Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-579 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 57 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումն առձեռն եղանակով Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 29-ին:

Դիմողը 2024 թվականի մարտի 25-ին որոշել է (թիվ ԱՎԴ1/0049/01/21 քրեական գործով դատավճռի դեմ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշում).

«1. Թիվ ԱՎԴ1/0049/01/21 գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճռի դեմ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը կասեցնել՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»:

2․ Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՎԴ1/0049/01/21 քրեական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով Սահմանադրության 6, 61, 71 և 79-րդ հոդվածները, Քրեական օրենսգրքի 53, 69 և 74-րդ հոդվածների վերաբերելի իրավադրույթները, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները, նշել է.

«Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործող դրույթների կիրառման արդյունքում տեղի է ունենում դատապարտյալի կողմից նախկին դատավճռով պատժի կրած մասի կրկնակի հաշվակցում, ինչի արդյունքում հանցանք կատարած անձի վիճակն անարդարացիորեն բարելավվում է: Այս համատեքստում հատկանշական է, որ հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելու հարցում օրենսդրի կամքն ըստ էության ուղղված չի եղել օրենքի մեղմացմանը, այլ կերպ՝ օրենքի մեղմացում տեղի չի ունեցել: Հետևաբար, դատարանը, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելով, Սահմանադրությամբ և քրեական օրենքով իրավասու և լիազորված չէ մեղադրյալի նկատմամբ կիրառել նշանակված վերջնական պատժից և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն պատժի ժամկետից ավելի մեղմ պատիժ:

Այդպիսով ստեղծվում է իրավական անորոշություն ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հատուկ կանոնի և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների կիրառելիության հարցում, ինչպես նաև վտանգվում է տուժողի կարգավիճակ ունեցողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի իրավակարգավորումը վերլուծելով դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության որոշակիության, օրինականության, մեղքի և պատժի համաչափության սահմանադրական սկզբունքների արդյունավետ իրականացման ապահովման տեսանկյունից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով ամրագրված դրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 71-րդ, 79-րդ հոդվածների պահանջներին»:

3. Ուսումնասիրելով դիմումը և թիվ ԱՎԴ/0049/01/21 քրեական գործի նյութերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ սույն գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Հաշվի առնելով Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը՝ Սահմանադրական օրենքով կարգավորվում են դիմողներից յուրաքանչյուրին ներկայացվող պահանջները, որոնք բավարարելու պարագայում տվյալ սուբյեկտը կարող է հանդիսանալ պատշաճ դիմող:

Ըստ այդմ՝ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանները (...) վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի (…) որոշմամբ:

Մեջբերված իրավադրույթներից հետևում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության կարգով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեն դատարանները, որոնք դիմումը պետք է ներկայացնեն գործի վարույթը կասեցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Այլ կերպ՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պահանջներին համապատասխանող որոշում կայացնելուց հետո համապատասխան դատարանը (դատավորը) պետք է այդ որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում այն փոստային եղանակով կամ առձեռն հանձնի Սահմանադրական դատարանին: Նշյալ ժամկետը չպահպանելու դեպքում դատարանը (դատավորը) կկորցնի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտի կարգավիճակը:

Տվյալ պարագայում Դիմողի կողմից թիվ ԱՎԴ1/0049/01/21 քրեական գործով դատավճռի դեմ մեղադրող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 2024 թվականի մարտի 25-ին կայացվել է որոշում, որով գործի վարույթը կասեցվել է՝ Սահմանադրական դատարան դիմելու հիմքով: Մինչդեռ դիմումն առձեռն Դիմողի կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել նշյալ որոշումը կայացվելուց հետո՝ չորրորդ օրը: Այսինքն՝ Դիմողի կողմից խախտվել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված պահանջը, որի հետևանքով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ Դիմողը չի պահպանել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետային պահանջը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

9 ապրիլի 2024 թվականի

ՍԴԱՈ-57

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-57
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել