Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3531 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մայիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 35 | ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 մայիսի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Սեյրան Օհանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սեյրան Օհանյանի դիմումը (ներկայացուցիչ` Կ. Մեժլումյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 17-ին (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի մայիսի 13-ին): Դիմողը խնդրում է. «Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 5-րդ մասի «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա» ձևակերպման մասով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին ու 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի բողոքարկման ժամկետի հաշվարկի մասով դատարանների տված մեկնաբանության կիրառմամբ, խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 75 և 79-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Դիմողը, մասնավորապես, նշում է, որ դատարանները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը մեկնաբանում են այնպես, որ «դատախազին բողոք ներկայացնելուց և դրա վերաբերյալ օրենքով սահմանված մեկ ամսվա ժամկետում պատասխան չստանալու դեպքում բողոքաբերը պետք է մեկ ամսվա ընթացքում քննիչի որոշման դեմ բողոք ներկայացներ դատարան, այլ ոչ թե սպասեր դատախազի պատասխանին և նոր միայն քննիչի որոշումը բողոքարկեր դատարան»: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ բողոքաբերն ամեն դեպքում զրկվում է դատախազի որոշումը դատարան բողոքարկելու հնարավորությունից, այսինքն դատարանի մատչելիությունից, ինչպես նաև դատախազի որոշումը ստանալով և դրանով իր բողոքը մերժելու մասին տեղեկություն ստանալով անձը զրկվում է քննիչի որոշումը դատարան բողոքարկելու իրավունքից: Դիմողը նշում է, որ դատարանում բողոքարկվել են ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի որոշումները, սակայն որևէ դատարան դատախազի որոշման բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցին ուղղակիորեն չի անդրադարձել. որոշումների եզրափակիչ մասերում անդրադարձել են միայն քննիչի որոշմանը, ինչը, ըստ դիմողի, ենթադրել է տալիս, որ դատարանները համարել են, որ դատախազի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Ըստ այդմ դիմողը բարձրացնում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարց «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա» ձևակերպման իրավական որոշակիության տեսանկյունից: Դիմողը նշում է, որ նշված ձևակերպման մեջ խոսք չկա որոշման մասին, մասնավորապես, հարուցումը մերժելու վերաբերյալ կարող է լինել ինչպես քննիչի որոշումը, այնպես էլ քննիչի որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատախազի կայացրած որոշումը, որը նույնպես տեղավորվում է «հարուցելը մերժելու վերաբերյալ» ձևակերպման մեջ, քանի որ դատախազի որոշումը, դրա վերլուծություններն ամբողջությամբ վերաբերում են հարուցումը մերժելուն, դրա օրինականությանը: Վերոգրյալով պայմանավորված դիմողը կարծում է, որ «ակնհայտորեն իրավական որոշակիության խնդիր կա ինչպես Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի «հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի» ձևակերպման մեջ, այնպես էլ 290-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպման մեջ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ»:

3. Դիմումի և վերջինիս կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն իրականում վիճարկում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափությունը համապատասխանաբար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից բերված բողոքը քննելու վերաբերյալ որոշում և այդ առնչությամբ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա որոշում կայացնելիս: Դիմողը, որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի հակասահմանադրականության հիմնավորում, մասնավորապես, նշում է, որ դատարան բողոքարկվել են ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի որոշումները, վերաքննիչ բողոքում, վճռաբեկ բողոքում բարձրացվել է իրավական հարց այն մասին, թե դատախազի որոշումը բողոքարկման ենթակա է, թե ոչ, սակայն որևէ դատարան դատախազի որոշման բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցին ուղղակիորեն չի անդրադարձել. որոշումների եզրափակիչ մասերում անդրադարձել են միայն քննիչի որոշմանը: Դիմողի կողմից, որպես վերոնշյալ նորմի հակասահմանադրականության հիմնավորում, ըստ էության, առաջ է քաշվում այն փաստարկը, որ թե՛ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ վերաքննիչ քրեական դատարանը չեն անդրադարձել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի արդյունքում դատախազի կողմից կայացված որոշմանը, ինչը դիմողը ներկայացնում է որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասին դատարանների կողմից տրված հակասահմանադրական մեկնաբանության արդյունք: Դիմողի կողմից վիճարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, որի վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումներն ըստ էության հանգում են նրան, որ դատարանները, համապատասխանաբար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը, այդ առնչությամբ վերաքննիչ բողոքը մերժելով, տվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրական մեկնաբանություն: Մինչդեռ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը և վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկման ժամկետների հաշվարկման կանոններով, մերժել են համապատասխանաբար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը, այդ առնչությամբ վերաքննիչ բողոքը այդ նորմին տալով տառացի մեկնաբանություն: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց…, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` …որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Վերոնշյալի առնչությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սեյրան Օհանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

31 մայիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-35

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-35
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել