ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 6 | ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 հունվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Հայկ Սմբատյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հայկ Սմբատյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 7-ին, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 27-րդ, 61-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել թիվ ԵԴ1/0374/06/24 դատական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված այն փաստացի մեկնաբանությունը, որ նույնիսկ այն դեպքում, երբ ստորադաս դատարանի դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության ստուգմամբ վերադաս դատարանը համարում է, որ մինչդատական վարույթում անձի նկատմամբ կալանք կիրառելիս (կալանքի ժամկետը երկարաձգելիս) ստորադաս դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, միևնույնն է, վերադաս դատարանը պարտավոր է անփոփոխ թողնել ստորադաս դատարանի դատական ակտն՝ այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, և դատարանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործով վարույթը ստանձնելու մասին, հետևաբար՝ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ հարցն այլևս քրեական գործով վարույթը ստանձնած դատարանի տիրույթում է գտնվում»։
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ1/0374/06/24 գործի և թիվ ԵԴ1/3572/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունները, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է իրավական հարցադրում առ այն, թե արդյո՞ք Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված՝ անձնական ազատության իրավունքի, 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և 78-րդ հոդվածով սահմանված՝ համաչափության սկզբունքի բովանդակությունների հետ համատեղելի է թիվ ԵԴ1/0374/06/24 դատական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված այն փաստացի մեկնաբանությունը, որ նույնիսկ այն դեպքում, երբ մինչդատական վարույթում կայացված՝ ստորադաս դատարանի դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության ստուգմամբ վերադաս դատարանը համարում է, որ մինչդատական վարույթում անձի նկատմամբ կալանք կիրառելիս (կալանքի ժամկետը երկարաձգելիս) ստորադաս դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, միևնույն է, վերադաս դատարանը պարտավոր է անփոփոխ թողնել ստորադաս դատարանի դատական ակտն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, և դատարանի կողմից կայացվել է քրեական գործով վարույթն ստանձնելու մասին որոշում, հետևաբար` մեղադրյալի խափանման միջոցի վերա-բերյալ հարցն այլևս քրեական գործով վարույթն ստանձնած դատարանի տիրույ-թում է գտնվում:
Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ1/0374/06/24 դատական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը ոչ անհրաժեշտաբար է արգելակում անձնական ազատության հիմնարար իրավունքն իրացնելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու՝ մեղադրյալի հնարավորությունն այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի, 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 121-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի անտեսմամբ հաշվի չի առնվում, որ քրեադատավարական օրենքը լիարժեք թույլ է տալիս, որ մինչև դատաքննությունը կալանքից ազատված, սակայն կիրառված այլընտրանքային խափանման միջոցի իրավաչափության պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ դատաքննության հենց առաջին փուլում, այն է՝ նախնական դատալսումների առաջին իսկ դատական նիստում, կրկին կիրառվի կալանք, ընդ որում՝ ավելի երկար ժամկետով (երեք ամիս), քան մինչդատական վարույթում կիրառվող կալանքի տևողությունն է (երկու ամիս), հետևաբար՝ անհրաժեշտ չէ արգելակել մեղադրյալի անձնական ազատության հիմնարար իրավունքի և մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնման իրավունքի իրացումը՝ մինչև քրեական գործով դատաքննության ընթացքում մեղադրյալի խափանման միջոցի հարցի քննությունը:
Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ մինչև մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված (երկարաձգված) կալանքը վերադաս դատարանի կողմից վերացվելը՝ գործն ըստ էության քննող դատարանը հասցրել է միայն ստանձնել քրեական գործով վարույթը և մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված կալանքը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու հարցը դեռևս չի քննարկել, ապա թիվ ԵԴ1/0374/06/24 դատական վարույթով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանության և գործն ըստ էության քննող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ներքին անկախության ապահովման նպատակի միջև չի կարող առկա լինել համաչափության ողջամիտ հարաբերակցություն կամ որևէ պատճառական կապ այնքանով, որքանով այս իրավիճակում ստացվում է, որ մեղադրյալի կալանքը վերացնելու և նրա նկատմամբ այլընտրանքային խափան-ման միջոց կիրառելու մասին վերադաս դատարանի որոշումը մնում է անկատար կամ առկախ, իսկ մեղադրյալի անձնական ազատության հիմնարար իրավունքը և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու հիմնարար իրավունքը՝ չիրացված՝ առանց վերադաս դատարանի համապատասխան որոշ-մանը վերաբերելի առումով հակակշռող՝ գործն ըստ էության քննող դատարանի՝ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ համապատասխան որոշման առկա-յության:
Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ1/0374/06/24 դատական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը՝ Սահմանադրության 27 և 61-րդ հոդվածներով նախատեսված հիմնարար իրավունքների հետ անհամատեղելիության մասին սույն անհատական դիմումով ներկայացված փաստարկների լույսի ներքո (ոչ թե մեկուսի), համատեղելի չէ նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ համաչափության սկզբունքի բովանդակության հետ այնքանով, որքանով այդ մեկնաբանությունը ոչ անհրաժեշտաբար արգելակում է մեղադրյալի անձնական ազատության իրավունքի իրացումն ու մինչև տվյալ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեց-րել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը դատական ակտը թողնում է անփոփոխ:
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրության 27, 61 և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.
սույն անհատական դիմումի և թիվ ԵԴ1/0374/06/24 վարույթի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 7-ին կայացրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը բավարարելու և Դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ որոշումը: Այդ որոշման դեմ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին վերաքննիչ դատարան է ստացվել Դիմողի պաշտպան Ա. Մանուկյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը: Նշված բողոքի քննության արդյունքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է Դիմողի պաշտպաններ Ա. Մանուկյանի և Ա. Պողոսյանի հատուկ վերանայման բողոքները մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշում՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից մեկ այլ՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին թիվ ԵԴ1/01/38/06/23 որոշման իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ թիվ 14859325 քրեական վարույթով վիճարկվող հարցերի լուծումն այլևս գտնվում է քրեական վարույթն ստանձնած իրավասու դատարանի տիրույթում:
Սույն համատեքստում հարկ է նշել, որ մինչև վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման կայացումը՝ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին, թիվ 14859325 քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը՝ ըստ մեղադրանքի Հայկ Սմբատյանի, հսկող դատախազն իր որոշմամբ հանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (թիվ ԵԴ1/3572/01/25 քրեական գործ): Տվյալ գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ստանալով համապատասխան քրեական գործը, 2025 թվականի հոկտեմբերի 13-ին կայացրել է թիվ ԵԴ1/3572/01/25 քրեական գործով վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու վերաբերյալ որոշում: 2025 թվականի նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, անդրադառնալով մեղադրյալի (Դիմողի) նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, այն վերացնելու կամ փոխելու անհրաժեշտության հարցին, կայացրել է Դիմողի նկատմամբ մինչդատական վարույթում կալանքի ձևով կիրառված խափանման միջոցի ժամկետը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում:
Փաստորեն, վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման կայացման պահին արդեն իսկ տվյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որն էլ ստանձնել էր վարույթը և նշանակել նախնական դատալսումներ: Այսինքն՝ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման կայացման պահին թիվ 14859325 քրեական վարույթով վիճարկվող հարցերի լուծման համար իրավասու դատարան էր հանդիսանում համապատասխան մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ստանձնած Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը:
Ավելին՝ թիվ 14859325 քրեական վարույթով վիճարկվող հարցերի լուծման կապակցությամբ իրավասու դատարանի 2025 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը Դիմողի պաշտպան Ա. Մանուկյանի կողմից բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան (թիվ ԵԴ1/3572/01/25 քրեական գործ), որը 2025 թվականի դեկտեմբերի 4-ին կայացրել է մեղադրյալի պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման բողոքը բավարարելու մասին որոշում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանվել է, և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, բացակայելու արգելքը և գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ Դիմողի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն արդեն իսկ վերացվել է, և այժմ Դիմողն օգտվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ նույն մեղադրանքով, առանց ի հայտ եկած նոր էական հանգամանքների չկալանավորվելու երաշխիքը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 27 և 61-րդ հոդվածներով ամրագրված համապատասխանաբար՝ անձնական ազատության և արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքների խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։
Այդ համատեքստում՝ Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78-րդ հոդվածի առնչությամբ հարկ է արձանագրել, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հայկ Սմբատյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
19 հունվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
