Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2919 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 29 | ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 մայիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Ռոբերտ Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռոբերտ Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 29-ին) խնդրելով. «....

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերում նշված նորմերը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոնկրետ գործով իմ նկատմամբ կիրառվելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածում (Եզրափակիչ և անցումային դրույթներ) Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ Արդարադատության խորհրդի որոշումները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու իրավունք չունենալը իմ նկատմամբ կոնկրետ գործով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի նորմին թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ նորմատիվ իրավական ակտով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարվել է իր լիազորությունների շրջանակներում իրականացնել արդարադատություն այն հիմքով, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ Բարձրագույն դատական խորհրդի ՀՀ Արդարադատության խորհրդի իրավահաջորդ հանդիսանալը, որպիսի պարագայում ինքը զրկվել է իր իրավունքների պաշտպանությունից: Ավելին, ըստ դիմողի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով բաց առկա չէ, նշված խնդիրը պետք է կարգավորի Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ վերջինիս որոշումը չունի օբյեկտիվ հիմք, հետևաբար հակասում է Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դիմողի կարծիքով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած իր դիմումը ենթակա էր քննարկման անվերապահորեն անկախ այն հանգամանքից, թե ե՛րբ և ո՛ր մարմնի կողմից ընդունված որոշումն է վերանայվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով: Ըստ դիմողի կայացված որոշմամբ խախտվել են իր իրավունքները, ինքը զրկված է իր իրավունքների պաշտպանության այլընտրանքից:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրականդատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես. Դրանք են

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սույն գործի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներին ի պատասխան դիմողին է ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի Ե-2448 գրությունը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Նույն հոդվածի 6-րդ մասին համաձայն որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի ընդունած որոշումները ենթակա են հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար նախատեսված կարգով: Վերոշարադրյալ իրավակարգավորումների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը գրություն կազմելիս հանդես չի եկել որպես Դատարան: Որպես Դատարան հանդես գալու համար «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը մի շարք ընթացակարգեր ու պայմաններ է առաջադրում, որոնց համապատասխան գործելու պարագայում է միայն, որ նշյալ սահմանադրական մարմինը կարող է դիտարկվել որպես Դատարան: Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն էլ չի կարող դիտվել որպես վերջնական դատական ակտ կոնկրետ սահմանադրական վերահսկողության լույսի ներքո: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռոբերտ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

19 մայիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել