ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-193)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 դեկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 193 | ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վիգեն Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի նոյեմբերի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վիգեն Ավետիսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Արթուր Հովհաննիսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(…)
2. «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, 31-րդ հոդվածին, 49-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4151/05/20 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունն այն մեկնաբանությամբ, որով թույլ է տրվում առանց որևէ հիմքի և պատճառաբանության կամայականորեն ազատել վարչական պաշտոն զբաղեցնող՝ տեսչական մարմնի ղեկավարին՝ նշվածը մեկնաբանելով որպես հայեցողական լիազորություն, խախտում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ վերոգրյալ լիազորության նման մեկնաբանման համատեքստում անձի՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը դառնում է իրավական ֆիկցիա, մասնավորապես, թեև անձը կարողանում է դիմել դատարան՝ ձևական առումով քննության առարկա դարձնելով իր իրավունքի խախտումը, այնուամենայնիվ, փաստացի չի կարողանում արդյունավետ պաշտպանել իր խախտված իրավունքը (իրավունքները), քանի որ եզրափակիչ դատական ակտն ի սկզբանե կանխորոշված է՝ պայմանավորված վիճարկվող դրույթին տրված համապատասխան մեկնաբանությամբ։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ վերոգրյալը բացառում է գործի ըստ էության քննությունը և հանգեցնում է վիճարկվող՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասությանը։
Ըստ Դիմողի՝ մի կողմից՝ Սահմանադրությունը յուրաքանչյուր անձի տվել է ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հնարավորություն, այդ թվում՝ հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունք, որը ներառում է հանրային ծառայությունից կամայականորեն չազատվելու իրավունքը, մյուս կողմից՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցնում են հանրային ծառայության անցնելու իրավունքի ձևախեղման՝ հանրային ծառայողի՝ առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատվելու պայմաններում։ Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ իր նկատմամբ կիրառված՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը հակասում է Սահմանադրության 49-րդ հոդվածին, քանի որ այն թույլատրում է առանց որևէ պատճառի, նույնիսկ խտրականորեն, և առանց հիմքերն ու պատճառները բացահայտելու անձին ազատել իր զբաղեցրած վարչական պաշտոնից։
Դիմողը նշում է, որ ողջամտորեն ենթադրելի է, որ դիմումում վկայակոչված դեպքերում անձի՝ պաշտոնից ազատման հիմքերն այնպիսին են, որ կարող են կասկածի տակ դնել վերջինիս անձնական և մասնագիտական հատկանիշները, «այդ իսկ պատճառով էլ չեն նշվել՝ դրանք պարտակելու նպատակով, որի պայմաններում անուղղակիորեն, բայց միաժամանակ ակնհայտորեն ոտնահարվում է տվյալ անձի` մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը»։
Դիմողը պնդում է, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատելու բացարձակ և առանց սահմանափակումների լիազորությունը (ի կատար ածելու իմաստով) դարձնում է անկանխատեսելի, քանի որ առկա չեն նման լիազորության իրացման համար հիմքեր, հիմքերի առկայության անհրաժեշտություն, նման լիազորության իրացման պատճառաբանման անհրաժեշտություն, որով պայմանավորված` տվյալ լիազորությունն օրենքի ուժով դարձել է բացարձակ անսահմանափակ, կամայական ու անորոշ, որն էլ ինքնին հանգեցնում է նման լիազորության իրացման իրավաչափության գնահատման անհնարինության։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, 31 և 49-րդ հոդվածներին, 57-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներին։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի/ դրույթների (սույն պարագայում նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել առ այն, որ վիճարկվող դրույթը/դրույթները (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է/են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակում վիճարկում է «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) համապատասխանությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, 31 և 49-րդ հոդվածներին, 57-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներին, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ թիվ ՎԴ/4151/05/20 վարչական գործի շրջանակներում Դիմողը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 682-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնին վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:
Այս առումով հարկ է փաստել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոնները:
«Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված է, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում վկայակոչել Սահմանադրական դատարանի 2024 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-1716 որոշումը, որով Սահմանադրական դատարանը, անդրադառնալով պետական վարչական պաշտոնի էությանը և առանձնահատկություններին, արձանագրել է հետևյալը.
«(...) հանրային պաշտոնների զբաղեցման համար օրենսդիրը սահմանել է այլ բնութագրիչներ (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս). հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են 1) քաղաքական գործընթացների, 2) հայեցողական որոշումների, 3) ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այս տեսակի պաշտոններն իրենց հերթին դասակարգվում են պետական և համայնքային հանրային պաշտոնների, որոնցից յուրաքանչյուրը ենթադասակարգվում է քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոնների, իսկ պետական հանրային պաշտոնների դեպքում՝ նաև ինքնավար պաշտոնների:
Հանրային պաշտոնների նշյալ դասակարգումից հետևում է դրանց համալրման և պաշտոնից ազատման առանձնահատուկ կարգը: Մասնավորապես, ի տարբերություն հանրային ծառայության պաշտոնների (պետական կամ համայնքային), հանրային պաշտոններին նշանակումները և պաշտոններից ազատումները պայմանավորված են քաղաքական գործընթացներով կամ նշանակման և ազատման լիազորությամբ օժտված պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ։
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոնները «զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով» օրենսդրական ձևակերպումն ուղղակիորեն վերաբերում է տվյալ պաշտոնը զբաղեցնելուն: Այսինքն՝ առհասարակ պաշտոնավարումը և հետևաբար՝ պաշտոնին նշանակման և պաշտոնավարման դադարեցման հիմքը օրենսդիրը պայմանավորում է քաղաքական գործընթացներով, հայեցողական որոշումներով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերով։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ որոշումը, որն ուղղակիորեն նշանակում է ոչ միայն այդ պաշտոնում նշանակումը, այլ նաև տվյալ պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը, ամբողջովին վերապահված է տվյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական կամ համայնքային մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը, որի շրջանակը սահմանվում է Օրենքով կամ համապատասխան ոլորտային օրենսդրությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերով։
(...) Օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին՝ օրենսդիրը նախատեսել է միայն նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ առանց սահմանափակելու նույն հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը»:
Սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշումներ առ այն, որ «(...) վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը։
(...)
(...) օրենքով չնախատեսված հիմքով հանրային ծառայությունից ազատելու արգելքին վերաբերող կանոնը պահպանված է, երբ օրենսդիրը որպես պաշտոնից ազատման հիմք առանձնահատուկ իրավիճակում դիտարկում է իրավասու մարմնի հայեցողությունը»:
Վերոշարադրյալից բխում է, որ օրենսդիրը սահմանել է հանրային պաշտոնին, այդ թվում՝ պետական վարչական պաշտոնին նշանակման և այդպիսի պաշտոնից ազատման առանձնահատուկ կարգ: Մասնավորապես՝ պետական վարչական պաշտոնին նշանակումը և այդպիսի պաշտոնից ազատումը պայմանավորվել են քաղաքական գործընթացներով կամ նշանակման և ազատման լիազորությամբ օժտված պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ։ Ընդ որում՝ օրենսդիրը պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասել է հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին և սահմանել է նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ չսահմանափակելով տվյալ հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը։
Սույն համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ թիվ ՎԴ/4151/05/20 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն իր` 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ևս վկայակոչել և համապատասխան եզրահանգման հիմքում դրել է Սահմանադրական դատարանի վերը նշված՝ 2024 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-1716 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները։
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 31, 49 և 61-րդ հոդվածներով, ինչպես նաև 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված՝ համապատասխանաբար մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հանրային ծառայության անցնելու, արդյունավետ դատական պաշտպանության և աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության հիմնական իրավունքներին, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ նշված հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն ամրագրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ հոդվածներով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։
Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վիգեն Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
17 դեկտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-193
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-193
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
