Ա/Ձ ՎԱՆՈ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2024թ. ՍԴԴԿՈ - 12 | Ա/Ձ ՎԱՆՈ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 մարտի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ` Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Ա/Ձ Վանո Դավթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ա/Ձ Վանո Դավթյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 4-ին)` խնդրելով.
«(...) Ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի «Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում» պարբերությունը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր,
(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու դեպքում՝ պարզել, թե արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է ճիշտ մեկնաբանությամբ»:
2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ էության, չի նախատեսվում 422-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
Դիմողը գտնում է, որ նոր հանգամանքով դատական ակտի բողոքարկման պարագայում ևս պետք է ապահովվի բողոքի ձևին և բովանդակությանը վերաբերող խախտումների առկայության պարագայում դրանք օրենքով սահմանված ժամկետում վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու՝ անձի համարժեք հնարավորությունը: Դիմողի պնդմամբ՝ նշվածն ունի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը երաշխավորելու նպատակ:
Բացի դրանից, Դիմողը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է այնպիսի կառուցակարգ, որով Վճռաբեկ դատարանին հնարավորություն է տրվել դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոքը թողնել առանց քննության կամ մերժել վարույթ ընդունելը, որի պարագայում առնվազն անհասկանալի է վերոնշյալ հիմքով բողոքը վերադարձնելուց ժամկետ չտրամադրելու իրավասությունը:
Դիմողի պնդմամբ՝ ստացվում է մի իրավիճակ, որի դեպքում Դիմողը զրկվում է Վճռաբեկ դատարանի մատնանշած խախտումն ուղղելու հնարավորությունից, այն է՝ հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակառու է, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր ճանաչվել է սնանկ, հետևաբար՝ չունի պետական տուրքը վճարելու հնարավորություն՝ պայմանավորված ֆինանսական միջոցների բացակայությամբ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1․ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։
Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է․ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ, հանգում է հետևյալ եզրակացության.
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց: Մինչդեռ դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, չի հիմնավորել վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է իրավաբանորեն բավարար կերպով հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ` իրավաբանորեն բավարար կերպով հիմնավորումներ չներկայացնելով իր կողմից վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրության, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ թիվ ԵԷԴ/0054/04/13 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի կողմից տրված ենթադրյալ մեկնաբանությանը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված սույն սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից հիշյալ դրույթի առնչությամբ որևէ մեկնաբանություն չի տրվել, այլ ուղղակիորեն կիրառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը: Ուստի՝ Դիմողի կողմից չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասին Վճռաբեկ դատարանի կողմից տրված ենթադրյալ մեկնաբանության՝ իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Դիմողի կողմից սույն դիմումով վկայակոչված այն դիրքորոշումների առնչությամբ, համաձայն որոնց՝ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է այնպիսի կառուցակարգ, որով Վճռաբեկ դատարանին հնարավորություն է տվել դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոքը թողնել առանց քննության կամ մերժել վարույթ ընդունելը, որի պարագայում առնվազն անհասկանալի է վերոնշյալ հիմքով բողոքը վերադարձնելուց ժամկետ չտրամադրելու իրավասությունը:
(...)
(...) Դիմողի համար առնվազն անհասկանալի է ՀՀ վճռաբեկ դատարանի վերադարձման հիմքն առ այն, որ Դիմողը չի հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը», Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով դիմողը հստակ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրական լինելը. կոնկրետ վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումում որպես փաստարկ չի կարող ներկայացվել իրավական դրույթի կամ դատարանի/դատարանների գործողությունների՝ Դիմողի համար անհասկանալի լինելը:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա:
3.2․ Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև հետևյալը.
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այսինքն՝ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ սույն անհատական դիմումով Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԷԴ/0054/04/13 սնանկության գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի՝ մասնավորապես՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին» վերտառությամբ որոշմանը։ Դիմողն իր փաստարկներում այս առնչությամբ նշում է հետևյալը. (...) Դիմողի համար առնվազն անհասկանալի է ՀՀ վճռաբեկ դատարանի վերադարձման հիմքն առ այն, որ Դիմողը չի հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը»:
Այսինքն՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԷԴ/0054/04/13 սնանկության գործով 2023 թվականի նոյեմբերի 29-ի Վճռաբեկ դատարանի կողմից «Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին» վերտառությամբ կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Ա/Ձ Վանո Դավթյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
2. Ա/Ձ Վանո Դավթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ` Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
19 մարտի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
