Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7820 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-78)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 78 | ««ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի ապրիլի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արտակ Ղազարյան, Գագիկ Գրիգորյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՔաղԴՕ 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը այնքանով, որքանով աշխատանքային պայմանագիրը (մասնավորապես՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով) լուծելու ակտի (հրամանի) վիճարկման դեպքում պարտադրում է դատարանի իմպերատիվ, ավտոմատ բնույթի միջամտություն տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի (գործատուի) տնտեսական գործունեության ազատության հիմնական իրավունքին, եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու ակտում (հրամանում) նշված չեն համապատասխան փաստական հիմքերը կամ բացակայում է այդպիսի հիմքեր պարունակող փաստաթղթին հղումը՝ անկախ այդ փաստական հիմքերի (աշխատակցին վերագրվող փաստական հանգամանքները)՝ իրականության մեջ գոյություն ունենալու, գործատուի կողմից աշխատակցին այդ փաստական հիմքերի մասին նախապես պատշաճ տեղեկացրած լինելու, աշխատակցի այդ փաստական հիմքերի վերաբերյալ նախապես բացատրություն տալու (նրա «լսված լինելը») գործատուի կողմից ապահովելուց, ճանաչել Սահմանադրության 75-րդ, 78-րդ, 59-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

(...) ՔաղԴՕ 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը այնքանով, որքանով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելու անհատական իրավական ակտում փաստական հիմքերի արտացոլված չլինելու (կամ փաստական հիմքեր պարունակող փաստաթղթին հղման բացակայության) բերումով, իմպերատիվ կերպով պարտադրում է դատավարության անայլընտրանք եզրափակում վիճարկվող ակտի անվավեր ճանաչմամբ՝ բացառելով ակտի իրավաչափության հիմքում ընկած փաստական հիմքերի ստուգման հետագա (քննության) հնարավորությունը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր» :

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/2737/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ սույն դիմումի շրջանակներում առկա է սահմանադրաիրավական վեճ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության շուրջ այնքանով, որքանով նշված նորմն իր բովանդակությամբ աշխատանքային պայմանագիրը, մասնավորապես, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով լուծելու վերաբերյալ իրավական ակտի (հրամանի) վիճարկման դեպքում պարտադրում է դատարանի իմպերատիվ և ավտոմատ բնույթի միջամտություն տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի (գործատուի) տնտեսական գործունեության ազատությանն այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ իրավական ակտում (հրամանում) նշված չեն համապատասխան փաստական հիմքերը, կամ բացակայում է այդպիսի հիմքեր պարունակող փաստաթղթին հղումը, անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք այդ փաստական հիմքերը (աշխատակցին վերագրվող փաստական հանգամանքները) իրականում գոյություն ունեն, արդյո՞ք գործատուն աշխատակցին նախապես պատշաճ կերպով տեղեկացրել է այդ հիմքերի մասին, և արդյո՞ք ապահովվել է աշխատակցի՝ այդ փաստական հանգամանքների վերաբերյալ նախապես բացատրություն տալու, այսինքն՝ «լսված լինելու» հնարավորությունը, որի հետևանքով առաջացել է նշված նորմի և Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաև Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներով ամրագրված՝ սահմանադրական սկզբունքների հետ համատեղելիության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ։

Դիմողը գտնում է, որ սույն դիմումի շրջանակներում առկա է նաև սահմանադրաիրավական վեճ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության շուրջ այնքանով, որքանով նշված նորմն իր բովանդակությամբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելու անհատական իրավական ակտում փաստական հիմքերի արտացոլված չլինելու (կամ փաստական հիմքեր պարունակող փաստաթղթին հղման բացակայության) դեպքում իմպերատիվ կերպով պարտադրում է դատավարության անայլընտրանք եզրափակում՝ վիճարկվող ակտն անվավեր ճանաչելով՝ դրանով իսկ բացառելով իրավական ակտի իրավաչափության հիմքում ընկած փաստական հանգամանքների հետագա ստուգման և քննության հնարավորությունը, ինչի հետևանքով առաջացել է նշված նորմի և Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի համատեղելիության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ։

Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմի իմպերատիվ ձևակերպումը և (կամ) դրան հաղորդված դատական մեկնաբանությունը, ըստ էության, «պարտադրում է» հիմնական իրավունքին միջամտություն բոլոր դեպքերում, անկախ նրանից՝ արդյո՞ք առկա է եղել այնպիսի իրական խախտում, որը կարդարացներ տնտեսական գործունեության ազատության համապատասխան բաղադրատարրի սահմանափակումը։

Դիմողը նաև գտնում է, որ վիճարկվող դրույթը գործատուին զրկում է դատավարական այն հնարավորությունից, որ վերջինիս կողմից գործի քննության ընթացքում ներկայացվի և դատարանի կողմից գնահատման արժանանա այն ապացուցողական հիմնավորումների ամբողջությունը, որը վերաբերում է ոչ թե հետագայում ծագած նոր իրադարձություններին կամ post factum ի հայտ եկած փաստերին, այլ աշխատանքային հարաբերության դադարեցման պահին արդեն իսկ առկա և գոյություն ունեցող փաստական հանգամանքներին։ Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող նորմը, ըստ էության, պարտադրում է դատավարության այնպիսի ձևականացում, որն անձին (գործատուին) զրկում է իր տնտեսական գործունեության ազատության արդյունավետ պաշտպանության իրական հնարավորությունից՝ ակտի ձևական թերությունը վերածելով իրավական արդյունքի կանխորոշման և գործի լուծման ինքնուրույն հիմքի։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ նկատի ունենալով սույն անհատական դիմումով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/2737/02/24 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսպիսով, սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/2737/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

20 մայիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-78

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-78
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել