ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 25 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
7 մայիսի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Մագդա Եղիազարյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մագդա Եղիազարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 17-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 4, 6, 50, 75, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 12.11.1997 թ. «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 150 հրամանը»։
2. Դիմողի պնդմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 12.11.1997թ. «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանի իրավաչափությունը վարչական դատարանում վիճարկվել է ինցիդենտ վերահսկողության շրջանակներում: ՎԴ/0778/05/13 վարչական գործով հայցը դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4- րդ մասի համաձայն «.… դատարան կարելի է դիմել խախտումից հետո` եռամսյա ժամկետում», այսինքն ինցիդենտ նորմկոնտրոլի պարագայում հայցը վարչական դատարանի կողմից վարույթ չի կարող ընդունվել, եթե նորմատիվ ակտը կիրառած վարչական ակտի իրավաչափությունը չի վիճարկվել: Բացակայում է դատավարական իրավակարգավորումը և իրավակիրառական պրակտիկան, որով տեսականորեն և գործնականորեն հնարավոր կլիներ Վարչական դատարանների կողմից խնդրո առարկա հրամանի իրավաչափությունը վիճարկելու մասին հայցի վարույթն ընդունելն առանց դատական կարգով այդ ակտի հիմքում ընկած վարչարարության իրավաչափության վիճարկման:
Դիմողը գտնում է, որ իր նախորդ դիմումին կցված նյութերից բխում է, որ ինքը վիճարկել է խնդրո առարկա հրամանի հիման վրա իրականացրած վարչարարության իրավաչափությունը, դրանից հետո ինցիդենտ նորմկոնտրոլի հայց է հարուցել նշյալ հրամանի դեմ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
այսպես, 2020 թվականի մարտի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Մ. Եղիազարյանի N 6-754 անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի 2020 թվականի ապրիլի 13-ի ՍԴԴԿՈ-22 որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները: Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրել է. «Ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության գնահատման ժամանակ դատական պաշտպանության միջոցների սպառման պահանջը նշանակում է, որ անձը, հատուկ վարույթի շրջանակներում ենթաօրենսդրական ակտի իրավաչափությունը վիճարկելուց բացի, պետք է համապատասխան դատական ատյաններում քննարկման առարկա դարձնի այն անհատական ակտը, որն ընդունվել է համապատասխան ենթաօրենսդրական ակտի հիման վրա պահպանելով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխում նախատեսված նորմերով ներկայացող պահանջները: Օրենսդրությամբ նախատեսված այս հնարավորությունների իրացումից հետո միայն կարելի է փաստել անհատական գանգատի շրջանակներում դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման պահանջի պահպանման մասին»:
Սահմանադրական դատարանի դատական կազմի նշյալ որոշումից հետո դիմողը, կրկին դիմելով Սահմանադրական դատարան, նշում է, որ ինքը վիճարկել է խնդրո առարկա հրամանի հիման վրա իրականացրած վարչարարության իրավաչափությունը, դրանից հետո ինցիդենտ նորմկոնտրոլի հայց է հարուցել նշյալ հրամանի դեմ, այսինքն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Դիմողի մատնանշած թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործի շրջանակներում դիմողը 31.05.2011 թ. հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանի` Մագդա Եղիազարյանի բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը 30.07.2010 թվականից հաստատված ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովին` պարտավորեցնելու դիպլոմով /վկայագրով/ ամրագրելու Մագդա Եղիազարյանի բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը 30.07.2010 թվականից և այն Մագդա Եղիազարյանին հանձնելու, բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը դիպլոմով չամրագրելու ձևով դրսևորված անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ 2010 թ. հուլիսի 30-ից Մագդա Եղիազարյանի բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը դիպլոմով /վկայագրով/ ամրագրելուն և այն հանձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Սույն գործի շրջանակներում Վարչական դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 20-ի վճռով մերժել է դիմողի ներկայացրած հայցը: Նշյալ վճռով Վարչական դատարանը, վկայակոչելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության թիվ 327 որոշման մի շարք դրույթներ, արձանագրել է, որ «… ԲՈՀ-ը, մասնագիտական խորհրդից ստանալով որակավորման գործը, կատարել է վերը նշված կարգով սահմանված որոշակի գործողություններ, հետևաբար բացակայում է անգործությունը, ուստի դրա վերաբերյալ պահանջը հիմնավոր չէ …»։ Վերաքննիչ վարչական դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ արձանագրել է, որ «… Անգործությունը վարչաիրավական իմաստով կապված է վարչական մարմնի կողմից իր վրա դրված պարտականությունների չկատարման հետ, ուստի վարչական մարմնի անգործության և վրա հասած հետևանքների միջև պատճառական կապի առկայության մասին կարելի է խոսել բացառապես այն դեպքերում, երբ վարչական մարմնի վրա դրված է եղել որոշակի ակտիվ գործողություններ կատարելու պարտականություն, որը նա չի կատարել, ինչի արդյունքում առաջացել են հետևանքներ (Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների խախտում): Բացի դրանից, անհրաժեշտ է պարզել` կարող էր, արդյոք, պարտականություն հանդիսացող գործողության կատարումը կանխել իրավունքի խախտման առաջացումը, թե ոչ: Սույն գործի փաստերի համաձայն` ԲՈՀ-ը փորձաքննության արդյունքում 14.10.2010 թ. և 29.04.2011 թ. Մ. Եղիազարյանի աշխատանքը վերադարձրել է խորհուրդ` նշելով, որ կանդրադառնա Մ. Եղիազարյանի որակավորման գործին` վերափոխված ատենախոսության կրկնական քննարկման արդյունքներն ուսումնասիրելուց հետո։ 027 մասնագիտական խորհուրդը 13.06.2011 թ. գրությամբ ԲՈՀ-ի նախագահին տեղեկացրել է, որ ստացել են 29.04.2011 թ. որոշումը և տեղեկացրել ատենախոսին, սակայն, ԲՈՀ-ի ներկայացրած դիտողությունների վերաբերյալ առայժմ չունենալով ատենախոսի պատասխանները, չեն կարող գործին պատշաճ կարգով ընթացք տալ։
Այսինքն, ատենախոսությունը վերադարձնելով կրկնական քննարկման ԲՈՀ-ը մերժել է մասնագիտական խորհրդի գիտական աստիճան շնորհելու միջնորդությունը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ԲՈՀ-ի կողմից անգործություն ցուցաբերելու մասին բողոքաբերի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ ԲՈՀ-ը, մասնագիտական խորհրդից ստանալով որակավորման գործը, կատարել է օրենքով և այլ իրավական ակտերով իր վրա դրված պարտականություններ …»։ Դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը վարչական դատավարության ընթացակարգի շրջանակներում, ըստ էության, վիճարկել է վարչական մարմնի դրսևորած անգործությունը: Դատական ակտերով արձանագրվել է, որ վարչական մարմինը, ղեկավարվելով մի շարք իրավական ակտերով, մասնավորապես, «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 327 որոշմամբ, անգործություն չի դրսևորել, այլ կատարել է դրանցով նախատեսված համապատասխան գործողություններ: Այսինքն նշված գործի շրջանակներում քննարկման առարկա է դարձել վարչական մարմնի կողմից ենթադրյալ անգործություն դրսևորելու հարցը, որևէ անդրադարձ չի արվել իրականացված վարչարարության իրավաչափությանը, հանգամանք, որը կարևոր պայման է սահմանադրական անհատական գանգատի համատեքստում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի կիրառման փաստի արձանագրման և սահմանադրականության գնահատման ժամանակ: Այլ կերպ ասած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության գնահատման վերաբերյալ դիմումների ընդունելիության հարցի լուծման ժամանակ դատական պաշտպանության միջոցների սպառման պահանջը նշանակում է, որ անձը, հատուկ վարույթի շրջանակներում ենթաօրենսդրական ակտի իրավաչափությունը վիճարկելուց բացի, պետք է համապատասխան դատական ատյաններում քննարկման առարկա դարձնի անհատական ակտի, գործողության կամ անգործության իրավաչափությունը, որի վերաբերյալ ընդունված վերջնական դատական ակտով պետք է կիրառված լինի այն նորմատիվ իրավական ակտը, որի սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատական կազմը հայտնում է, որ անհիմն է դիմողի ներկայացրած փաստարկն առ այն, որ ինքը վիճարկել է խնդրո առարկա հրամանի հիման վրա իրականացրած վարչարարության իրավաչափությունը, քանի որ դատարանների կողմից արձանագրվել է, որ «ԲՈՀ-ը, մասնագիտական խորհրդից ստանալով որակավորման գործը, կատարել է օրենքով և այլ իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները …»: Այլ կերպ, դիմողի կողմից վիճարկվող թիվ 150 հրամանը չի կիրառվել փաստելու համար, որ անգործություն չի դրսևորվել: Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը վարչական դատարանում փորձել է վիճարկել «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանը, որը չհրապարակվելու պատճառով նաև ուժի մեջ չի մտել և չէր կարող դրվել որևէ իրավական վեճի լուծման հիմքում: Վերաքննիչ վարչական դատարանը տվել է հետևյալ գնահատականը. «Նման պայմաններում ակներև է, որ «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանը «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» չի հրապարակվել, որպիսի հանգամանքն իրավացիորեն արձանագրել է նաև ՀՀ վարչական դատարանը:
Իսկ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ չգտնվելու պայմաններում բացակայում է նաև դրա վիճարկման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, քանզի միայն նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ գտնվելու պայմաններում այն կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով դառնալ վիճարկման առարկա»:
Դիմողը չի անդրադառնում նաև իրավական ակտի ուժի մեջ մտած չլինելու հանգամանքին: Մինչդեռ, դատական ակտերից ակնհայտ է, որ դիմողը ցանկացել է վիճարկել ընդունված, սակայն պաշտոնապես չհրապարակված, հետևաբար ուժի մեջ չմտած «նորմատիվ իրավական ակտ»: Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո: Նշված դրույթի լույսի ներքո «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վերջինիս հրապարակված լինելու փաստով: Այսինքն, եթե համապատասխան նորմատիվ իրավական ակտը սահմանված կարգով հրապարակված չէ, ապա այն չի կարող համարվել ուժի մեջ մտած, հետևաբար կիրառման ենթակա և իրավական հետևանքներ առաջացնելու ունակ ակտ: Այլ կերպ ասած չհրապարակված, հետևաբար ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտն առկա օրենսդրական կարգավորումների շրջանակներում չի համարվում նորմատիվ իրավական ակտ վերջինիս բնորոշ հատկանիշներով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Այսինքն եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտը դիմողի նկատմամբ չի կիրառվել, ապա դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան չկիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:
Բացի դրանից, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում կիրառված «նորմատիվ իրավական ակտի» սահմանադրական դրույթն իր բովանդակության մեջ ներառում է սահմանված կարգով ընդունված, հրապարակված, ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը: Իսկ այն իրավական ակտերը, որոնք մինչև հրապարակվելը և ուժի մեջ մտնելը կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում, և սուբյեկտները, որոնք կարող են նման ակտերը վիճարկել Սահմանադրական դատարանում, հստակ ամրագրված են Սահմանադրությամբ: Հետևաբար դիմողի կողմից ներկայացված դիմումով փորձ է արվում վիճարկել հրաման, որը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտ: Սահմանադրության համապատասխան նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը մինչև հրապարակվելը և ուժի մեջ մտնելը չեն կարող վիճարկվել Սահմանադրական դատարանում: Այսինքն հրապարակված և ուժի մեջ չմտած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մագդա Եղիազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
7 մայիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
