Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ), ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ), ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-532 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 53 | ««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ), ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 374-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ (ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵ

Ամբողջ Տեքստ

««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ), ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 374-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ (ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ), ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴՐԱ 47-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ, «ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ 3-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ՝ «ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ 2-ՐԴ ԲԱԺՆԻ 7-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ 3-ՐԴ ԲԱԺՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի (իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ), այդ թվում՝ դրա 47-րդ կետի 2-րդ ենթակետի, «Երաշխիքների ներկայացման և պետական բյուջե փոխանցման կարգ» վերտառությամբ 3-րդ հավելվածի՝ «Երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու դեպքերը» վերտառությամբ 2-րդ բաժնի 7-րդ կետի, ինչպես նաև «Ֆորս մաժորային իրավիճակներ» վերտառությամբ 3-րդ բաժնի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի մարտի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արգիշտի Մեսրոպյան, Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) Որոշել Դիմողի նկատմամբ կիրառվելու պահին գործող խմբագրությամբ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն պահին գործող խմբագրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 01-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման ամբողջ կարգի, մասնավորապես՝ բայց ոչ միայն՝ նշված կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետի, այդ կարգի «Երաշխիքների ներկայացման և պետական բյուջե փոխանցման կարգ» վերտառությամբ 3-րդ հավելվածի «Երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու դեպք» վերտառությամբ 2-րդ բաժնի 7-րդ կետի և «Ֆորս մաժորային իրավիճակներ» վերտառությամբ 3-րդ բաժնի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 39-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերին, ինչպես նաև 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7447/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավադրույթներից՝ «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 26-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ էության, իրենից ենթադրում է որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ իրավաբանական պատասխանատվություն սահմանող նորմ՝ վերջիններիս կողմից իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, իսկ այդպիսին չհամարվելու պարագայում քննարկվող դրույթն առնվազն համարվում է նույն անձանց համար պարտականություն սահմանող նորմ:

Դիմողը գտնում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի առկայության և (կամ) գործողությունների իրականացման դեպքում բանկը որոշակի գումար փոխանցում է ՀՀ պետական բյուջե, որից հետո այդ գումարը լիցենզիա ստացած անձը փոխանցում է բանկին, որպիսի պայմաններում սահմանափակվում է իր սեփականության իրավունքը:

Ըստ Դիմողի՝ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է այն արարքների և (կամ) իրադարձությունների շրջանակը, որոնց կատարումը և (կամ) տեղի ունենալը հանգեցնում է տվյալ իրավաբանական (ֆինանսական) պատասխանատվությանը և (կամ) առաջացնում է այդ պարտականության կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ իրավաբանական (ֆինանսական) պատասխանատվության և (կամ) պարտականությունները կատարող սուբյեկտների շրջանակը և իրավաբանական (ֆինանսական) պատասխանատվության միջոցը, սակայն դրա հետ մեկտեղ չի սահմանվել իրավաբանական (ֆինանսական) պատասխանատվության և (կամ) պարտականության չափը կամ հաշվարկման բանաձևը: Դիմողը հավելում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով լոկ նշվել է երաշխիքային գումարը, իսկ փոխանցման ենթակա գումարի կոնկրետ չափը կամ այն հաշվարկելու բանաձևը որոշելը թողնվել է իրավակիրառողի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հայեցողությանը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դիմողը պնդում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին և 60-րդ հոդվածի 3 և 8-րդ մասերին:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ սույն դեպքում փաստացի ստացվում է, որ վիճարկվող դրույթներով Հանձնաժողովն ինքն է իր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանել իր իսկ կողմից կիրառման ենթակա պատասխանատվության միջոցի չափը, ինչը հակասում է Սահմանադրությանը և խաթարում է իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ նկատի ունենալով, որ այդ սկզբունքի համատեքստում իրավաստեղծը և իրավակիրառողը նույնանալ չեն կարող:

Դիմողը, անդրադառնալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի (այսուհետ՝ Կարգ) 47-րդ կետի 2-րդ ենթակետին և Կարգի 3-րդ հավելվածի 2-րդ բաժնի 7-րդ կետին, նշում է, որ դրանցով սահմանված՝ «պետական բյուջե փոխանցվող գումարի չափի (...) մասով սեփականության իրավունքի սահմանափակումը տեղի է ունեցել, ինչպես նաև պետական բյուջե վճարումներ կատարելու պարտականությունը սահմանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված Կարգով՝ օրենքով ու օրենսդրի կողմից սահմանվելու փոխարեն, ինչը հանգեցնում է իրավաբանական (...) պատասխանատվության և/կամ ՀՀ պետական բյուջե երաշխիքային գումարները փոխանցելու պարտականության/պարտավորության սահմանմանը՝ ոչ թե օրենքին, այլ ենթաօրենսդրական իրավական ակտին համապատասխան ու վերջինիս միջոցով»:

Դիմողը, անդրադառնալով «Երաշխիքների ներկայացման և պետական բյուջե փոխանցման կարգ» վերտառությամբ 3-րդ հավելվածի՝ «Ֆորս մաժորային իրավիճակներ» վերտառությամբ 3-րդ բաժնին, գտնում է, որ՝ «(...) Կարգով սահմանվել է, որ լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում միայն արտակարգ և անկանխելի դեպքերի (անհաղթահարելի ուժի և/կամ ֆորս մաժորային իրավիճակների) առկայության պարագայում, որոնց նկարագիրը ևս սահմանվել է Կարգով՝ Հանձնաժողովի կողմից, իսկ պատասխանատվությունից կամ պարտականությունից ազատվելու որևէ այլ դեպք, ինչպես օրինակ՝ մեղքի բացակայությունը, Կարգով չի սահմանվել, և Օրենքով նույնպես սահմանված չէ»:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող իրավադրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3 և 8-րդ մասերին, ինչպես նաև 78 և 80-րդ հոդվածներին այնքանով, որքանով դրանք որպես քննարկվող պատասխանատվությունը չկիրառելու և (կամ) պարտականությունը չկատարելու հիմք չեն սահմանում մեղքի բացակայությունը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով խնդրո առարկա դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Հանձնաժողովը, կիրառելով Որոշումը, մասնավորապես՝ բայց ոչ միայն՝ դրա 1-ին կետով հաստատված Կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետը, Կարգի «Երաշխիքների ներկայացման և պետական բյուջե փոխանցման կարգ» վերտառությամբ 3-րդ հավելվածի «Երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու դեպք» վերտառությամբ 2-րդ բաժնի 7-րդ կետը, ինչպես նաև հաշվի չառնելով Ընկերության մեղքի բացակայությունը՝ Որոշմամբ նման դրույթների բացակայությամբ պայմանավորված, Ընկերության նկատմամբ կայացրել է իրավաբանական (ֆինանսական) պատասխանատվություն սահմանող (առաջացնող, կիրառող) որոշումներ, իսկ թիվ ՎԴ/7447/05/21 վարչական գործով ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն իրավաչափ են համարել Հանձնաժողովի կայացրած որոշումներն ու մերժել են Դիմողի հայցը, վերաքննիչ բողոքը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի ընդունումը, (...)» (ընդգծումը՝ Դիմողի):

Ինչպես ակնհայտ է վերոգրյալից, սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/7447/05/21 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի (իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ), այդ թվում՝ դրա 47-րդ կետի 2-րդ ենթակետի, «Երաշխիքների ներկայացման և պետական բյուջե փոխանցման կարգ» վերտառությամբ 3-րդ հավելվածի՝ «Երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու դեպքերը» վերտառությամբ 2-րդ բաժնի 7-րդ կետի, ինչպես նաև «Ֆորս մաժորային իրավիճակներ» վերտառությամբ 3-րդ բաժնի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել