Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1148 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-114)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 114 | «ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դավիթ Տոնոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դավիթ Տոնոյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը (փոստային ծառայությանն է հանձնվել 2025 թվականի հունիսի 13-ին), որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն՝ այնքանով, որքանով իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը, «բողոքի բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածության ծավալում չընդգրկելով, իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը բացառում է մինչդատական ակտի դեմ ներկայացված դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելը, հետևաբար նաև՝ դատական բողոքն ըստ էության քննելը»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0212/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բովանդակության, այն պայմաններում, երբ, իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը «բողոքի բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածության ծավալում չընդգրկելով, իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում վիճարկվող դրույթը բացառում է մինչդատական ակտի դեմ ներկայացված դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու, հետևաբար՝ նաև դատական բողոքն ըստ էության քննելու հնարավորությունը:

Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն անտեսում է այն, որ եթե «բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածությունը հանգում է նրան, որ հիշյալ եզրույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նկատի ունի մինչդատական ակտի՝ բովանդակային քննարկման ենթարկվելու պարագան, ապա պետք էր նկատի ունենալ, որ բողոքի հիման վրա մինչդատական ակտի բովանդակային քննարկման ենթարկված լինելը քրեական դատավարությունում կարող է դրսևորվել բողոքը բավարարելու կամ մերժելու մասին որոշմամբ, և քրեական դատավարությունում մինչդատական ակտի բովանդակային քննարկման փաստը վկայող վարութային այլ ակտ լինել չի կարող:

Դիմողը գտնում է, որ վերոհիշյալ պայմաններում վիճարկվող դրույթում «բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի նախատեսման կարիք ընդհանրապես չկար այնքանով, որքանով վիճարկվող դրույթն արդեն իսկ նախատեսում է բողոքի հիման վրա մինչդատական ակտի բովանդակային քննարկման ենթարկված լինելու վարութային ակտի տեսակը, այն է՝ բողոքը մերժելու մասին որոշումը:

Դիմողը պնդում է, որ մի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն իրավամբ «որպես նորմալ է համարում» այն պարագան, երբ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացվում է այն դեպքում, երբ իրեն ներկայացված բողոքն իրավասու դատախազն ընդհանրապես չի քննարկել, մյուս կողմից, սակայն, նույն օրենսգիրքը «որպես նորմալ չի գնահատում» արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրացումն այն դեպքում, երբ իրեն ներկայացված բողոքն իրավասու դատախազը բովանդակորեն չի քննարկել:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը, «բողոքի բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածության ծավալում չընդգրկելով, իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում վիճարկվող դրույթը բացառում է մինչդատական ակտի դեմ ներկայացված դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու, հետևաբար՝ նաև դատական բողոքն ըստ էության քննելու հնարավորությունը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` նկատի ունենալով սույն անհատական դիմումով բարձրացված հարցի բովանդակությունը և համատեքստը, ինչպես նաև այդ կապակցությամբ Դիմողի կողմից դիմումում ներկայացված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0212/11/24 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործի շրջանակներում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ սույն անհատական դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի փաստաբան Անդրանիկ Մանուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի` պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Գ. Հայրապետյանի (այսուհետ՝ Քննիչ)՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացվել բողոք, որի կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազության` սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ. Հովակիմյանը (այսուհետ՝ Դատախազ) 2024 թվականի օգոստոսի 1-ին կայացրել է «Պաշտպանի բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, որով արձանագրել է.

«(...) ըստ ներկայացված հիմնավորումների՝ փաստաբանը բողոք ներկայացնելու ժամկետը բաց է թողել այն պատճառով, որ 1 օր՝ 2024 թվականի հուլիսի 17-ից մինչև հուլիսի 18-ը գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և մասնակցել է դատական նիստի:

(...)

(...) փաստաբան Անդրանիկ Մանուկյանը, Դավիթ Տոնոյանին պատկանող բջջային հեռախոսները վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետի անհարգի բացթողմամբ, հետևաբար ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Վերոգրյալ որոշման դեմ Դիմողի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանին է ներկայացրել «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Գ. Հայրապետյանի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ» վերտառությամբ բողոք: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0212/11/24 գործի շրջանակներում վերոգրյալ բողոքի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրել է «Բողոքը քննության առնելու մասին» որոշում, որով, բովանդակային առումով քննարկման առարկա դարձնելով Քննիչի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշումը, կայացրել է բողոքը բավարարելու մասին որոշում՝ համապատասխան քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի վրա դնելով Քննիչի վերոնշյալ որոշումը վերացնելու և խնդրո առարկա բջջային հեռախոսները Դավիթ Տոնոյանին վերադարձնելը Քննիչին հանձնարարելու պարտականություն:

Ստացվում է, որ Դիմողի փաստաբան Անդրանիկ Մանուկյանի կողմից Քննիչի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքի կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 1-ին կայացված՝ «Պաշտպանի բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ բողոքաբերի կողմից բարձրացված հարցի բովանդակային քննություն չի իրականացվել, այլ բողոքը թողնվել է առանց քննության՝ դրա ներկայացման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետն անհարգելի բաց թողնված լինելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում Դիմողի փաստաբան Անդրանիկ Մանուկյանի կողմից չի պահպանվել մինչդատական ակտի բողոքարկման արտադատական միջոցն սպառելու պահանջը, որը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության պարտադիր նախապայման է: Այնուամենայնիվ, վերջինիս կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Գ. Հայրապետյանի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ» վերտառությամբ բողոք, որի կապակցությամբ Հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0212/11/24 գործի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 23-ի՝ «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ բովանդակային քննության է ենթարկել Քննիչի խնդրո առարկա որոշումը և հանգել համապատասխան եզրահանգման:

Ավելին, վերը նշվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի համապատասխան որոշման դեմ Դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ որոշել է.

«1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 23-ի «Մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին» թիվ ՀԿԴ/0212/11/24, ինչպես նաև 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Բողոքը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0212/11/24 որոշումներն ամբողջությամբ բեկանել և կայացնել դրանց փոխարինող դատական ակտ:

2. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Գևորգ Հայրապետյանի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժել:

(...)»:

Տվյալ որոշմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը և նույն հոդվածի 3-րդ մասով մինչդատական ակտերի դատական կարգով բողոքարկման համար սահմանված երեք իրավիճակները, արձանագրել է.

«(...) երեք իրավիճակներից տարբերվող որևէ այլ իրավիճակ չի կարող մեկնաբանվել որպես դատախազի կողմից բողոքի չբավարարում, իսկ արդյունքում՝ դատախազական բողոքարկման ընթացակարգի պահպանում: Դատախազին ներկայացված բողոքը դատախազի կողմից առանց քննության թողնելու մասին որոշումը չի հանդիսանում բողոքը մերժելու մասին որոշում, չի հանդիսանում նաև բավարարումից տարբերվող պատասխան (այս կարգավորման նպատակն է կանխել այն ոչ իրավաչափ իրավիճակները, երբ դատախազը գրությամբ է պատասխանում ներկայացված բողոքին), ինչպես նաև չի կարող մեկնաբանվել բողոքի վերաբերյալ պատասխան ստացված չլինել» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Նույն որոշմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նաև նշել է. «(...) դատախազի կողմից կայացված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է դիտարկվեր որպես առանձին դատավարական ակտ և այն կարող էր անցնել բողոքարկման համապատասխան ընթացակարգերով. դատախազական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ դատական: Այն դեպքում, երբ բողոքաբերը կստանար դրական արդյունք՝ վարույթի հանրային մասնակիցը, տվյալ դեպքում հսկող դատախազը, կունենար օրենսդրական պարտականություն բողոքը բովանդակային քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու, որի հետ համաձայն չլինելու դեպքում (ներկայացված բողոքը բովանդակային առումով մերժելու դեպքում) արդեն բողոքաբերը կստանար դատական կարգով բողոքարկելու հնարավորություն և արտադատական կարգը սպառած լինելու պարտադիր օրենսդրական պայմանը կհամարվեր հաղթահարված: Այլ կերպ ասած՝ բողոքաբերը զրկված չէր բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն առանձին, ինքնուրույն վիճարկման առարկա դարձնելուց» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Միաժամանակ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փաստել է. «(...) քննության առարկա դեպքում արտադատական միջոցը սպառելու պայմանն իրացված չէր, որպիսի պայմաններում պահպանված չէր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը, հետևաբար՝ ի սկզբանե Դատարանը վարույթ չպետք է հարուցեր և բողոքի բովանդակային քննարկում չպետք է իրականացներ» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0212/11/24 գործի շրջանակներում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Դավիթ Տոնոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2025 թվականի

ՍԴԱՈ-114

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-114
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել