Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 56-ՐԴ ՀՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 56-ՐԴ ՀՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3315 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 փետրվարի 2022թ. ՍԴԱՈ - 33 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի հունիսի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել վարչական դատարանի (այսուհետ նաև` Դիմող) 2021 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը, որով դիմողը որոշել է. «Դիմել ՀՀ Սահմանադրական դատարան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»:

2. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2014 թվականի փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ին: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է.

«3. 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև`

1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.

2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին.

3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.

4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը: (…)»:

Օրենքի 9-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 2014 թվականի մայիսի 19-ին ընդունված ՀՕ-29-Ն օրենքով, 2014 թվականի հունիսի 10-ին ընդունված ՀՕ-55-Ն օրենքով, 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված ՀՕ-198-Ն օրենքով, 2015 թվականի մարտի 4-ին ընդունված ՀՕ-14-Ն օրենքով, 2017 թվականի մայիսի 31-ին ընդունված ՀՕ-91-Ն օրենքով, 2018 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՕ-143-Ն օրենքով, 2018 թվականի հունիսի 21-ին ընդունված ՀՕ-341-Ն օրենքով, 2019 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՕ-101-Ն օրենքով, 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-68-Ն օրենքով: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2014 թվականի հունիսի 10-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 28-ին: Վերոհիշյալ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է.

«4. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակվել է սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ: Սույն մասով սահմանված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են զինվորական ծառայության ժամանակահատվածը և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելը աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը: Սույն մասով սահմանված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով: Կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով»: Սույն հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված ՀՕ-95-Ն օրենքով, 2017 թվականի մայիսի 31-ին ընդունված ՀՕ-92-Ն օրենքով, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված ՀՕ-311-Ն օրենքով և 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված ՀՕ-494-Ն օրենքով:

3. Սույն գործով դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. թիվ ՎԴ/4364/05/19 վարչական գործի շրջանակներում Ռոբերտ Դարբինյանը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելուն` կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մասնագիտական ստաժում հաշվառելով 21 տարվա ծառայության ստաժը` 203.000 Հայաստանի Հանրապետության դրամ կենսաթոշակի չափ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Վարչական դատարանը, կասեցնելով թիվ ՎԴ/4364/05/19 վարչական գործի քննությունը, դիմել է Սահմանադրական դատարան Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

4. Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողին նշանակված կենսաթոշակի չափը կայուն է և ենթակա չէ փոփոխության, որպիսի կարգավորումն իրավաչափ չէ, քանզի հանգեցնում է անձի սահմանադրական իրավունքների խախտման այն հիմնավորմամբ, որ առավել անբարենպաստ վերաբերմունք է համեմատելի իրավիճակում գտնվող այլ անձանց նկատմամբ: Վերլուծելով օրենսդրական համապատասխան կարգավորումները Դիմողը նշում է, որ անձնական նախաձեռնությամբ ծառայությունից/պաշտոնից ազատված/լիազորությունները դադարած մաքսային ծառայության քննիչի, հարկային ծառայության քննիչի, ինչպես նաև հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակվում և հաշվարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ հիշյալ հոդվածի հիմքով նշանակված ու հաշվարկված կենսաթոշակի չափն առավել նվազ է, քան նույն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափը, ապա տվյալ պարագայում կենսաթոշակը հաշվարկվում և վճարվում է առավել բարենպաստ իրավակարգավորում սահմանող Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչդեռ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողին, որի լիազորությունները դադարեցվել են իր գրավոր դիմումի հիման վրա, կենսաթոշակ նշանակվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, որի արդյունքում կենսաթոշակի չափը ենթակա չէ փոփոխման և վերահաշվարկման, որպիսի տարբերակված մոտեցումը չի համապատասխանում Սահմանադրությանը: Հղում կատարելով Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռներին Դիմողն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել համեմատելի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը: Դիմողը նշում է, որ քննարկվող դեպքում առկա չէ որևէ ողջամիտ պատճառաբանություն առ այն, թե ինչու է օրենսդիրը միևնույն հիմքով պաշտոնական լիազորությունները դադարած հարկային ծառայության, մաքսային ծառայության քննիչներին և հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին առավել բարենպաստ պայմաններով կենսաթոշակի իրավունք վերապահել ի տարբերություն քննչական կոմիտեի համապատասխան ծառայողների: Արդյունքում, ըստ Դիմողի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով կենսաթոշակի բնականոն աճ չի նախատեսում հիշյալ անձանց համար, խաթարում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունն ու խտրականության արգելքի սկզբունքը: Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը չի ապահովում համեմատելի կարգավիճակում գտնվող անձանց համար հավասար պայմաններով կենսաթոշակի իրավունքը, որպիսին կարող էր ապահովված լինել, եթե օրենսդիրն Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում ներառած լիներ նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնից ազատված անձանց, ինչի բացակայությունը Դիմողը գնահատում է իբրև օրենսդրական բաց, որն էլ հանգեցնում է օրենքի առջև ընդհանուր հավասարության խախտման: Առկա կարգավորումների վերլուծության և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներով արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո Դիմողը գտնում է, որ վիճահարույց դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին այնքանով, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնից ազատված անձինք զրկվում են բնականոն աճ նախատեսող կենսաթոշակ ստանալու օրինական ակնկալիքից, որի արդյունքում խախտվում է վերջիններիս Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:

5. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող) հայտնել է, որ քննչական կոմիտեն ստեղծվել է 2014 թվականին քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մինչ այդ քրեական գործերով նախաքննություն կատարում էին հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Պատասխանողն արձանագրում է, որ քննչական կոմիտեի ստեղծումից հետո Կառավարությանն առընթեր ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինների քննիչներն օրենքի ուժով աշխատանքի են անցել քննչական կոմիտեում: Վկայակոչելով համապատասխան իրավանորմերը Պատասխանողը փաստում է, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակը նշանակվում է Օրենքով նախատեսված կարգով միևնույն ժամանակ բացառություն նախատեսելով այն անձանց համար, որոնք քննչական կոմիտեում համապատասխան պաշտոնում նշանակվել են Կառավարությանն առընթեր ոստիկանության և պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի պաշտոնից հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատավարձերի հաշվարկման նախկինում գոյություն ունեցող կարգը: Պատասխանողը, վերլուծելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները, ընդգծում է, որ անձը ձեռք է բերում սեփականության իրավունքի պաշտպանության իրավունք միայն այն դեպքում, եթե այդ իրավունքն արդեն իսկ ճանաչված է օրենքով սահմանված կարգով, կամ օրենքի ուժով անձն ունի սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք, ուստի տվյալ դեպքում որոշակի հիմքերով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնից ազատված անձանց բնականոն աճ նախատեսող կենսաթոշակ ստանալու օրինական ակնկալիք ունենալու վերաբերյալ Դիմողի փաստարկները հիմնավոր չեն:

6. Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ի պատասխան սույն գործով զեկուցող դատավորի ներկայացրած հարցադրումների 2022 թվականի հունվարի 26-ի գրությամբ տրամադրված տեղեկատվությունը, գործի մյուս նյութերը, վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված իրավական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված` գործի քննությունը մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 որոշման համաձայն` «Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու, հանգամանքը»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Դիմողը բարձրացնում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները բավարարող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողների կենսաթոշակի հաշվարկի նկատմամբ տարբերակված մոտեցման սահմանադրականության հարց պայմանավորված այն իրողությամբ, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողների կենսաթոշակը հաշվարկվում է հիշյալ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով` ի տարբերություն հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձանց, հարկային ծառայության քննիչի պաշտոնից ազատված և մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատված անձանց, որոնց կենսաթոշակը կարող է հաշվարկվել ինչպես Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, որի արդյունքում քննչական կոմիտեի համապատասխան ծառայողների կենսաթոշակը չի կարող վերահաշվարկել և ըստ այդմ բարձրանալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակցի դրական փոփոխության դեպքում: Հետազոտելով վիճարկվող իրավադրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը` Սահմանադրական դատարանը նկատում է, որ Կառավարության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 895-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածով նախատեսված կարգի 1-ին կետի համաձայն տվյալ որոշմամբ նախատեսված կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները: Նույն հավելվածով հաստատված կարգի 37-րդ կետի, որը խնդրո առարկա հարցի առնչությամբ փոփոխության չի ենթարկվել, համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են Օրենքով նշանակված և հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով անկախ Օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Նույն դրույթի համաձայն եթե Օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել նախկին չափով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կառավարության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 895-Ն որոշման 3-րդ հավելվածով սահմանված կարգի 37-րդ կետը նախատեսում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները (այդ թվում 56-րդ հոդվածի 4-րդ մասով) համարել որպես Օրենքով սահմանված կարգով նշանակված: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված կենսաթոշակը համարվում է Օրենքով նշանակված կենսաթոշակ և հաշվարկվում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի, հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում: Այս հանգամանքը փաստված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից` ի պատասխան սույն գործով զեկուցող դատավորի ներկայացրած հարցադրումների 2022 թվականի հունվարի 26-ի գրությամբ որպես Օրենքով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակների նշանակման և հաշվարկման հարաբերությունները կանոնակարգող նորմերի իրավակիրառ պրակտիկայում ստացված այնպիսի մեկնաբանություն, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված կենսաթոշակը համարվում է Օրենքով նշանակված կենսաթոշակ և հաշվարկվում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Կառավարության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 895-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածով սահմանված կարգի կիրառմամբ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի, հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի և մյուս կողմից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները բավարարող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողի կենսաթոշակի հաշվարկման կարգերի միջև տարբերության բացակայությունը հերքում է Դիմողի իր վարույթում գտնվող վարչական գործով հայցվորի նկատմամբ տարբերակված մոտեցման մասին պնդումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դիմողի կողմից դիմումում ներկայացված իր վարույթում գտնվող վարչական գործով հայցվորի նկատմամբ վիճարկվող իրավադրույթների կիրառման դեպքում տարբերակված վերաբերմունքի վերաբերյալ մտահոգությունները փարատված են, ապա բացակայում է սույն գործով սահմանադրաիրավական վեճը, որի առկայությունը Սահմանադրական դատարանում գործի քննության ենթակա լինելու անհրաժեշտ պայման է: Ուստի ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 փետրվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել