ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 41 | ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Մաթևոս Դավթյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մաթևոս Դավթյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 8-ին)՝ խնդրելով.
«Սահմանադրության 60-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին թիվ ՀԿԴ/0137/02/24 քաղաքացիական գործով 2025թ. դեկտեմբերի 22-ի թիվ ՀԿԴ/0137/02/24 որոշմամբ տրված մեկնաբանությունն՝ այն մասին, որ այն դեպքում, երբ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում սուբյեկտն, ում ենթադրաբար պատկանող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի կապակցությամբ պետք է իրականացնել ուսումնասիրություն, Օրենքի իմաստով պաշտոնատար անձ է, տեղի է ունենում հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակների՝ Սահմանադրական դատարանի՝ 2025թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշման 102-րդ կետում նշված մեկտեղումը կամ փոխլրացումը, հետևաբար՝ հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումների իմաստով հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակները կարող են համընկնել կամ փոխլրացնել միմյանց նաև այն դեպքում, երբ Իրավասու մարմինը կայացնում է Օրենքի 1-ին հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին որոշում, և որոշմամբ նշվում է, որ անձը, որին ենթադրաբար պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, Օրենքի իմաստով պաշտոնատար անձ է»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հայցադիմումի բովանդակությունը կարող է հանգել բռնագանձման ենթակա ու ապօրինի ծագում ունեցող համապատասխան գույքերի՝ և՛ համապատասխան հանցանքի հետ կապ ունենալու հանգամանքին, և՛ համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնը ստանձնելուց հետո ձեռքբերված լինելու հանգամանքին, եթե ուսումնասիրությունը սկսվել և/կամ շարունակվել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի և Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքի հիման վրա, այսինքն՝ այն պայմաններում, երբ ուսումնասիրություն սկսելու մասին որոշման հիմքում ընկած փաստական տվյալները (...) հանգում են նրան, որ, բացի անձին մեղսագրված համապատասխան հանցանքի հետ առերևույթ կապ ունեցող՝ առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքից, առկա է նաև գույք, որն Օրենքում նշված պաշտոնատար անձը ձեռք է բերել հիշյալ պաշտոնը ստանձնելուց հետո, և որն առերևույթ ունի ապօրինի ծագում։
Այսինքն՝ գտնում եմ, որ վերոգրյալ պարագան է վկայում՝ այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի՝ օրենսդրի հետապնդած նպատակները Օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց փոխլրացրել են»:
Դիմողն ընդգծում է, որ «(…) այն դեպքում, երբ Օրենքում նշված պաշտոնատար անձը պաշտոնը ստանձնելուց հետո առերևույթ կատարել է Օրենքով նախատեսված կոռուպցիոն բնույթի հանցանք, որի արդյունքում ձեռք է բերել առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույք, ապա այդ պարագայում է, որ ուսումնասիրության՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ բացառապես 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով իրականացված լինելն, այլ խոսքով` ուսումնասիրություն սկսելու մասին որոշման մեջ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկը չնշելը, կարող է չհանդիսանալ խոչընդոտ՝ ապօրինի ծագում ունեցող հիշյալ գույքը բռնագանձելու պահանջ ներկայացնելու համար՝ այնքանով, որքանով այս պարագայում փաստվում է այն իրավիճակը, երբ օրենսդրի հետապնդած՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի նպատակները նույն գույքի կապակցությամբ միմյանց համընկել են»:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ տվյալ որոշման 102-րդ կետով արտահայտված վերաբերելի դիրքորոշումը «(...) երբեք չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ եթե ուսումնասիրությունը սկսվել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ այն փաստական պատճառաբանությամբ, որ Օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ Օրենքով նախատեսված պաշտոնը ստանձնելուց հետո Օրենքով նախատեսված համապատասխան հանցանք կատարելու համար հարուցվել է քրեական հետապնդում, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա այդ փաստն ինքնին բավարար է՝ «ինքնաշխատ» կամ փաստացի կերպով համարելու, որ առկա է եղել ուսումնասիրություն սկսելու՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նաև 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքն»:
Դիմողը պնդում է, որ «(...) այն դեպքում, երբ Օրենքի իմաստով պաշտոնատար անձին առերևույթ պատկանող գույքի վերաբերյալ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սկսվում է ուսումնասիրություն, ապա այդ պարագան չի կարող նշանակել նաև այն, որ բռնագանձման ենթակա գույքը կարող է գեներացված լինել ոչ թե քրեական հետապնդում հարուցելու հիմք հանդիսացած՝ պաշտոնատար անձի հանցավոր արարքի արդյունքում, այլ պաշտոնատար անձի` Օրենքով նախատեսված պաշտոնը ստանձնելուց հետո դրսևորած այնպիսի վարքագծի արդյունքում, որը ոչ հանցավոր է կամ թեկուզև հանցավոր է, սակայն այդ արարքի կապակցությամբ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։
Ըստ Դիմողի՝ «(...) 2025 թ. դեկտեմբերի 22-ից՝ թիվ ՀԿԴ/0137/02/24 քաղաքացիական գործով, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մյուս բոլոր քաղաքացիական գործերով վերաբերելի հարցի կապակցությամբ դատական պրակտիկան ընթացել է և կշարունակի ընթանալ այն ուղղությամբ, որ, այն դեպքում, երբ ուսումնասիրվում է Օրենքի իմաստով պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի ձեռքբերման օրինականությունն, ապա Իրավասու մարմինը լիազորված է բռնագանձելու նպատակով ուսումնասիրել նաև ուսումնասիրություն սկսելու հիմքի հետ չկապված գույքի ձեռքբերման օրինականությունը, հետևաբար՝ այդպիսի գույքը ևս կարող է բռնագանձվել՝ անկախ նրանից, որ ուսումնասիրությունը սկսվել, շարունակվել ու ավարտվել է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը բովանդակող` Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով կամ 6-րդ կետով, այլ՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը բովանդակող՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված հիմքերից որևէ մեկով»:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) իրավակիրառ պրակտիկայում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին տրված հիշյալ մեկնաբանությունը չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով հռչակված համաչափության հիմնարար սկզբունքին, հետևաբար՝ այդ մեկնաբանությունը համահունչ չէ իր գույքն ազատորեն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված հիմնարար իրավունքը միայն օրենքով սահմանափակելու՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշի բովանդակությանն՝ այնքանով, որքանով հիշյալ մեկնաբանությունը թույլ է տալիս Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիշյալ չափանիշը չապահովել, և դա այն դեպքում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի վերաբերելի գործիքակազմն ակնհայտ բավարար է` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշը լիարժեք ապահովելու, հետևաբար՝ հիշյալ չափանիշի գերակայությունը փաստելու համար»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշումներ առ այն, որ «(...) 2025թ. դեկտեմբերի 1-ի (...) միջնորդությունը մերժելու մասին 2025թ. դեկտեմբերի 22-ի թիվ ՀԿԴ/0137/02/24 որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումից հետևում է որ.
(...) Էական նշանակություն չի տրվել այն հարցին, թե գույքը բռնագանձելու նպատակով Դիմողի սեփականության հիմնարար իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունն արդյոք ունի լեգիտիմ կամ իրավագո հենք, այլ խոսքով՝ Դիմողի գույքի ապօրինության մասին կասկածն արդյոք ձևավորվել, հետևաբար՝ գույքը բռնագանձելու անհրաժեշտությունն արդյոք առաջացել է Սահմանադրական դատարանի՝ 2025թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշման 102-րդ կետում նշված՝ «Օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ»:
(...) Թույլ է տրվել, որպեսզի հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակների համընկնումը կամ փոխլրացումն արձանագրվի այն դեպքում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված հիմքերը Արտակ Դավթյանին վերագրված գույքի ուսումնասիրության, այդ թվում՝ Դիմողին պատկանող` (...) հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռք բերման օրինականության ստուգման ընթացքում կիրառված չեն եղել՝ չնայած նրան, որ Օրենքը նախատեսում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված հիմքերի կիրառման (պահպանման) ինքնուրույն կառուցակարգեր»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մաթևոս Դավթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
20 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-41
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-41
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
