ԱՐԿԱԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 75 | ԱՐԿԱԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 հոկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արկադի Համբարձումյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Արկադի Համբարձումյանը (ներկայացուցիչ` Ա. Մարտիրոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 15-ին) խնդրելով. «(…) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այնքանով, որքանով որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից այդ ակտը վիճարկելու պարագայում չի կասեցնում վարչական ակտի գործողությունը և չի սահմանում զգալի վնասի հասկացությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող»:
2. Ըստ դիմողի իր կողմից դատական կարգով Լույսեր» ՓԲ ընկերությանը տրամադրված շինարարության թույլտվությունները վիճարկելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ կառուցվող բազմաբնակարան շենքերի առկայության պայմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան հարևանությամբ բազմաբնակարան շենքերի կառուցումը հանգեցնելու է իր Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտմանը: Դիմողը գտնում է. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված այն դրույթը, համաձայն որի վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի գործողության կասեցման համար օրենսդիրը բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը (ներառյալ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները), կոչված չէ ապահովելու անձի ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն վարչական ակտի գործողության կասեցման համար որպես անհրաժեշտ պայման զգալի վնաս պատճառելու կամ այդ անձի իրավունքների պաշտպանությունը անհնարին դարձնելու հանգամանքները սահմանափակում են անձի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված արդար դատաքննության իրավունքը: Այդ սահմանափակումն արտահայտվում է նրանում, որ օրենսդրի կողմից հստակեցված չէ, թե որն է վնասը, ինչ չափորոշիչներով է որոշվում դրա զգալի կամ ոչ զգալի լինելու հանգամանքը: Նշված պատճառաբանությունները հիմք են հանդիսանում եզրահանգելու, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները հստակ չեն և խախտում են որոշակիության սկզբունքը»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սույն դիմումի շրջանակներում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության տեսանկյունից դիմողի կողմից բարձրացվել է երկու հարց. վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից այդ ակտը վիճարկման վարույթի շրջանակներում վիճարկելու պարագայում վարչական ակտի գործողության առանց նախապայմանների չկասեցվելու հարցը (3.1) և զգալի վնասի հասկացության սահմանված չլինելու հարցը (3.2): 3.1. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական վարույթի մասնակիցներն են`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով»: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կարգավորումները հանգում են նրան, որ ընդհանուր կանոնի համաձայն վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի: Նշված դեպքերից է դիմողի համար հնարավոր բացասական հետևանքներ առաջացրած հիշատակված հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որով նման բացառություն է սահմանված այն դեպքերի համար, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները): Միաժամանակ, նման դեպքերում հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ստացվում է, որ օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում զգալի վնասի պատճառման հնարավորության կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հավանականնության գնահատումը վերապահել է դատարանին: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ քննարկվող հարցի (դրույթների) հնարավոր հակասահմանադրականության առնչությամբ դիմողի կողմից ներկայացված փաստարկները հիմնազուրկ են. դիմողը չի հիմնավորել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը սույն դիմումը դարձնում է ակնհայտ անհիմն: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.2. Դիմողն ըստ էության բարձրացնում է դատարանի գործողությունների իրավաչափության, դատական ակտերի օրինականության հարցեր: Դիմողի դիրքորոշմամբ «զգալի վնաս» հասկացությունը պայմանավորված է բնակելի տան շուկայական արժեքի նվազմամբ: Այդ առնչությամբ թիվ ՎԴ/10629/05/20 վարչական գործով վերաքննիչ դատարանի 2021 թվականի մարտի 3-ի Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման մեջ նշված է. (...) Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է անշարժ գույքի շուկայական արժեքի հասկացությունը, մասնավորապես նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն անշարժ գույքի շուկայական արժեք բաց և մրցակցային շուկայում, սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի բոլոր պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել գնահատողի կողմից անշարժ գույքի գնահատմամբ: (...) անշարժ գույքի շուկայական արժեքը, որպես այդպիսին չի հանդիսանում ինքնուրույն օրենքով պահպանվող նյութական (գույքային) կամ ոչ նյութական (ոչ գույքային) բարիք, և, ըստ դրա այն չի կարող դիտվել որպես վնասի պատճառման ինքնուրույն օբյեկտ, միաժամանակ գտնում է, որ անշարժ գույքի շուկայական արժեքի նվազումն ինքնին չի կարող դիտվել որպես վնասի արտահայտման (դրսևորման) ձև (գույքի կորուստ, վնասվածք, ինքնին բաց թողնված օգուտ և այլն) և արդյունքում առաջացնել պատճառված վնասի հետ կապված հարաբերություններ (...): (…) Վերաքննիչ դատարանը ընդգծում է, որ վերոնշյալ եզրակացության դրանով գնահատվող անշարժ գույքերի շուկայական արժեքի նվազման տոկոսը կազմում է 100 տոկոսից 7.6 տոկոս, որից ելնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գույքի ընդհանուր 100 տոկոս, արժեքի 7.6 տոկոսով նվազումն ինքնին չի կարող գնահատվել որպես առկա իրավիճակն անհամեմատ ծանրացնող խորը բացասական հետևանք»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի կողմից բարձրացվում են հարցեր, որոնց ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված որոշումների իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։ Վերոգրյալից բխում է, որ վիճարկվող դրույթով «զգալի վնաս» հասկացության սահմանված չլինելու առնչությամբ ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը դիմողն ըստ էության բարձրացնում է դատարանների գործողությունների իրավաչափության, դատական ակտերի օրինականության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Միաժամանակ, դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթում իրավական անորոշության խնդիր:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142 և այլն) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Դատարանը գտել է. (…) որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439): Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (ՍԴՈ-1270): Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշման մեջ նշված է. (…) օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունը ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ: Նման պայմաններում Դատարանի կողմից թեև առերևույթ բարձրացվել է նշված նորմի սահմանադրականության վերաբերյալ հարց, այդուհանդերձ դատարանի հիմնավորումներում, ըստ էության, բարձրացվել է կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա դրույթի (…) բովանդակության բացահայտման և մեկնաբանության վերաբերյալ խնդիր։ Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում (...)»: Թիվ ՎԴ/10629/05/20 վարչական գործով վերաքննիչ դատարանի 2021 թվականի մարտի 3-ի Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման մեջ նշված է. Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ որպես այդպիսին սահմանված (բացահայտված) չէ «վնասի» հասկացությունը (բնորոշումը), սակայն Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված վնասի հետ կապված նորմերը և «վնաս»-ի հասկացության (բնորոշման) հետ կապված տեսական գրականությունում առկա մեկնաբանությունները, գտնում է, որ, ընդհանուր առմամբ, վնասը բնորոշվում է որպես օրենքով պահպանվող նյութական (գույքային) կամ ոչ նյութական (ոչ գույքային) բարիքի ցանկացած նվազում կամ օրենքով պահպանվող բարիքի ցանկացած բացասական փոփոխություն, որը կարող է լինել ինչպես նյութական (գույքային), այնպես էլ ոչ նյութական (ոչ գույքային): Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վնասի արտահայտման ձևերից են նյութական (գույքային) վնասը իրական վնաս, այն է իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, կամ իրավունքը խախտված անձի գույքի կորուստը, կամ այդ գույքի վնասվածքը, և բաց թողնված օգուտ, այն է այն չստացված եկամուտները, որոնք իրավունքը խախտված անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր, կամ ոչ նյութական (ոչ գույքային) վնասը, մասնավորապես օրինակ քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը, անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը: Ելնելով վերոգրյալից Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգեցնում է այնպիսի եզրահանգման, որ նշված հիմքով վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ վարչական դատարանի մոտ միջնորդության քննարկմամբ այդ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումների և ապացույցների համադրված վերլուծության և գնահատման արդյունքում ձևավորվում է հիմնավոր կասկած առ այն, որ տվյալ գործով ներկայացված հայցի առարկայի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի կատարումը կհանգեցնի հայցվորի օրենքով պահպանվող նյութական (գույքային) կամ ոչ նյութական (ոչ գույքային) բարիքի այնպիսի նվազման կամ հայցվորի օրենքով պահպանվող նյութական (գույքային) կամ ոչ նյութական (ոչ գույքային) բարիքի այնպիսի բացասական փոփոխության, որը կառաջացնի զգալի, այսինքն հայցվորի վիճակը անհամեմատ ծանրացնող խորը բացասական, հետևանքներ»: Դիմողի կողմից վիճարկվող նորմերի իրավական որոշակիության սկզբունքին ենթադրյալ անհամապատասխանության հարցի կարգավորումը, նախևառաջ եռաստիճան դատական համակարգի տիրույթում է և հաղթահարելի վիճարկվող դրույթների դատական մեկնաբանման շրջանակներում։ Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թիվ ՎԴ/10611/05/20 և թիվ ՎԴ/10629/05/20 վարչական գործերի շրջանակներում ՀՀ իրավասու դատարանները դատական մեկնաբանման միջոցով ըստ էության տվել են դիմողի նկատմամբ կիրառված նորմերի վերջինիս իրավընկալումից տարբերվող մեկնաբանություն, ինչը և հանգեցրել է դիմողի նկատմամբ անբարենպաստ ելքով դատական ակտի կայացման, որի օրինականության հարցն էլ առաջ է քաշում դիմողը ձևականորեն բարձրացնելով վիճարկվող իրավանորմերի սահմանադրականության հարց։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, հետագայում նաև այլ որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արկադի Համբարձումյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Վաղարշյան
29 հոկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-75
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-75
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
