Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-676 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 դեկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 67 | ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 դեկտեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարուժան Ավետիսյանը (այսուհետ դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 14-ին), խնդրել է հետևյալը. «(…) որոշել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (…) և դրա 2-րդ հոդվածի 11-րդ մասի «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.» ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ, 117-րդ, 162-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»։

2. Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավադրույթի կիրառման արդյունքում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ թիվ ԵԷԴ/0091/01/17 գործով դատարանի լիազորությունը, և, հետևաբար, պետական մարմնի իրավասությունը հանձնվել է տուժողի կարգավիճակ ունեցող անձանց։ Ըստ դիմողի համաներման կիրառման կամ չկիրառման հարցն առկախվում է բացառապես տուժողի կամքից, և սահմանված չեն օբյեկտիվ չափանիշներ դրա արտահայտման համար։ Վիճարկվող իրավադրույթը տուժողի կարգավիճակը դիտարկել է բավարար պայման, որի պարագայում դիմողի նկատմամբ արդարադատություն իրականացնելու իշխանությունը հանձնվում է տուժողին։ Դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավադրույթով տուժողին է վերապահվում նաև համաներում ընդունելու իրավունք, որը, ըստ Սահմանադրության, վերապահված է Ազգային ժողովին։ Դիմողի գնահատմամբ նման կարգավորումը վերացնում է անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը, վերարտադրելով Սահմանադրության մի շարք դրույթներ, ըստ էության միայն նշում է, որ տուժողին վերապահվել են Ազգային ժողովի և դատարանի լիազորություններ, և համաներման կիրառման կամ չկիրառման հարցն առկախվում է բացառապես տուժողի կամքից, որի արտահայտման համար սահմանված չէ որևէ օբյեկտիվ չափանիշ խախտելով անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։ Նշվածի հիման վրա դիմողը բարձրացնում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի և նշված օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների հակասահմանադրականության և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։ Ընդ որում դիմումում վկայակոչվում են նաև մի շարք սահմանադրական նորմեր, մասնավորապես, Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 117-րդ, 162-րդ հոդվածները, որոնք նույնիսկ ներառված չեն Սահմանադրության 2-րդ գլխում, մինչդեռ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է, ի թիվս այլնի, հիմնավորի իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման փաստը։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

6 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել