«ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-146)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 հոկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 146 | «ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի մասով, կարճելու վերաբերյալ առաջարկությունը՝ ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Զեյնալյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի ապրիլի 11-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթն՝ այնքանով, որքանով զրպարտության դեպքում, եթե զրպարտությունը տեղ է գտել սոցիալական ցանցի օգտահաշվում, անձին հնարավորություն չի տալիս սոցիալական ցանցի օգտատիրոջը պահանջ ներկայացնել օգտահաշվից հեռացնել զրպարտող տեղեկությունը և (կամ) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
(...) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի դրույթն՝ այնքանով, որքանով սոցիալական ցանցի օգտատիրոջը չի դիտարկում որպես լրատվական գործունեություն իրականացնող, իսկ սոցիալական ցանցի օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվություն իրականացնելու միջոց»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:
Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը սահմանում է.
«8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել»:
Օրենսգիրքը 1087.1-ին հոդվածով լրացվել է 18.05.2010 թ. ՀՕ-97-Ն օրենքով, վիճարկվող դրույթը փոփոխվել է 24.03.2021 թ. ՀՕ-330-Ն օրենքով, համաձայն որի՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «2000» թիվը փոխարինվել է «6000» թվով:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2004 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 8-ին:
Օրենքի՝ «Հիմնական հասկացությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.
«2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`
- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,
- հեռուստառադիոհաղորդմամբ,
- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից,
- համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող և սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տվյալները պարունակող կայքի միջոցով:
Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից.»:
Վիճարկվող դրույթը 06.03.2020 թ. ՀՕ-147-Ն օրենքով լրացվել է հետևյալ կերպ. «տևողությունից և այլ չափանիշներից» բառերից հետո դրվել է ստորակետ և լրացվել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«- համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով»:
Վիճարկվող դրույթը փոփոխության է ենթարկվել 10.12.2021 թ. ՀՕ-394-Ն օրենքով, համաձայն որի՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ կետի 4-րդ ենթակետի «1-ին և 2-րդ կետերում» բառերը փոխարինվել են «4-րդ մասում» բառերով, «սեփական կամ վարձակալած» բառերը՝ «գրանցված» բառով, իսկ «տեղեկությունները» բառը՝ «տվյալները» բառով:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան), քննելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Հայկազի Զեյնալյանի ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյան՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին վճռել է.
«Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյան՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարարել՝ մասնակի:
Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնագանձել 100,000.00 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
Հայցը մնացած մասով մերժել:
Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնագանձել 90,000.00 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնագանձել 2,000.00 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
(…)»:
2.2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Զեյնալյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 18.12.2020 թ. վճռի՝ հայցի մերժված մասի դեմ, 2021 թվականի մայիսի 21-ին որոշել է.
«1. Վերաքննիչ բողոքը բավարարել:
ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2020 թվականի վճիռը մասնակի՝ հայցը մերժելու մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նշված ծավալով նոր քննության:
(…)»:
2.3. Դատարանը, քննելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Հայկազի Զեյնալյանի ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, 2022 թվականի հոկտեմբերի 18-ին վճռել է.
«1. Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
(…)»:
Հիշյալ վճռով Դատարանը նշել է. «Մինչ իրավական վերլուծությանը անցնելը դատարանը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.05.2021 թվականի որոշմամբ մասնակի բեկանելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.12.2020 թվականի վճիռը՝ հայցը մերժելու մասով, սահմանել է քննության ծավալ՝ պարզել «Marina Poghosyan» «Gayane Arustamyan» Ֆեյսբուքյան օգտատերերը իրականացնում են լրատվական գործունեություն, թե ոչ, և պարզել պատասխանող Գայանե Առուստամյանի գույքային դրությունը։
Դատարանը «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» 23.09.2021 թվականի որոշմամբ Հայցվորին վերապահել է ապացուցելու «Marina Poghosyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը և Պատասխանողին՝ 2.000.000 ՀՀ դրամ վճարելը իր գույքային դրության տեսանկյունից անհամաչափ լինելը։
Հայցվորի ներկայացուցիչը գործի քննությամբ ընդունել է, որ Երրորդ անձը լրատվական գործունեությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է հասարակական գործունեությամբ, իսկ Պատասխանողի կողմից որևէ դիրքորոշում կամ ապացույց գույքային դրության մասով չի ստացվել։
(…)
Վերոգրյալ փաստական հանգամանքներից ելնելով Դատարանը արձանագրում է, որ «Marina Poghosyan» օգտատիրոջ՝ Երրորդ անձի, լրատվական գործունեությամբ զբաղվելու մասին փաստ չի ներկայացվել, ուստի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցը կատարելու պարտականություն չի կարող նրան վերապահվել»:
2․4. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Հայկազի Զեյնալյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 18.10.2022 թ. վճռի դեմ, 2023 թվականի մարտի 22-ին որոշել է.
«1. Արտակ Հայկազի Զեյնալյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի․ Մասնակի բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով 18.10.2022 թվականին կայացված վճիռը և այն փոփոխել հետևյալ կերպ.
«1. Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի․
Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
2. Գայանե Առուստամյանից հօգուտ Արտակ Զեյնալյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված և բավարարված հայցապահանջի մասով պետական տուրքի գումար:
3. Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնագանձել 110.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
(…)»:
Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է.
«(…) սույն գործի քննության ընթացքում ֆեյսբուքյան օգտատեր «Marina Poghosyan»-ի լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը ապացուցված չլինելու պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեճի առարկա հրապարակումը տեղի է ունեցել ֆիզիկական անձ «Marina Poghosyan»-ի ֆեյսբուքյան էջի միջոցով, որը չի կարող գնահատվել որպես լրատվության միջոց՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված տեղեկությունը չի կարող համարվել լրատվության միջոցով տարածված:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված պաշտպանության միջոցի կիրառման հիմքը: Հետևաբար՝ այս առնչությամբ բողոքաբերի պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անհիմն են»:
2.5. Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 22.03.2023 թ. թվականի որոշման դեմ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի հոկտեմբերի 11-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, շարադրելով վիճարկվող նորմերի բովանդակությունը, բարձրացված հարցադրումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան դիրքորոշումները, նշում է. «Օրենսդիրը վիրավորանքից և զրպարտությունից ոչ նյութական պաշտպանության կարգը և պայմանները տարբերակել է, տարբերակել է նաև արատավորող արտահայտությունից պաշտպանությունն՝ ըստ հրապարակման աղբյուրի»: Ըստ Դիմողի՝ վիրավորական արտահայտության դեպքում իրավունքի խախտման զոհն իրավասու է պահանջելու իրավախախտից հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության դեպքում՝ հերքում հրապարակել պայմանով, որ զրպարտող տեղեկությունը հրապարակվել, հանրայնացվել, տարածվել է «լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ»: Այս համատեքստում Դիմողն ընդգծում է. «Իսկ, թե՝ ո՞րն է «լրատվական գործունեություն իրականացնող» և հերքումն ի՞նչ ձևով կարող է հրապարակվել, որոշվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:
Դիմողը պնդում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ եթե զրպարտությունը հրապարակվել, հանրայնացվել, տարածվել է բանավոր կերպով (առանց վերարտադրման հնարավորության) կամ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի իմաստով՝ «լրատվության միջոց» չհանդիսացող հարթակի միջոցով՝ վերարտադրման, տարածության և ժամանակի մեջ տարածման հնարավորությամբ, ապա իրավունքի խախտման զոհը հնարավորություն չունի զրպարտություն համարված փաստերը հերքելու, հրապարակումը հեռացնելու պահանջ ներկայացնելու իրավախախտին:
Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տեղեկատվության տարածման ժամանակակից միջոցներով, մասնավորապես՝ սոցիալական ցանցում գրանցված օգտահաշվի միջոցով, տարածված տեղեկությունը մշտապես հրապարակվում, հանրայնացվում, տարածվում է: Հաճախ որոշ օգտահաշիվներ անհամադրելի քանակով հետևորդներ են ունենում, քան «լրատվության միջոցները»: Ավելին, Դիմողի գնահատմամբ, ժամանակակից տեղեկատվական համացանցային հոսքերի կառավարման ալգորիթմներն ապահովում են տեղեկատվության տարածումը նաև այն «սպառողների» շրջանում, որոնք կոնկրետ օգտատիրոջ կամ օգտահաշվի «հետևորդ» չեն, սակայն կարող են այդ բովանդակության պոտենցիալ «գնորդ» լինել: Դիմողի գնահատմամբ՝ 101 բաժանորդ ունեցող «լրատվության միջոցով» տարածված զրպարտության հետագա տարածումը դադարեցնելը, զրպարտությունը հեռացնելը, հերքում տարածելը՝ որպես իրավական պաշտպանության միջոցներ, նախատեսված են, սակայն միլիոնավոր հետևորդներ ունեցող օգտահաշվից՝ հնարավոր չէ:
Դիմողի կարծիքով՝ քանի դեռ առկա չէ անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելու, հեռացնելու պաշտպանության միջոց, խախտումները կրելու են շարունակական բնույթ՝ անկախ դատական պաշտպանության դիմած անձի օգտին կայացված դատական ակտի առկայությունից: Ավելին, անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակային ներկայացված փաստացի տվյալները չհերքվելու և չհեռացվելու պայմաններում դրանք շարունակելու են արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը՝ հանգեցնելով նոր խախտման:
Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, իսկ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում գործող օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվության միջոց:
Դիմողը շեշտադրում է, որ մարդը բարձրագույն արժեք է, և նրա պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորելուց պաշտպանելը, մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելը, հնարավոր չէ ֆինանսական փոխհատուցմամբ: Հակառակ իրավիճակը, ըստ Դիմողի, կստեղծի նյութական հատուցման միջոցներ տրամադրելով ոչ նյութական բարիքների դեմ անարգել ոտնձգելու հնարավորություն, ինչը կհակասի մարդու արժանապատվության բարձրագույն արժեք լինելու գաղափարին, կդրդի մարդուն դիմելու իր իրավունքը պաշտպանելու հնագույն բնական միջոցին՝ իրավունքի ինքնապաշտպանությանը:
Արդյունքում Դիմողը եզրակացնում է, որ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չեն համապատասխանում Սահմանադրության 3, 23, 31, 61, 63 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումներին:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), մեջբերելով Սահմանադրության 23, 28, 29, 31, 61, 63 և 75-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները և դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային դիրքորոշումները, գործող օրենսդրական կարգավորումները դիտարկելով դատական պրակտիկայի և միջազգային իրավակարգավորումների համատեքստում, նշում է. «(…) տվյալ դեպքում օրենսդրական բաց և օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործման խախտում առկա չեն»:
Պատասխանողի գնահատմամբ՝ օրենսդիրը տվյալ իրավակարգավորումները սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորում. «(…) այդպիսի ընթացակարգի սահմանումը եղել է օրենսդրի նպատակը»:
Պատասխանողը պնդում է, որ տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ, մասնավորապես, այն պայմաններում, երբ դատարաններին տրված դատական հայեցողության շրջանակներում՝ պայմանավորված յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքներով, կարող է քննարկման առարկա դառնալ սոցիալական ցանցի կոնկրետ օգտահաշվի (օգտահաշվի առանձնահատկություններով պայմանավորված)՝ որպես լրատվական միջոց հանդիսանալու հարցը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը՝ իր իրավակարգավորիչ դերով, համապատասխանում է Սահմանադրությանը՝ չհանգեցնելով սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացման որևէ խոչընդոտի:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի մասով, ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրության հիշյալ դրույթն արտացոլվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում՝ սահմանելով այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը վկայակոչված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Այս առումով Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի հետ՝ Սահմանադրական դատարանը Դիմողի կողմից բարձրացված՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ արձանագրում է հետևյալը.
Օրենքի՝ «Հիմնական հասկացությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.
«2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`
- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,
- հեռուստառադիոհաղորդմամբ,
- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից,
- համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող և սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տվյալները պարունակող կայքի միջոցով:
Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից.»:
Նույն հոդվածի 3-րդ կետի իմաստով լրատվական գործունեություն իրականացնող է համարվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
Վերոնշյալ իրավանորմերի բովանդակային վերլուծության հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ լրատվության միջոցը կարող է տարածվել նաև համացանցային կայքի միջոցով, որն ունի համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ և բովանդակում է Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տվյալները, ընդ որում՝ իր անունից լրատվության միջոց տարածող ֆիզիկական անձը ևս Օրենքի իմաստով կարող է համարվել լրատվական գործունեություն իրականացնող, սակայն բացառապես այն պարագայում, երբ պահպանված են զանգվածային լրատվության միջոց տարածելու՝ Օրենքով սահմանված պահանջները:
Դիմումի և թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթի համապատասխանությունը Սահմանադրությանը, չի ներկայացրել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը փաստող բավարար հիմնավորումներ: Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ առաջացրել է Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասում առկա օրենսդրական բացը (այնքանով, որքանով անձը հնարավորություն չի ունեցել վերջինիս նկատմամբ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (statement օf fact) ներկայացման պայմաններում դրանք հրապարակայնորեն հերքելու և (կամ) հրապարակայնորեն դրանց վերաբերյալ իր պատասխանը ներկայացնելու և (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու օրենսդրական հնարավորություն) և ոչ վերջինիս կողմից վկայակոչված Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը: Ուստի՝ Դիմողի կողմից բարձրացված հարցադրումն առ այն, որ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում առկա օրենսդրական բացն այնքանով, որքանով համացանցը չի դիտարկում որպես զանգվածային լրատվության միջոց, հանգեցնում է իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման, ակնհայտ անհիմն է:
Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ հենց վիճարկվող դրույթն է (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) անմիջականորեն հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն անհատական դիմումը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու պահանջի մասով, ակնհայտ անհիմն է, ուստի՝ գործի վարույթը նշված մասով ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի մասով, կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 հոկտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-146
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-146
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
