ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ 24.03.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-472 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 ապրիլի 2016թ. ՍԴԱՈ - 29 | ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ 24.03.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-472 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` 24.03.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-472 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Դավիթ Հարությունյանը (ներկայացուցիչներ` Արտակ Զեյնալյան, Տիգրան Սաֆարյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 24-ին)` խնդրելով.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 6, 39, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի «օրինական պահանջ» դրույթը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ, ըստ որի` անձի իրավաչափ վարքագիծը կարող է օրենքով սահմանված չլինել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 6, 39, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի «պարտականությունները կատարելու ընթացքում» դրույթը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ, ըստ որի` ոստիկանության զորքերի զինծառայող կամ ոստիկանության ծառայող լինելու հանգամանքն ինքնին կանխորոշում է անձի նկատմամբ պետաիշխանական կարգադրիչ լիազորություններով օժտված լինելը: Կամ`
3. բացահայտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի «պարտականությունները կատարելու ընթացքում» և «օրինական պահանջը չկատարելը» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը: Նկատի ունենալով, որ սույն անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցով ՍԴ դատական կազմը միաձայնությամբ որոշում չի ընդունել, ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի աշխատակարգային նիստում քննելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին Դավիթ Հարությունյանի դիմումի ընդունելիության հարցը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի, ինչպես նաև կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները: Այսպես ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածին համապատասխան անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը դիմողի նկատմամբ կիրառվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից, սակայն նա վերաքննիչ դատարանի ակտը վճռաբեկության կարգով բողոքարկել է ոչ ըստ օրենքով սահմանված կարգի: ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2015թ. որոշմամբ դիմողի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, «քանի որ վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է»: Եթե դիմողն իր նկատմամբ կայացված վարչական վերաքննիչ դատարանի ակտը չի բողոքարկել վճռաբեկության կարգով, չնայած այն հանգամանքին, որ օբյեկտիվորեն ունեցել է այդ հնարավորությունը, ապա «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել, որ դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Նմանատիպ հետևանքներ է առաջացնում նաև վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո առանց վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդության: ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1254 որոշման մեջ հստակ նշել է, որ «երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն կցելով համապատասխան հանգամանքները հավաստող, վկայող ապացույցները»: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դեռևս 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ»։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Դավիթ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՆԴԱՄ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 ապրիլի 2016 թվականի
ՍԴԱՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 ապրիլի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
