Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-20613 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-206)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 206 | «ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Էլիզա Հայրապետյանի դիմումի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Էլիզա Հայրապետյանի (այսուհետ նաև դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունիսի 13-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ (…)» մեկ տարվա ընթացքում» խմբագրությամբ իրավական նորմը և 4-րդ կետի Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում» մեկ տարվա ընթացքում» խմբագրված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»։

2. Ներկայացնելով

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացական և վարչական պալատի (այսուհետ Վճռաբեկ դատարան) թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով կայացրած որոշմամբ արտահայտած դիրքորոշումները դիմողը նշում է, որ (…) Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հանգում է նրան, որ եթե օրինական ուժի մեջ դատական ակտը կամավոր կատարելու պարտապանի կամքի բացակայության դեպքերում պահանջատերն առանց դատարանների կողմից հարգելի ճանաչված պատճառի օրենքով սահմանված ժամկետում չի ձեռնարկում այդ ակտը հարկադրանքի միջոցների գործադրմամբ կատարելուն ուղղված ակտիվ գործողություններ, ապա նշված դատական ակտը կորցնում է իր կատարելիության հատկանիշը ի չիք դարձնելով դրանով հաստատված պարտավորության անվիճելիությունը նույնպես»: Վկայակոչելով Սահմանադրության 10-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 74-րդ հոդվածը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները դիմողը փաստում է, որ (…) թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.11.2017 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ապահովվում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո պահանջի նկատմամբ պահանջատեր Էլիզա Հայրապետյանի սեփականության իրավունքը, որպիսի իր իրավունքի իրացումը կանխատեսելի է վերջինիս համար, ձևավորում է դրա իրացվելիության վերաբերյալ օրինական սպասելիք և երաշխավորվում է սեփականության իրավունքի պաշտպանության միջոցներով: Ուստի պահանջատիրոջ օգտին առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ինչը վերջինիս համար կանխորոշում է դրա անհերքելիության և կատարվելիության կապակցությամբ հիմնավոր համոզմունք հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը, և պահանջատերն իրավամբ կարող է ակնկալել իր սեփականությունից (օրինական ակնկալիքից) անարգել օգտվելու և դրա նկատմամբ միջամտություն չունենալու իրավունք»: Դիմողը նշում է նաև, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջատիրոջ պահանջի իրավունքն օժտված է սեփականության իրավունքի Սահմանադրության 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությամբ, իսկ Վճռաբեկ դատարանի որոշմամբ նշված չէ այդ իրավունքը սահմանափակելու օրենքով նախատեսված հիմքը, և հիմնավորված չէ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով այդպիսի սահմանափակում իրականացնելու անհրաժեշտությունը։ Ըստ դիմողի կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հիմքով պահանջատիրոջ պահանջի իրավունքը դադարած համարելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը խախտում է արդար դատաքննության իրավունքից բխող իրավական որոշակիության սկզբունքի ու սեփականության իրավունքից բխող «օրինական սպասելիքի» վերաբերյալ պահանջները և հանգեցնում է պահանջատիրոջ սեփականության իրավունքին (օրինական սպասելիքին) ոչ իրավաչափ միջամտության։ Դիմողը պնդում է, որ օրենսդիրը նախատեսել է վճիռը կամավորության սկզբունքով կատարելու առաջնահերթություն դատական ակտի հարկադիր կատարման հնարավորություն նախատեսելով միայն պարտապանի կողմից այն կամովին կատարելու կամքի բացակայության դեպքերում, ուստի դատական ակտի հարկադիր կատարումը դրա կամավոր չկատարման այլընտրանքային եղանակն է, որն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը: Դիմողը փաստում է, որ կատարողական թերթում վերարտադրվում է դրա տրման հիմք հանդիսացող դատական ակտի բովանդակությունը, իսկ միակ հավելյալ տեղեկությունը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ամսաթվի վերաբերյալ տվյալն է, հետևաբար կատարողական թերթի գործառութային նշանակությունը սահմանափակվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու փաստի հաստատմամբ: Այս կարգավորման հիմքում դրված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշը, քանի որ դատական ակտի կատարելիությունը պայմանավորված է ոչ թե կատարողական թերթ տրամադրվելու, այլ հենց դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու և պարտադիր դառնալու հանգամանքով: Դիմողի պնդմամբ (…) օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարելիության չափանիշը չի կորսվում այն պետական հարկադրանքի կիրառմամբ իրացնելու ժամկետը բաց թողնելու կամ այդ միջոցին չդիմելու հետևանքով, քանի որ դատական ակտի հարկադիր կատարումը թերևս կատարելիության չափանիշի իրագործմանը հասնելու այլընտրանքային եղանակն է, և քանի դեռ դատական ակտը պարտադիր է, այն ենթակա է կատարման անկախ դրան հասնելու եղանակներից: Ուստի պարտապանը մշտապես ծանրաբեռնված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու պարտավորությամբ, իսկ այլ անձինք, այդ թվում պետական մարմինները իրենց գործունեության ընթացքում դատական այդ ակտը հաշվի առնելու և դրանով հաստատված փաստերն անվիճելի համարելու պահանջով»: Դիմողը նշում է նաև, որ պարտապանի կողմից ընդունված պարտավորության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելը կամ սնանկության վարույթում պարտապանի հանդեպ պահանջ ներկայացնելն իրավական այն առանձնահատուկ մեխանիզմն է, որն ընձեռում է դատական ակտի կատարմանը հասնելու հնարավորություն նվազեցնելով չկատարված դատական ակտերի գոյության վտանգը և երաշխավորելով արդար դատաքննության իրավունքի վերջնական իրացում, արդարադատության արդյունավետ կենսագործում։

3. Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող), վկայակոչելով արդարադատության մատչելիության, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, նշում է, որ (…) օրենսդիր մարմինն առաջնորդվելով (…) իրավաչափ նպատակներով, այն է այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքի երաշխավորումը, հասարակական հարաբերությունների կայունության ապահովումը վիճարկվող դրույթով նախատեսել է իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջև ընտրություն կատարելու ողջամիտ ժամկետ, այն է կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում կամ պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում: Ուստի, ժամկետային նման սահմանափակումն ինքնանպատակ չէ, պայմանավորված է հանրային արժեքների պահպանման պահանջով և արդյունքում նպատակաուղղված է այլոց իրավունքների ու հանրային շահի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովմանը»։ Պատասխանողն ընդգծում է, որ դատական ակտերի կատարելիության, պարտադիրության ապահովման նպատակով դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը կարևորելու հետ միաժամանակ անհրաժեշտ է զուգահեռաբար հաշվի առնել նաև նման ընթացակարգերի սահմանները, քանի որ յուրաքանչյուր իրավահարաբերության ներսում կարևոր են հստակությունը, կանխատեսելիությունն ու կայունությունը: Վերոգրյալի հաշվառմամբ պատասխանողն արձանագրում է, որ իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Միաժամանակ, պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշում է, որ (…) դիմողը Սահմանադրական դատարանին ներկայացնելով վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք միայն ձևականորեն է բարձրացնում օրենքի սահմանադրականության հարց ըստ էության բարձրացնելով այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (…)»:

4. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ՀՀ դատական դեպարտամենտից պահանջված և ստացված դատական գործերի նյութերը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը սահմանում են, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միայն ներքոգրյալ հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.

1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.

3) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, քննելով Անժելա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ` ըստ դիմումի Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է. բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը և այն փոփոխել է Էլիզա Հայրապետյանի դիմումը` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել է։ Վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ

- «(…) վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (վճիռը) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով կարող է հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար միայն այն դեպքում, եթե չի լրացել այդ դատական ակտի (վճռի) հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, կամ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, սակայն առկա է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը»,

- «(…) դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով»,

- «(…) Անժելա Հարությունյանի մոտ վճարային պարտավորության առկայությունը հավաստող միակ հիմքը թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, վերաբերում է Անժելա Հարությունյանի կողմից Էլիզա Հայրապետյանի օգտին կատարվելիք վճարումների բռնագանձմանը: Մինչդեռ, սույն գործով Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջով Էլիզա Հայրապետյանը դատարան է դիմել 24.02.2020 թվականին, այսինքն թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետը լրանալուց հետո: Անժելա Հարությունյանը դատարան չի ներկայացրել վերոնշյալ վճռի հիման վրա կատարողական թերթ տրված լինելու և այն կատարման ներկայացված լինելու վերաբերյալ որևէ ապացույց։ Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստի առկայությունը չի հիմնավորվել, քանի որ բողոք բերած անձի սնանկության հիմքում դրվել է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, մինչդեռ սնանկության դիմումը նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո դատարան ներկայացնելով դիմումատուն զրկվել է վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից»,

- «(…) թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կորցրել է իր կատարելիության հատկանիշը, քանի որ բացակայում է նաև դատարանի որոշմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատարանի որոշումը։ Այսինքն պարտատերը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից (…)» (թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործ)։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով զեկուցող դատավորի 2022 թվականի նոյեմբերի 14-ի ՍԴԴ-85 գրությանն ի պատասխան ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 18-ի ԴԴ-2Ա-Ե-26059 գրությամբ (Սահմանադրական դատարանում ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին) տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ ըստ հայցի Էլիզա Հայրապետյանի ընդդեմ Անժելա Հարությունյանի գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 27-ի «Կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշման դեմ 2022 թվականի հուլիսի 1-ին Էլիզա Հայրապետյանի ներկայացուցչի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ վերադարձվել է։ Նույն գրության համաձայն կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և 2022 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ դատական ակտի հրապարակման օր նշանակված չէ։ Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Էլիզա Հայրապետյանի դիմումին Սահմանադրական դատարանը փաստում է, որ Էլիզա Հայրապետյանը դեռ պահպանում է իր իրավունքները պաշտպանելու և/կամ վերականգնելու հնարավորությունը, ինչից օգտվելով վերջինս վերաքննիչ բողոք է ներկայացրել թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 27-ի «Կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշման դեմ։ Ընդ որում, նշված բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդունվել է վարույթ, և այդ բողոքի քննության արդյունքներով կայացված և հրապարակված դատական ակտ դեռևս առկա չէ։ Նշվածը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստի վերջինս Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, հետևաբար սույն գործի վարույթը ենթակա է կարճման։ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Էլիզա Հայրապետյանի դիմումի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-206

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-206
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել