Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԻԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԻԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2421 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 24 | ԼԻԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 ապրիլի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Լիանա Մելիքյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լիանա Մելիքյանը (ներկայացուցիչներ Ս. Պողոսյան, Ա. Նավասարդյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 4-ին) խնդրելով. «1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2) Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 60-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 50-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանները, առանց ամրագրելու վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը, հաստատված են համարել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հանգամանքը և/կամ անդրադարձել ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու փաստարկներին: Դիմողի պնդմամբ` «Այդ կերպ է վարվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը ՎԴ/13203/05/17, ՎԴ/3118/05/19, թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործերով համապատասխանաբար 31.07.2019թ., 10.11.2020թ., 11.12.2020թ. կայացրած որոշումներում, ինչի վերաբերյալ հատուկ կարծիք են հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը և Ստեփան Միքայելյանը»: Դիմողը գտնում է, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական դրույթի դատական պրակտիկայում այդպիսի մեկնաբանությամբ կիրառման պարագայում դատավարության մասնակիցների համար հստակ չի լինում, թե ո՞ր օրն է դատարանը համարում հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկի սկիզբը, ո՞ր օրվանից է համարվում հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնված, ո՞ր օրվանից սկսած պետք է գնահատել ժամկետը բաց թողնելու հիմք հանդիսացած փաստական հանգամանքները, ո՞ր օրվանից պետք է համարել հարգելի գնահատված փաստական հանգամանքները վերացված և, ըստ այդմ, ո՞ր օրվանից պետք է շարունակել կամ սկսել հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկը»: Դիմողը վերոգրյալի հիման վրա պնդում է նաև, որ «․․․ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը դատական պրակտիկայում կիրառված այդպիսի մեկնաբանությամբ բավարար չափով հստակ և որոշակի չէ, քանի որ իրավահարաբերության սուբյեկտների դատավարության մասնակիցների համար դատարանի գործողությունները և իր իրավաչափ ակնկալիքները կանխատեսելի չեն, ուստի չեն կարող համատեղել իրենց վարքագիծն այդ նորմի հետ»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների պահանջներին համապատասխան սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «... իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»: Թիվ ՎԴ/9478/05/20 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումով վիճարկվող Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ինչպես նաև նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը չեն կիրառվել դիմողի նկատմամբ. դրանք իրավական հետևանքներ չեն առաջացրել դիմողի նկատմամբ իր կողմից սույն դիմումով բարձրացված հարցի շրջանակներում: Վերահաստատելով 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումի քննությունը Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 60-րդ հոդվածի 1-ին մասով, ենթակա է մերժման: 3.2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը միաժամանակ արձանագրում է, որ սույն անհատական դիմումով դիմողն ըստ էության Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների կամ դատական ակտերի իրավաչափությանը: Այսպես դիմողը նշել է. ՀՀ վարչական դատարանը և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ միասին նաև Ստորադաս դատարաններ) իրենց որոշումներում հստակ չեն բացահայտել վիճարկվող Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» Երևանի քաղաքապետի 24.07.2019թ. թիվ 2623-Ա որոշման Հայցվորի համար ուժի մեջ մտնելու օրը, դատարան հայց ներկայացնելու ժամկետի ավարտի օրը, ժամկետը բաց թողնելու հարգելի համարված պատճառի սկզբի օրը, որից սկսած ընդհատվել է ժամկետի հաշվարկը, և ավարտի օրը, որից սկսած շարունակվել կամ սկսվել է հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկը, այլ միայն գտել են, որ Հայցվորի վիճարկվող վարչական ակտի մասին 16.09.2020թ. տեղեկանալու փաստը կասկածի տակ առնելու հիմքեր առկա չեն»: Վերը նշված ձևակերպումից դիմողի համար պարզ չէ Ստորադաս դատարանները 16.09.2020թ. համարել են Հայցվորի համար վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը, որից հետո կատարել են դատարան վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկը, թե ժամկետը բաց թողնելու հարգելի համարված պատճառի ավարտի օր, որից հետո շարունակել կամ սկսել են դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկը: Նշված հարցադրումն էական է այնքանով, որքանով առաջին դեպքում դիմողը կարող է իր դիրքորոշումը հայտնել հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկի սկզբի օրվա վերաբերյալ Ստորադաս դատարանների եզրահանգումներին, իսկ երկրորդ դեպքում բաց թողնված ժամկետի վկայակոչված պատճառի հարգելի լինելու կամ չլինելու, սկզբի և ավարտի օրվա վերաբերյալ գնահատականներին: Հետևաբար գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ»: Դիմողը նշել է նաև. Գտնում ենք, որ թիվ ՎԴ/9478/05/20 վարչական գործով ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանների որոշումներում Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/9097/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020թ. որոշման մեջ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որում բարձրացվել էր նշված հակասությամբ պայմանավորված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հարցը: Հետևաբար, գտնում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի իրականացրել օրենքների միատեսակ կիրառությունն ապահովելու իր գործառույթը վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տալով անորոշ բնույթ: Մասնավորապես, իրավահարաբերության սուբյեկտների համար պարզ չէ վարչական ակտի հրապարակման դեպքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձինք համարվում են իրազեկված այդ ակտի ընդունման մասին, և, ըստ այդմ, այն վերջիններիս համար համարվում է ուժի մեջ մտած, թե միայն հրապարակումը բավարար չէ, այլ անհրաժեշտ է, որ այդ ակտի մասին երրորդ անձինք փաստացի տեղեկացված լինեն»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում դատարանների դատական ակտերի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լիանա Մելիքյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

21 ապրիլի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել