Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3327 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մայիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 33 | ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 մայիսի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Հասմիկ Պողոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հասմիկ Պողոսյանը (ներկայացուցիչ Վ. Գրիգորյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի մայիսի 10-ին) խնդրելով. «Որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից»:

2. Դիմողը հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որակվող հանցագործությունների համար, և քրեական հետապնդում իրականացնող մարմինը դիմել է դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությամբ: Այնուհետև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/1254/06/20 գործով 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնավորապես հերքելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասով հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ: Վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ բավարարվել է, և գործն ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կալանավորման հիմքերի մասով նոր քննության: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի նոյեմբերի 25-ին հիշյալ գործով կայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, որի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ մերժվել է։ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանին առաջադրված սահմանադրական վեճի բովանդակային առանցքն այն խնդիրն է, թե որքանո՞վ են Վճռաբեկ դատարանի կողմից քրեական իրավունքի նորմի իր գործով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դրույթների նախկինում ունեցած իրավական բովանդակության փոփոխությամբ նույն նորմի մեկնաբանությունն ու կիրառումը բավարարում Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածների պահանջները։ Ըստ նրա իր նկատմամբ կիրառվել են Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ նշված դիրքորոշումը, որը հաջորդել է իրեն մեղսագրված արարքի կատարման պահին, ինչը խախտում է դիմողի նկատմամբ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքները։ Սույն դիմումի ընդունելիության չափանիշներին համապատասխանության առնչությամբ դիմողը նշել է, որ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառված են այնքանով, որքանով առկա է Վճռաբեկ դատարանի որոշում, որով ստորադաս ատյանները կաշկանդված են։

3. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անհատական իրավունքի իրացման համար Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պայմաններն ինքնանպատակ չեն, և դրանց պահպանումը պարտադիր է Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի քննության իրավասության գործարկման համար։ Սույն դիմումի շրջանակներում ներկայացված դատավարական նախապատմությամբ դիմողի կողմից չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ ինքն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Մասնավորապես դիմողի կողմից դիմումին կից ներկայացվել են թիվ ԵԴ/1254/06/21 գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման, նույն գործով վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի փետրվարի 15-ի որոշման, Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշման և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 25-ի որոշման լուսապատճենները։ Դատական պաշտպանության միջոցներն սպառելու պայմանի բավարարման մասով դիմողն ընդամենը նշել է դիմումում, որ հիշյալ պայմանը բավարարված է համարում, քանի որ իր նկատմամբ կիրառվել է վիճարկվող իրավադրույթը վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի փետրվարի 17֊ի որոշմամբ, որը, ըստ դիմողի, իրեն չի տրամադրվել։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության այլ պայմանների բավարարված լինելու հարցին, փաստում է, որ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի փետրվարի 17֊ի որոշման առկայության մասին ենթադրությունները չեն կարող հիմք ծառայել անհատական դիմումի ընդունելիության հարցի լուծման նպատակով դրա գոյությունը փաստված լինելու համար, առավել ևս դրա բովանդակության որոշակիության համար։ Ամեն դեպքում, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումը և դրան կից նյութերը չեն պարունակում որևէ տեղեկություն այն մասին, որ դիմողը վճռաբեկության կարգով բողոքարկել է իր վկայակոչած վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի փետրվարի 17-ի որոշումը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը չի իրացրել դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր հնարավորությունները ինչը հանգեցրել է դատական պաշտպանության միջոցներն սպառելու պայմանի անտեսման, հետևաբար սույն դիմումի քննությունը, առանց քննության առնելու դիմումի ընդունելիության մյուս չափանիշների բավարարված լինելը, ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հասմիկ Պողոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

27 մայիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել