Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1114 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 11 | «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 մարտի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով «Երևանշին» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Երևանշին» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Չաքմիշյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի փետրվարի 19-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել որպես ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/43425/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2024 թվականի հունիսի 21-ին կայացված որոշմամբ խախտվել են իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական իրավունքները, ինչպես նաև Սահմանադրության 74-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածները՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոնշյալ որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունը և դրա կիրառությունը հակասում են վերը թվարկված սահմանադրական նորմերին:

Ըստ Դիմողի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերոնշյալ՝ 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ հերքել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ պատասխանող կողմի ներկայացրած՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը բավարարելու պատճառաբանությունները՝ դրանք փոխարինելով հայցային վաղեմություն կիրառելու նոր պատճառաբանություններով, որոնք որևէ առնչություն չունեն վերոնշյալ միջնորդության ո՛չ պահանջի, ո՛չ փաստերի և ո՛չ էլ ժամկետի հետ: Մասնավորապես, Դիմողի պնդմամբ, վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ «(...) հայցային վաղեմությունը պետք է կիրառել անհիմն հարստացման պահանջի համեմատ, այլ ոչ թե առոչինչ գործարքի, (...) հայցային վաղեմության հատուկ ժամկետի փոխարեն անհրաժեշտ է կիրառել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը»:

Դիմողը նշում է նաև, որ «(...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը համարել է, որ կիրառելի չէ հայցային վաղեմության տասը տարվա ժամկետը, դրա հաշվարկը պետք է սկսել լրիվ այլ գործարքի (փաստի) կատարման օրվանից, քան թե պատասխանողի միջնորդության մեջ նշված գործարքն է ու դրա կատարման օրը: Այլ կերպ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը համարել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, իրեն՝ որպես դատարանի, իրավունք է ընձեռում, դատավարության կողմի փոխարեն, ըստ նպատակահարմարության, ձևափոխելու հայցային վաղեմության միջնորդությունը, քննելու այն առանց դատավարության կողմերի մասնակցության, և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության անունից կայացնելու դատական ակտ»:

Դիմողն ընդգծում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/43425/02/22 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ եզրահանգել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը սխալ է պատճառաբանված՝ պատասխանողի ներկայացրած՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը բավարարելու կապակցությամբ: Այնուամենայնիվ, ըստ Դիմողի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սեփական նախաձեռնությամբ հայցային վաղեմություն կիրառելու նոր պատճառաբանություններ է ներկայացրել, որոնք բովանդակային առումով որևէ առնչություն չունեն խնդրո առարկա միջնորդության հետ: Դիմողի պնդմամբ՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ըստ էության, վերաքննիչ բողոքի մերժումը, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռի հիմնավորվածությունը պատճառաբանել է գոյություն չունեցող հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության պայմաններում: Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վերաքննիչ ատյանում հայցային վաղեմության կիրառմանն առնչվող նման հարցի քննությունը, որը տեղի է ունեցել դատավարության կողմերի բացակայության պայմաններում, արդար դատաքննության իրավունքի առերևույթ խախտում է:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Համանման կարգավորում է նախատեսում նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը:

Միաժամանակ, Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը սահմանում են, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ միայն ներքոշարադրյալ հիմքերի միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.

1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Տվյալ դեպքում Դիմողը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջով Բանկից բռնագանձել անհիմն հարստացման գումարը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1097-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ գումարը գանձելու հաջորդ օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վերը նշված վճռի դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ մերժել է և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերադարձրել է թիվ ԵԴ/43425/02/22 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի հունիսի 21-ի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը՝ որոշմամբ նշված սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար՝ սահմանելով հնգօրյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրել է, որ թիվ ԵԴ/43425/02/22 քաղաքացիական գործով մեկ դրամական պահանջի համար գանձման է ենթակա պետական տուրք՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ վճարված է միայն 40.000 ՀՀ դրամ:

Տվյալ դեպքում Դիմողը, կրկին ներկայացված բողոքին չկցելով պետական տուրքի չվճարված մասը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հաստատող համապատասխան ծածկագիրը, վճռաբեկ բողոքում միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը:

Վճռաբեկ դատարանը, քննելով չվճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, գտել է, որ այն անհիմն է, քանի որ բողոք բերած անձը չի հիմնավորել նշված արտոնությունը սահմանելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նշված հիմքի առկայությունը՝ Ընկերության համապատասխան գույքային դրությունը՝ չներկայացնելով դրա վերաբերյալ բավարար ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողել առանց քննության:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշատակված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել ներկայացված վճռաբեկ բողոքը, որպիսի պայմաններում Դիմողն իր գործողությունների հետևանքով, ըստ էության, չի իրացրել վճռաբեկ ատյանում դատական պաշտպանության՝ օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Երևանշին» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Հ. Հովակիմյան

14 մարտի 2025 թվական

ՍԴԴԿՈ–11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել