Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1430 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 14 | ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 մարտի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Հայկ Մամիջանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հայկ Մամիջանյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մարտի 14-ին)` խնդրելով. «1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

2) Նախորդ կետում նշված խնդրանքը բավարարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սահմանել, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0753/11/21 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին։ Մեջբերելով Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ Դիմողը գտնում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ինքնին հանգեցնում է վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, իսկ խափանման միջոցի կիրառումից անմիջապես հետո դրանից բխող վարույթն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա գործողությունների արդյունքում գործնականում սահմանափակվում է նաև այդ իրավունքի իրականացման փաստացի հնարավորությունը։ Դիմողի կարծիքով` անձը, որի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, որն, իր կարծիքով, ապօրինի է, և ոչ իրավաչափորեն սահմանափակվում է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, իրավունք ունի դիմելու դատարան խնդրելով պարզել այդ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը, իսկ դատարանի պարտականությունն է քննել համապատասխան բողոքը և այն հիմնավոր համարելու դեպքում որոշում կայացնել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 գործով կայացրած որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումները, նշում է, որ Վճռաբեկ դատարանը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի դիտարկում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա գտնելով, որ այդ խափանման միջոցի կիրառմամբ ինքնին չի սահմանափակվում անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Մինչդեռ, ըստ Դիմողի նման եզրահանգումը հակասում է ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներին։ Ամփոփելով, Դիմողը եզրահանգում է, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ և, ըստ այդմ, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենքների և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով օժտված լինելը, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է դիտարկվում միայն այն պարագայում, երբ մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը երկիրը կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին»։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը նկատի ունենալով, որ

ա) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

բ) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

- դիմողը հանդիսացել է դատարաններում դատավարության մասնակից,

- դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

- դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

գ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

դ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

ե) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

զ) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

է) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

30 մարտի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել