-ին մասը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հանգեցրել են Դիմողի` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իրավունքների և ազատությունների խախտմանը:
Դիմողը, անդրադառնալով «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին, ինչպես նաև «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասին, գտնում է, որ ի տարբերություն Օրենքի` միջազգային փաստաթղթերը «հանձնել» ասելով հասկանում են որոշակի նպատակով մեկ անձի փոխանցումը մի պետությունից մեկ այլ պետության, ինչն էլ, ըստ Դիմողի, նշանակում է, որ քննարկվող հիմքով անձին ազատությունից կարելի է զրկել միայն այս նպատակի իրագործման համար:
Դիմողը, անդրադառնալով «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 16-րդ հոդվածին, ինչպես նաև «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածին, գտնում է, որ միջազգային իրավունքը հնարավոր է համարում անձին ազատությունից զրկելը նախքան հանձնման մասին միջնորդության ստացումը, սակայն միայն որոշակի պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:
Ըստ Դիմողի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ու 43-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները չեն համապատասխանում միջազգային իրավունքին, քանի որ Օրենքի քննարկվող կարգավորումները թույլ են տալիս առանց հանձնման մասին միջնորդության ցանկացած պարագայում անձին ազատությունից զրկել, այնինչ միջազգային իրավունքը նման հնարավորությունը թույլատրելի է համարում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Դիմողը գտնում է, որ «ըստ էության արդարադատություն չի իրականացվում», քանի որ դատարանները քննարկման առարկա չեն դարձնում հանձնելու իրական հնարավորության առկայությունը կամ առանց հանձնման միջնորդության անձին ազատությունից զրկելու ծայրահեղ անհրաժեշտության առկայությունը, ինչպես նաև Դիմողն ավելացնում է, որ ամբողջ դատավարությունը սահմանափակվում է միայն Օրենքով նախատեսված փաստաթղթերի առերևույթ ուսումնասիրմամբ:
Դիմողը նշում է, որ Օրենքի քննարկվող կարգավորումները չեն համապատասխանում նաև իրավական որոշակիության պահանջներին, քանի որ ըստ օրենսդրի` «ժամանակավոր կալանավորում» կիրառվում է, մասնավորապես, հանձնելու վերաբերյալ հարցում ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու համար, այնինչ դատախազությունը կամ այլ իրավասու մարմինը կարող է քննարկել անձի հանձնումը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այնպիսի իրավակարգավորում, որը հստակ չէ, և հնարավոր չէ կանխատեսել դրա հետևանքները, իսկ նման անհստակությունը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանությամբ:
3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ1/0287/06/26 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ու 43-րդ հոդվածի 1-ին մասի՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, համապատասխանությունը Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 27-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին, ըստ էության, բարձրացնում է նշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Փաստորեն, Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/0287/06/26 քրեական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ1/0287/06/26 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Էմիլ Վարդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
14 հուլիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
