ԻՆԳԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 28 | ԻՆԳԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 հոկտեմբերի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Վ. Հովհաննիսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Ինգա Կյուրեղյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ինգա Կյուրեղյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան և խնդրել. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդհանուր մաս հանդիսացող 3-րդ հոդվածի 2-րդ մասը, հատուկ մաս հանդիսացող 23-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»։
1. Դիմողի կարծիքով տվյալ օրենքի վերոնշյալ դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ հոդվածներին, 48-րդ հոդվածի 6-րդ մասին, քանի որ
վիճարկվող նորմերն իրենց մեջ պարունակում են իրավական անորոշություն, դրանցից միանշանակ չի բխում, որ անաշխատունակության կամ երեխայի նպաստի արձակուրդում գտնվելու դեպքում որպես կորցրած եկամուտ պետք է դիտվի յուրաքանչյուր գործատուից ստացված եկամուտները առանձին-առանձին, որոնց դիմաց էլ պետք է ստացվի մասնակի փոխհատուցում յուրաքանչյուր գործատուի մասով առանձին-առանձին 18.000-ական ՀՀ դրամի չափով,
խախտվում է պետության պարտականությունը գործելու միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան /մասնավորապես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա/, առաջնորդվելու երեխայի լավագույն շահերով, -իր հնարավորության շրջանակներում միջոցներ ձեռնարկել պաշտպանելու և հովանավորելու ընտանիքը, մայրությունը և մանկությունը։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից դատական կազմը գտնում է.
ա/ նախ վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.
բ/ միաժամանակ խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վերոհիշյալ նորմերի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Ինգա Կյուրեղյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
30 հոկտեմբերի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
