Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՇՈՏ ԶԱՐԲԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՇՈՏ ԶԱՐԲԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2829 մայիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 28 | ԱՇՈՏ ԶԱՐԲԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 մայիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Աշոտ Զարբաբյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Աշոտ Զարբաբյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 15-ին)` խնդրելով. «...ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված բողոքների վերաբերյալ ճանաչել ՀՀ Սահմանադրության 14.1, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող»:

2. Դիմողը նշում է, որ «նոր երևան եկած հանգամանքի հիմքով ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բողոքը վարույթ ընդունելու դատավարական կարգավորումների տարբերությունները, մասնավորապես վճռաբեկ ատյանում ավելի անբարենպաստ, սահմանափակող ու անորոշ կարգավորումներ նախատեսող ՀՀ քաղաքա-ցիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասը, այն է նոր երևան եկած հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կարգավորումը, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին»: Ըստ դիմողի իր գործով Վճռաբեկ դատարանը չի ստուգել նոր երևան եկած հանգամանքի առկայությունն ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի պահանջված կարգի, չի ներկայացրել որևէ պատճառաբանություն, թե ինչու՞ հարկային մարմնի տված տեղեկանքը չի կարող նոր երևան եկած հանգամանք հանդիսանալ:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Վերջիններս միտված են Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ այն չի պարունակում բավարար հիմնավորումներ, որ վիճարկվող դրույթի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման, իսկ դիմողի կողմից համապատասխան բովանդակությամբ մատնանշված 14.1, 18 և 19-րդ հոդվածներ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 2-րդ գլխում առկա չեն, հետևաբար դիմումը պետք է գնահատել որպես ակնհայտ անհիմն: Բացի այդ, դիմողը, ձևականորեն վիճարկելով իրավադրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Նման դիմումների քննության ընդունումը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Աշոտ Զարբաբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

29 մայիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-28

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-28
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել