«ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 66 | «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 դեկտեմբերի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ` Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին) խնդրելով. «2. Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 31-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի և 47-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին»:
2. ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ն դիմել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան որպես պատասխանող, ի թիվս այլոց, նշելով սնանկության գործով կառավարչին: Հիշյալ դատարանը, հղում կատարելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան նորմին, վերադարձրել է հայցադիմումը այն սնանկության դատարանին ենթակա լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերահաստատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ամրագրված հիմնավորումները: Այնուհետև, նույն պահանջով ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ն դիմել է սնանկության դատարան, որը, նույնպես հղում կատարելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, վերադարձրել է հայցադիմումն այն պատճառաբանությամբ, որ դիմողն իր հայցադիմումում որպես պատասխանող է նշել սնանկության գործով կառավարչին: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ի թիվս այլնի, հղում կատարելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասին, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ներկայացված հայցապահանջը ենթակա չէ քննության թե՛ սնանկության գործի շրջանակներում, թե՛ քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս պարտապանի անունից, և ստացվում է մի վիճակ, որտեղ թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը նույն պարտապանն են: Դիմողը գտնում է, որ սնանկության գործով կառավարչին որպես պատասխանող ներգրավելու համար (նրա համաձայնության վերաբերյալ իրավակարգավորման առկայության պայմաններում) վերջինիս անբարեխիղճ գործողությունների արդյունքում պարտապանին հասցված վնասն օրենքի տրամաբանությամբ չի հանգեցնելու պատասխանատվության, իսկ նման իրավակարգավորումը չի կարող համարվել իրավունքի պաշտպանության և արդար դատաքննության իրավունքին զուգահեռ պիտանի և անհրաժեշտ կառուցակարգ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է.
1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 31 և 32-րդ հոդվածների վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 31 և 32-րդ հոդվածների մասով անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 31 և 32-րդ հոդվածների դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: Մասնավորապես, վերոհիշյալ սահմանադրական նորմն ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որում, ի թիվս այլնի, ընդգծված է վիճարկվող դրույթի դիմողի նկատմամբ կիրառված լինելու անհրաժեշտությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ,
2) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ
Քննության առարկա անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ենթակա է ընդունման, քանի որ առկա չեն այն մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջները, մասնավորապես, այն է`
- դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
- դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
- դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
- դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
- դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 31 և 32-րդ հոդվածների մասով, մերժել:
2. «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի անհատական դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
11 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-66
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 դեկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-66
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
