ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 դեկտեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 8 | ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6 դեկտեմբերի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Վլադիմիր Մկրտչյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. Վլադիմիր Մկրտչյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ», «դ» և «ե» կետերը ճանաչել Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 8-րդ, 60-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Դիմողի կարծիքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս բավարար չափով չի սահմանում այն կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար, իսկ այդ իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցներն անհրաժեշտ և պիտանի չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ անձի սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված նպատակին հասնելու համար առկա են առավել բարենպաստ միջոցներ օրենքով նախատեսված յուրաքանչյուր պարտականության կատարումն ապահովելու համար: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմով նախատեսված սահմանափակումները համարժեք չեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը, և ի վերջո, հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս վիճարկվող դրույթը չի սահմանել սահմանափակումների հիմքերը և ծավալը, դրանք բավարար չափով որոշակի չեն, որի արդյունքում էլ այդ իրավունքները և ազատությունները կրողները և հասցեատերերն ի վիճակի չեն դրսևորել համապատասխան վարքագիծ: 2.1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և «ե» կետերի առնչությամբ դիմողը նշում է, որ այդ դրույթները բավարար չափով որոշակի չեն, քանի որ հնարավոր չէ որոշել, թե բարենպաստ վարչական ակտի հասցեատերն ի՛նչ ծավալով, ի՛նչ չափով կամ ի՛նչ աստիճանի պետք է օգտված լինի վարչական ակտով իրեն տրված իրավունքից, որպեսզի այդ հանգամանքը համարվի որպես ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտով իրեն տրված իրավունքի իրացում, և բարենպաստ վարչական ակտի հասցեատերը հնարավորություն չունի որոշելու, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորի, որպեսզի այն համապատասխանի օրենքի պահանջին:
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, Վարչական դատարանի 2017 թվականի հունիսի 27-ի վճռի և Վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի հունիսի 14-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով անհատական դիմումին առաջադրվող պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ կայացված դատական ակտով կիրառվել է նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ դրույթի մասով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման: 3.2. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «ե» կետերի առնչությամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ դրույթների մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքեր, մասնավորապես դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմումն ակնհայտ անհիմն չէ,
դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Վլադիմիր Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի մասով, մերժել:
2. «Վլադիմիր Մկրտչյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «ե» կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
6 դեկտեմբերի 2018 թվականի
ՍԴԴԿՈ-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 դեկտեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
