Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԼԵՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԼԵՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-54 փետրվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 փետրվարի 2019թ. ՍԴԴԿՈ - 5 | ԵԼԵՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 փետրվարի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ Հ.

Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով Ելենա Պողոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի Ելենա Պողոսյանը 18.01.2019 թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «սահմանված ժամկետը» եզրույթի մասով, բավարար չափով որոշակի չլինելու, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը, 158-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը, բավարար չափով որոշակի չլինելու, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61- րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «սահմանված ժամկետը» եզրույթը Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ կամ հենց այդ իմաստն ունենալու փաստով, հակասում է ՀՀ Սահմանադրության 61 և 79-րդ հոդվածներով սահմանված և երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքին և իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դրանից ուղղակիորեն չի բխում, որ դրանում նշված «սահմանված» ժամկետը վերաբերում է ոչ թե Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանված ժամկետին, այլ օրենքով նախատեսված վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետին: Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի, 158-րդ հոդվածի 5-րդ մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9- րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետի իրավակարգավորումներին դիմողը նշում է, որ դրանք «…հակասում են իրավական որոշակիության սկզբունքին և դատարանի մատչելիության իրավունքին», քանի որ դատական պաշտպանության համար դիմած անձանց համար անհամաչափ և չհիմնավորված պարտականություն են սահմանում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կողմից վրոհիշյալ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Մասնավորապես, դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները Սահմանադրական դատարան կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Ինչպես վկայում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի

ուսումնասիրությունը, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը, ի դեմս Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հունիսի 27-ի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման, օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների, իսկ Վճռաբեկ դատարանի նշյալ ակտը կայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման շրջանակներում, համաձայն որի անհատական դիմումները կարող են Սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Տվյալ դեպքում, դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, մինչդեռ դիմողի դիմումը փոստային ծառայությունում մուտքագրվել է 2019 թվականի հունվարի 16-ին: Հետևաբար, դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության ու լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և չեն կարող հայեցողաբար մեկնաբանվել, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական գործընթացներ, որոնք պայմանավորված են դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Ուստի, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարել այնպիսի գործողություններ (այդ թվում նախ դիմում ներկայացնելիս), ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կանոններով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69- րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Ելենա Պողոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

4 փետրվարի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 փետրվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել