Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14714 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-147)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հոկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 147 | «ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմենակ Պետրոսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Կարինե Պետրոսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) 2022 թվականի հունվարի 1-ից մինչև միևնույն թվականի դեկտեմբերի 24-ը գործած խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ ներառյալ իրավակիրառ պրակտիկայում դրան տված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ օրենքով «անհատական բնակելի տուն» հասկացության սահմանման բացակայությունն ինքնին բացառում է «օրենքով» սահմանված հարկի առկայությունը։ Դիմողը հավելում է, որ եթե նույնիսկ ընդունենք, որ որևիցե այլ նորմատիվ իրավական ակտով կարող էր տրվել դրա սահմանումը, ապա առնվազն չի ապահովվում այդ կապակցությամբ անհրաժեշտ «որոշակիությունը և կանխատեսելիությունը»։ Ըստ Դիմողի՝ շինարարության թույլտվության համաձայն՝ «բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձը, նույնիսկ մասնագիտական խորհրդատվության դիմելու դեպքում, չէր կարող հասկանալ, թե իր կողմից կառուցվող շինության օտարումից ստացվող եկամուտը վերջնարդյունքում եկամտային հարկով հարկման ենթակա լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկի գծով պարտավորությունն առաջանալու պահին անհնար էր որոշել, թե ով է ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով համարվում «անհատական բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձ՝ «անհատական բնակելի տուն» հասկացության առաջին անգամ 2022 թվականի նոյեմբերի 15-ին սահմանման, ինչպես նաև տվյալ և «բնակելի տուն» հասկացությունների համարժեքության վերաբերյալ եզրահանգում կատարելու անհնարինության տեսանկյունից: Նման պայմաններում Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ անձին հարկային պարտավորության առաջադրումը միջամտություն է նրա սեփականության իրավունքին, որը նախատեսված չէ «օրենքով», ինչով պայմանավորված՝ այն իրավաչափ չէ և խախտում է անձի սեփականության իրավունքը։

Նկատի ունենալով իրավակիրառ պրակտիկայում ՀՀ հարկային օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործվող «կառուցապատող» հասկացության տարաբնույթ մեկնաբանությունը՝ Դիմողը պնդում է, որ այն միանշանակ չի ընկալվում ՀՀ իրավական համակարգում, այսինքն՝ բավարար չափով հստակ և կանխատեսելի չէ: Այդ իսկ պատճառով, ըստ Դիմողի, իրավակիրառ պրակտիկայում տեղ են գտել «կառուցապատող» հասկացության միմյանց հակասող, տարբեր բովանդակություն ունեցող մեկնաբանություններ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, ներառյալ՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասում է Սահմանադրության 60, 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով տվյալ դրույթում սահմանված եկամտային հարկի բոլոր տարրերը, մասնավորապես՝ «անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի» հասկացությունը տրված չէ «օրենքով»՝ դրա ձևական ու որակական առումներով և ապահովված չէ արդար հավասարակշռություն՝ հանրային շահի և մարդու հիմնական իրավունքներով և ազատություններով պաշտպանվող շահի միջև ինչը հանգեցնում է անձի սեփականության իրավունքին արվող այնպիսի միջամտության, որը նախատեսված չէ «օրենքով» և խախտում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին, քանզի տարբերակված մոտեցում է ցուցաբերում, մի կողմից՝ անհատական բնակելի տունն այլ անձից ձեռք բերած և վաճառած ֆիզիկական անձի, և մյուս կողմից՝ անհատական բնակելի տունը կառուցած և վաճառած ֆիզիկական անձի միջև՝ որպես համանման իրավիճակներում գտնվող անձինք, որպիսի տարբերակումը չունի օբյեկտիվ հիմք և չի հետապնդում իրավաչափ նպատակ:

Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթի կիրառմամբ խախտվել է իր՝ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքը՝ 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի հետ միասին: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ ինքը բնակելի տունը կառուցել է իր անձնական և սպառողական կարիքների համար, չի հետապնդել դրանից շահույթ ստանալու նպատակ, իր իրացվելի միջոցները ցանկացել է վերածել ակտիվի, որպիսի նպատակն առաջնային պլան է մղվում որևէ ակտիվ գնելիս: Ըստ Դիմողի՝ վերոգրյալ հանգամանքները հաշվի առնելու օրենսդրական հնարավորության բացակայության պայմաններում անձի գործունեությունը որպես ձեռնարկատիրական կամ առնվազն այդպիսի հատկանիշներ պարունակող գործունեություն դիտարկելու և վաճառքից ստացված եկամուտը հարկելու արդյունքում այն դեպքում, երբ միևնույն անհատական բնակելի տունը գնած և վաճառած ֆիզիկական անձի կողմից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, խախտվել է իր՝ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքը՝ 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի հետ միասին:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին, 60-րդ հոդվածի 3-րդ մասին, 78 և 79-րդ հոդվածներին այն տեսանկյունից, որ միջամտություն է արվում սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիքին, որը, սակայն, չի բավարարում հիմնական իրավունքի սահմանափակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ սահմանված չէ «օրենքով»՝ դրան առաջադրվող ձևական և որակական տեսանկյունից, չի ապահովում արդար հավասարակշռություն՝ ընտրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հատկապես անհրաժեշտության տեսանկյունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից (...)»:

Վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը, սահմանված լինելով օրենքներով, իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, փաստում է, որ դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում՝ Սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

այսպես, Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործի շրջանակներում ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2025 թվականի հուլիսի 29-ին:

Սահմանադրական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 5-ի ՍԴԱՈ-128 աշխատակարգային որոշմամբ «Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել է՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով՝ Դիմողի կողմից վիճարկվող իրավական դրույթի կիրառման իրավաչափության հարց բարձրացնելու պատճառաբանությամբ:

2025 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի սույն անհատական դիմումը, որով վերջինս կրկին վիճարկում է թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը:

Ավելին, տվյալ պարագայում Դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» է վիճարկել վերոնշյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, որոնք վերջինս ներկայացրել է նաև 2025 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով:

Ինչպես արդեն վերը վկայակոչվել է՝ Սահմանադրական դատարանը, 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործերի քննության մերժման հիմքերին, մասնավորապես՝ ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է, որ ակնհայտ անհիմն են այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:

Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։

Այսպիսով, Դիմողը սույն դիմումով միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է միևնույն՝ թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործի շրջանակներում կիրառված այն նույն դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, որի սահմանադրականությունը վիճարկել էր նաև իր՝ 2025 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով: Ավելին, նշված անհատական դիմումի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի ՍԴԱՈ-128 աշխատակարգային որոշումը, որով գործի քննությունը մերժվել է՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Հետևաբար՝ Դիմողի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 հոկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-147

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-147
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել