Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄՈՒՇԵՂ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄՈՒՇԵՂ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7221 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-72)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 72 | ՄՈՒՇԵՂ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Մուշեղ Օհանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մուշեղ Օհանյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Կարեն Մեժլումյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 21-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով չի նախատեսում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվող խտրականությունից նախաքննության փուլում արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ1/0443/11/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, որով փաստացի արձանագրվում է, որ անձի (մեղադրյալի) նկատմամբ նախաքննության ընթացքում իրականացվող խտրականության առնչությամբ արդյունավետ պաշտպանություն առկա չէ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բողոքարկման հնարավորությունը չի գործում նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվող խտրականությունից պաշտպանվելու դեպքում, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 29, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին։

Դիմողը նշում է, որ թեև խտրականության արգելքը, խտրականությունից պաշտպանված լինելը Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք է, սակայն ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ իրականացվող խտրականությունը (խտրականության հանգեցնող ակտերը) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով բողոքարկման և դատական պաշտպանության ենթակա չէ։

Ըստ Դիմողի՝ ակնհայտ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասը կոչված է ապահովելու նախաքննության փուլում անձի իրավունքի (որպիսին է նաև խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքը) խախտումը դատական կարգով բողոքարկելու և պաշտպանելու իրավունքը, որը, փաստորեն, ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ խտրականությանը չի վերաբերում։

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ խտրական վերաբերմունքի ցուցաբերումը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի չափանիշներին, այսինքն՝ չի համարվում մեղադրյալի այնպիսի իրավունքի խախտում, որը կարող է նախաքննության փուլում դատական կարգով պաշտպանվել, հակասում է Սահմանադրությանը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Վերոնշյալ նորմի հիման վրա էլ Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։

Նշված հիմքերն են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, դրա հակասահմանադրականության և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։

Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մուշեղ Օհանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Հ. Հովակիմյան

21 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-72

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-72
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել